Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Մեղավոր էինք, որ Րաֆֆիին չասացինք՝ ցուցակում առաջ անցնողները մեզնից լավը չեն»

Սեպտեմբեր 27,2015 11:36

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ստեփան Սաֆարյանը, մի առիթով հետադարձ հայացք նետելով իր մասնագիտական գործունեության անցյալ փուլին, կարծիք հայտնեց, թե իրեն ավելի հարմարավետ էր զգում խորհրդարանում, քան ավագանիում:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ա՞յժմ էլ, «Ժառանգություն» խմբակցության ներկայիս դիմագծի պարագայու՞մ էլ կցանկանար աշխատել այդ խմբակցությունում, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Մենք թիմային աշխատանք էինք տանում: Բայց թիմի բացասականն այն է, որ քո ազատությունը ստիպված ես զոհաբերել, գնալ կոմպրոմիսների, բայց երբ տեսնում ես, որ թիմի աշխատանքն ավելի մեծ է, հասկանում ես, որ քո ազատության սահմանափակումն իմաստ ունեցել է, այլ բան է, երբ արդյունք չես տեսնում»:

Նախկին ժառանգականը նկատեց, թե «Ժառանգություն» խմբակցությունն այժմ շատ աննախանձելի ու ափսոսալի հանգրվանի  է հասել: Եվ ընդհանրապես, ըստ պարոն Սաֆարյանի՝ ներկայիս խորհրդարանում ավելի շատ են պոպուլիստները, քան նախկինում: Նա անուններ թվարկեց նաև այլ խմբակցություններից, օրինակ՝ ՀՅԴ-ից Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, ԲՀԿ-ից Վարդան Բոստանջյանը, ում հետ արդյունավետ աշխատում էին: Իսկ այժմ, թեև ընդդիմադիր կարգավիճակով պատգամավորներն ավելի մեծ թիվ են կազմում խորհրդարանում, բայց պոպուլիզմն այս կառույցում լայն տարածում ունի:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ «Ժառանգության» այսպիսի ճակատագրի արժանանալու պատճառը նաև իրենց մեղքով է: Այս առիթով Ստեփան Սաֆարյանն անկեղծացավ. «Առաջնային պատասխանատվությունը կարող ենք ասել Րաֆֆի Հովհաննիսյանինն է, քանի որ դաշինքի ուրվագծին ինքը հավանություն տվեց: Բայց նաև մենք մեր մեղավորությունն ունեինք, չասացինք, թե հաստատ մեզնից լավը չեն լինի այն մարդիկ, ովքեր առաջ անցան: Դա կոլեկտիվ չասացինք, բայց տարբեր կերպ ասացինք, որ կասկածներ ունենք դաշինքի հետ կապված: Այդ պահին մենք տեղի տվեցինք ցուցակի համար, բայց մեղավոր էինք, որ չխոսեինք դրա մասին շատ ավելի միահամուռ: Ու հիմա, երբ տեսնում ենք արդյունքը, մի կողմից «Ազատ դեմոկրատներն» ինչ արեցին, մյուս կողմից՝ մյուսները, սիրտներս ցավում է, որ մեր՝ տարիների ստեղծածը մի վայրկյանում փոշիացրին: Ու դա այդ պահին քեզ ստիպում է մտածել, թե ինչ չես արել այդ ամենը կանխելու համար: Մեր շրջապատն էլ, ինչքան էլ չի ողջունել Րաֆֆիի որոշումը, միշտ մեզ ասել է, թե դուք եք մեղավոր, որ դա հնարավոր դարձավ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930