Սեպտեմբերի 25-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացան հերթական հասարակական լսումները՝ «Հայաստանի քաղաքական-տնտեսական մեկուսացումը եւ դրա հետեւանքները» թեմայով: Դրան մասնակցում էին Երեւանի, Նոյեմբերյանի, Բաքվի, Ղազախի, Մառնեուլիի բնակիչներ: Լսումների ավարտին մասնակիցները քվեարկեցին «Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանի անվտանգության ռի՞սկ է» հարցի վերաբերյալ : Լսումների մասնակիցներից 26-ը հարցմանը կողմ քվեարկեցին, 2-ը՝ ձեռնպահ, դեմ՝ ոչ ոք:
Թեմայի վերաբերյալ 4 զեկուցողներից մեկին՝ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը իր նավթն ու գազը վաճառում է Արեւմուտքին,Եվրոպային, դրանով համալրում պետական բյուջեն, սակայն արտաքին քաղաքականությամբ Ռուսաստանի հետ է մերձեցել, եվրոպական կազմակերպություններն Ադրբեջանին քննադատող որոշումներ են ընդունում:
Ալիզադեն ասաց. «Վենեսուելայում ձախ ռեժիմ է, առաջ Ուգո Չավեսն էր, հիմա Նիկոլա Մարդուրոն, որոնք մշտապես սպառնում են Ամերիկային: Այնուամենայնիվ, Վենեսուելայի նավթի 90 տոկոսը վաճառվում է ԱՄՆ-ին: Ինչպես ասում են՝ կոտլետն առանձին, ճանճերն առանձին: Բիզնեսը, նավթն ու գազը դեպի Արեւմուտք, դոլարն՝ այնտեղից Ադրբեջան, դա նորմալ է, իսկ ահա մարդու իրավունքները վտանգավոր է: Ադրբեջանում իշխանության բնույթն այնպիսին է, որ եվրոպական արժեքներ, անկախ դատարան, օրենքի գերակայություն թույլատրելը էլիտայի համար մահվան է հավասար է: Դա նշանակում է,որ ցանկացած շարքային քաղաքացի կասի՝ որտեղի՞ց են դոլարները, ինչո՞ւ եք գողացել, որտեղից են այդ վիլլաները:
Մեզ մոտ, Բաքվում վերջերս բացեցին «Ռոյլս-Ռոյլս» ֆիրմայի ներկայացուցչությունը : Այդ ֆիրմայի ղեկավարն անձամբ, դեմքով ճանաչում է իր բոլոր գնորդներին, նրանց սովորույթները: Ամեն մի գնորդ նստում է ֆիրմայի ղեկավարների, դիզայներների, նկարիչների հետ, քննարկում է մեքենայի ինտերյերը, գույնը, յուրաքանչյուր դետալ: Նրանք յուրաքանչյուր մեքենա ձեռքով են հավաքում, այն արժե 560 հազար եվրո: Ահա այդ ֆիրման Բաքվում խանութ էր բացել, ցուցադրության համար բերել էին 3 նմուշ: Խանութի բացումից կես ժամ անց բոլոր 3 մեքենաները վաճառվել էին, երկու հոգի էլ քայլում էին փողի մեծ տրցակով, իրենք էլ ցանկանում էին մեքենա գնել:
Կարդացեք նաև
Թերթում հայտարարություն կար՝ Հեյդար Ալիեւի անվան մարզադաշտից ոչ հեռու վաճառվում է վիլլա 15 միլիոն դոլար արժողությամբ, ոչ մեկը չի հարցնում՝ որտեղի՞ց են այդ փողերը : Այդ պատճառով մեր հարգարժան նախագահը ուսումնական տարվա մեկնարկին ելույթ է ունենում Բաքվի 148-րդ դպրոցում , 7-9 –րդ դասարանցիների առաջ եւ ասում՝ ի՞նչ են նշանակում եվրոպական արժեքները՝ ֆաշիզմ, ռասիզմ, բիզնես, մեզ նման եվրոպական արժեքները պետք չեն»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ