«Շամալին» թեթեւ բիսկվիթային խմոր է՝ քաղցր օշարակով ներծծված, ընդ որում՝ խմորի մեջ ձու չկա, եւ դրանով իսկ շատ հարմար է հատկապես խոլեստերինի ավելցուկով տառապողների համար: Ալյուրի փոխարեն «Շամալիի» մեջ օգտագործվում է սպիտակաձավար, ինչի շնորհիվ խմորը շատ հետաքրքիր տեքստուրա ունի:
Անհրաժեշտ մթերքները
Խմորի համար
Կարագ- 100 գրամ
շաքարավազ – 100 գրամ
մածուն- 0,5լիտր (ես սովորաբար վերցնում եմ 300 գրամ մածուն + 1 խոշոր նարնջի կամ թուրինջի թարմ քամած հյութ)
սոդա- 1 թեյի գդալ
մանրաձավար (манная крупа)- 500 գրամ
վանիլի մզվածք – 1 ճաշի գդալ (կամ փոշի վանիլ` 1 տուփ)
Կարդացեք նաև
Օշարակի համար
Ջուր- 2 բաժակ
Շաքարավազ- 700 գրամ
Կիտրոնի հյութ- 2 ճաշի գդալ (դրա փոխարեն ես օշարակի մեջ եմ գցում այն նարինջը կամ թուրինջը, որի հյութը քամել եմ խմորի մեջ)
Պատրաստման եղանակը
Կարագն ու շաքարավազը հարեք:
Ավելացրեք մածունը, քամեք մեջը նարնջի (թուրինջի, կիտրոնի) հյութը, սոդան, ապա՝ սպիտակաձավարը: Լցրեք ջեռոցի թավայի մեջ եւ դրեք նախապես 190 աստիճան տաքացված ջեռոցը: Կարող եք խմորի վրա մանրած նուշ ավելացնել, գեղեցիկ է ստացվում:
Մինչեւ խմորը կպատրաստվի, փոքրիկ կաթսայի մեջ լցրեք օշարակի համար նախատեսված մթերքները՝ շաքարավազը, ջուրը եւ ցիտրուսի կեղեւը, լավ խառնեք եւ թողեք եփվի 10-15 րոպե, ապա անջատեք եւ թողեք սառչի:
Հենց խմորը պատրաստ լինի (վրան մի թեթեւ ոսկեգունի, եւ փայտիկը մեջը մտցնելուց չոր դուրս գա), հանեք, տաք-տաք վիճակում կտրատեք եւ վրան անմիջապես լցրեք օշարակը: Ձեզ այն չափից դուրս շատ կթվա, բայց չմտածեք, խմորը գրեթե ամբողջությամբ այն կքաշի: Ամեն դեպքում, օշարակը լցնելու պահին պետք է ամբողջությամբ ծածկի խմորը եւ դեռ մի մատ էլ բարձր լինի: Եթե դրանից ավելի շատ է ստացվել, ապա կարող եք լցնել որեւէ սոուսամանի մեջ եւ մատուցել առանձին:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
26.09.2015