Լրահոս
Օրվա լրահոսը

 Պատերազմը չէր էլ ավարտվել

Սեպտեմբեր 26,2015 22:57

«Պատերազմը վերսկսվեց», «Սա արդեն պատերազմ է», «Նորից պատերազմ»՝ այս վերնագրերն ենք վերջին օրերին կարդում հայաստանյան լրատվամիջոցներում։ Դրանք ճշգրիտ չեն։ Պատերազմը, որը սկսվել էր խորհրդային կայսրության փլուզմանը զուգահեռ, ոչ մի պահ չէր ավարտվել, որ հիմա էլ ասենք՝ «վերսկսվել է» կամ «վերսկսվում է»։ Մարտական գործողություններն ունեցել են ակտիվ եւ պասիվ փուլեր, վերջին շրջանում դրանք ավելի ու ավելի ակտիվ են դառնում եւ, իմ կարծիքով, այդ ակտիվացման աճի դինամիկան պահպանվելու է։

Դա չի նշանակում, որ մենք, բացի  պատերազմից, ոչ մի բանի մասին չպիտի խոսենք կան մտածենք: Քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային խնդիրներն այսօր առաջվա պես արդիական են։ Լրատվամիջոցները պետք է շարունակեն ազատ գործել՝ ես կտրականապես դեմ եմ պատերազմի պատրվակով որեւէ մեկին սահմանափակելուն: Այո, կան մարդիկ, որոնք  իրենց խմբի քաղաքական շահերից ելնելով, հենց պատերազմի թեմայով զբաղված են ֆանտաստիկ «աշխարհաքաղաքական» իմպրովիզներով։ Բայց նրանք պետք է ունենան այդ հնարավորությունը։

Քաղաքական կյանքը պիտի շարունակվի իր բնականոն հունով, ընդդիմությունը կազմակերպի իր հանրահավաքները իշխանափոխության ավանդական պահանջով, խորհրդարանում պիտի հնչեն «ջախջախիչ» ելույթներ, մամուլի ակումբերում կուսակցականները պիտի շարունակեն իրենց բանավեճերը։ Թատրոններն ու համերգասրահները պիտի ապրեն իրենց սովորական կյանքով։ Մարդիկ պետք է ծիծաղեն, ժպտան, կատակեն։

Այդքանով հանդերձ պարզապես հաշվի առնենք, որ մենք ապրում ենք շարունակվող պատերազմի պայմաններում, եւ այդ վիճակը դեռ շարունակվելու է երկար տարիներ։ Թող ամեն մեկն ինքը որոշի, թե ինչով է կարող նպաստել իր երկրի անվտանգությանը։ Իսկ եթե որեւէ մեկը կարծում է, որ այդ առումով անելիք չունի, դա էլ է դիրքորոշում։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Երբ որ երկիր մը պատերազմի մէջ է – եւ իրոք այդ է Հայաստանի վիճակը-, ներքին քաղաքականութեան գետնի վրայ, հիմնական երեք այլընտրանքներ կան՝

    ա. համախմբուիլ կառավարութեան շուրջ/զօրավիգ կանգնիլ անոր
    կամ
    բ. լռել
    կամ
    գ. զուսպ, խոհուն եւ պատասխանատու կերպով հակադրուիլ կառավարութեան

    Միակ շեղումը որ մենք ունենք – այդ ել սակայն՝ ծայրագոյն չափով -, վերաբերում է գ. կէտին:

    Երբ որ կարգ մը հայեր, լիովին անզուսպ, ծայրահեղ ու անսանձ կերպով, շարունակ ու տեւապէս իրենց բացարձակ ատելութիւնը կը յայտնեն կառավարութեան նկատմամբ, անվերջ ու տեւապէս կը գոռան թէ ջլատելու, յեղաշրջելու, անհետացնելու են օրուայ իշխանութիւնները, այդ խօսքերի ու վարքագծի գինը անպայման վճարելու ենք՝ ռազմաճակատի վրայ: Բացայայտ բան է այս:

    Ուղղակի եւ անժխտելի կապ կայ՝ սահմանագծի մեռեալների եւ քաղաքական անկայունութեան միջեւ:

    «Որեւէ մեկին սահմանափակելու» խնդիր չէ այս: Այլ՝ յուսալու որ կարգ մը անձիք կը գիտնան իրենք զիրենք սահմանափակել: Ի սէր սահմանագծի զինուորներին եւ քաղաքացիներին:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://www.shoushisummercamp.org/

  2. Աշոտ says:

    հիշում եմ, լիբեռաստները 91-94թթ էլ ապրում էին իրենց սովորական կյանքով- ապականելով զինվորի ու խաղաղ բնակչության կյանքը;

  3. Ruben says:

    Պատերազմը, որը սկսվել էր ռուսական կայսրության (Ցարական Ռուսաստանի) փլուզմանը զուգահեռ, ոչ մի պահ չէր ավարտվել, որ հիմա էլ ասենք՝ «վերսկսվել է» կամ «վերսկսվում է»:
    Կամ էլ՝
    Պատերազմը, որը սկսվել էր Օսմանյան կայսրության փլուզմանը զուգահեռ, ոչ մի պահ չէր ավարտվել, որ հիմա էլ ասենք՝ «վերսկսվել է» կամ «վերսկսվում է»:
    Հետո՝ Խորհրդային Միություն/կայսրություն:
    Նորից՝ Պատերազմը, որը սկսվել էր խորհրդային կայսրության փլուզմանը զուգահեռ։
    Հետո նորից՝ Եվրասիական միություն/կայսրություն:
    Նորից՝ Պատերազմը, որը սկսվել էր Եվրասիական միության/կայսրության փլուզմանը զուգահեռ։
    Դարձյալ Վրացյաններ/Грузиновы, Лева Петровы ու Սերժ Սարգսյաններ/ Саркисовы…
    Ե՞տքը…

  4. Տիգրան says:

    Պատերազմը չէ՞ր էլ ավարտվել, ե՞րբ չէր ավարտվել: Թե չի՛ էլ ավարտվել: Սա քերականական սխա՞լ է, թե՞ երեւույթի ժամանակային այսպիսի ընլալում: Կբացատրե՞ք:

  5. Տիգրան says:

    Մարդիկ պետք է ծիծաղեն, ժպտան, կատակեն։

    Հա, բա ո՞նց: Թող էն անմեղ էրեխեքը զոհվեն, իսկ դուք տժժացեք: Իսկ նրանք զոհվում են միմիայն այն պատճառով, որ բախտ են ունեցել ծնվելու որպես ՀՀ քաղաքացի, տղա են ու ըստ օրենքի 2 տարի պետք է ծառայեն բանակում: Զոհվեն, որ դուք էլ ծիծաղեք, ժպտաք, կատակեք։ Սենց պատերազմ չի լինում, միայն 18-20 տարեկան տղաների համար: Այն կամ բոլորի համար է, կամ այն անձանց, ովքեր ուզում են ծիծաղեն, ժպտան, կատակեն։ Ուրեմն դուք էլ պատերազմեք:

  6. Հրանտ Պապիկյան says:

    Այսինքն ասում եք պղտոր ջրում ջրում ձուկ բռնելը նորմալ ՛՛եվրոպական արժեք՛՛ է հա՞, հայրենիքի պաշտպանության վրա թքած ունենալն էլ դիրքորքշու՞մ է…
    Էն դավաճան Վահանն էլ ա երևի այսպիսի հոդվածներ կարդացել, ոգևորվել ա, ասել ա՝ ի՞նչ ա եղել որ, մի հատ ՛՛աշխահաքաղաքական՛՛ իմպրովիզ էլ մենք անենք… ազատություն ա…

  7. Garegin says:

    Համամիտ եմ, որ պատերազմը չի էլ ավարտվել, սակայն չեմ ընդունում, որ մենք անվերջ մեր անհաջողությունների պատճառները այլոց մեջ ենք փնտրում: 90-ականների սկիզբը մեր ազգին տվեց գրեթե ամեն ինչ, սակայն չսովորեցրեց ոչինչ` սահմանամերձ մարզերում, մասնավորապես Տավուշում բոլոր պաշտոններին, սկսած մարզպետից նշանակում են վճարունակ մարդիկ, ովքեր մեր ազգի օրհասական պահերն օգտագործել են ֆինանսական և նյութական միջոցներ դիզելու համար: Իմ կարծիքով, պետք է որ սահմանամերձ մարզի յուրաքանչյուր պաշտոնյա ի վիճակի լինի և պատրաստ, իր կոլեկտիվը գլխավորելով մարտական խնդիր կատարել, ավելին, նրան պետք է պետական մակարդակով պատրաստեն անհրաժեշտության դեպքում նմանատիպ խնդիրներ կատարելու համար:
    Բազմաթիվ պաշտոնաթող սպաներ ստիպված են մեկնել արտագնա աշխատանքների, այն դեպքում, երբ նրանք կարող են մարզի հիմնարկներում, համայնքներում, մարզպետարանում և այլն, աշխատանքի ընդունվել ու զբաղվել այսօրվա խնդիրներով: Պետք չէ Ղարաբաղից կամ այլ տեղից ավտոբուսներով գալ Տավուշ, մերոնք պակաս հերոսներ չեն և հաստատ մեր տարածքների համար առավել արդյունավետ ու նվիրումով կկռվեն, պարզապես վերաբերմունք է պետք և մի քիչ արդարություն:
    Թեման շատ ժավալուն է, իսկ ասելիքներն ու անելիքներ շատ, սակայն առկա խնդրներին լուծումներ տվողները, ցավոք այլ գործորով են զբաղված:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930