Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր 25-ամյակը նշում է նաեւ մարզական միջոցառումներով, որի շրջանակներում անցկացվեց «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ կազմակերպվող ԶԼՄ-ների միջեւ ավանդական մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի մրցաշարը:
«Հայաստան» մարզական ՀԿ սեղանի թենիսի մարզադահլիճում պայքարեցին շուրջ 20 լրատվամիջոցների ավելի քան 40 աշխատակիցներ: Մոտ երեք ժամ տեւած պայքարում հայտնի դարձան հաղթողներն ու մրցանակակիրները: Ընդորում, կազմակերպիչներն այս մարզական խաղերում պարգեւատրում են տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում 1-ից 4-րդ տեղերն զբաղեցրած լրագրողներին:
Կանանց պայքարում լավագույն քառյակն ըստ հաջորդականության կազմեցին Մարինե Կարապետյանը, Անահիտ Ակմակջյանը, Սոնա Ղուկասյանը, Լիլիթ Գալստյանը: Տղամարդկանց մեջ մրցանակակիրները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. Սամվել Ջինանյան, Աշոտ Հակոբյան, Դավիթ Հակոբյան, Վիգեն Կիրակոսյան: Բոլոր մրցանակակիրները պարգեւատրվեցին ՀԱՕԿ-ի դրամական մրցանակներով եւ «Առավոտ» օրաթերթի պատվոգրերով:
Կարդացեք նաև
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը եւ ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ Գոհար Խանզրատյանը, որոնք իրականացրին մրցավարությունը, գոհունակություն հայտնեցին, որ սեղանի թենիսն ընդգրկված է ԶԼՄ-ների միջեւ մարզական խաղերի ծրագրում, ինչը յուրովի նպաստում է մարզաձեւի տարածմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ