Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Ստամբուլի «Մարալ» երգի-պարի համույթի 35-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգ

Սեպտեմբեր 26,2015 22:43

Սեպտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական մշակութային փառատոնի «Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Ստամբուլի  Եսայան սանուց միության «Մարալ» երգի-պարի համույթի 35-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:

Ծրագրում ներկայացված էին ազգագրական, ռազմական, ինչպես նաև հարսանեկան պարեր և տարբեր գավառների պարանմուշներ, որոնք բեմադրել է խմբի գեղարվեստական ղեկավար Կարպիս Չափքանը:

Բացման խոսքով հանդես եկավ Եսայան սանուց միության ատենապետուհի Մարիամ Տրամերյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը՝ «Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր» ծրագիրը Հայաստանում  իրականացնելու համար, մասնավորապես նշեց. «Պոլսից ձեզ ենք փոխանցում ողջ հայության անսահման սերն ու կարոտը: «Մարալ» երգի-պարի համույթը իր հիմնադրման 35-ամյակը Պոլսում փառահեղ կերպով նշելուց հետո Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով և Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր Երևանում ևս տոնում է իր հոբելյանը, որի համար հայտնում ենք  մեր անսահման երախտագիտությունը: Պոլսահայությունը 100 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքից հետո աշխարհասփյուռ դարձավ, իսկ մյուս հատվածը շարունակում է մաքառել հայկական մշակույթի, հայ ինքնության պահպանման համար»: Նա նշեց նաև, որ Պոլսի պատրիարքարանի շուրջ համախմբված պոլսահայերը  վերականգնել են իրենց ազգային կառույցները՝ հոգևոր և մշակութային հաստատությունները՝ պահպանելով իրենց մայրենի լեզուն և ազգային դիմագիծը:

Համերգի ավարտին ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով.«Ուրախ եմ, որ Եսայան սանուց միության «Մարալ» երգի-պարի համույթն արդեն 35 տարեկան է, և սիրով շնորհավորում եմ այս գեղեցիկ իրադարձության առթիվ: Անգնահատելի է «Մարալ» համույթի դերը հայկական մշակույթի և ազգային ինքնության պահպանման, ազգի միավորման ու համախմբման գործում: Ուստի՝ իմ երախտիքի խոսքն եմ ուղղում համույթի բոլոր նվիրյալներին, մասնավորապես  Կարպիս և Իրիս Չափքաններին հայանպաստ ու ազգանվեր գործունեության, հայ մշակույթի պահպանման ու տարածման վեհ գործին անմնացորդ ծառայելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորելով համույթին 35 ամյակի առթիվ՝ մաղթում եմ նորանոր բեմեր, ջերմ ու տաք հանդիսատես և ստեղծագործական բեղուն ուղի»:

Հայ մշակույթի պահպանման, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար նախարարը «Մարալ» երգի-պարի համույթին  պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Համերգի ավարտին  Եսայան սանուց միության ատենապետուհի Մարիամ Տրամերյանը համույթի ողջ անձնակազմի կողմից, ի նշան երախտագիտության, հուշանվեր հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

Ստամբուլի  «Մարալ» երգի-պարի համույթը հիմնադրվել է 1980թ. Բենոն Կուզաբաշի և նրա ընկերների կողմից: Համույթի գործունեության  հիմնական նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, պարերը, երգ-երաժշտությունը:

1992 թվականից պարուսույցի պաշտոնը ստանձնել են 1980-ականների «Մարալի» պարողներ Կարպիս-Իրիս Չափքան ամուսինները:

Ներկաումս «Մարալ» համույթն ունի 6-14 տարեկան երեխաների 90  հոգանոց մանկական խումբ, 16-33 տարեկան 50 պարողներից կազմված պարախումբ:

2010թ. «Մարալ» պարախումբը Կ.Պոլսի Հայոց Պատրիարքարանի հրավերով եղել է Վանում և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից հետո համերգ է տվել Վանի կենտրոնական մարզասրահում:

Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930