Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը մտահոգություն է հայտնում, թե Երևանի ավագանու ընդհանուր մոդելը ի սկզբանե առաջընթացային է եղել, բայց բոլոր ինստիտուտները «խուզել են», ու դրա համար հիմա մի տեսակ իրենք մեղավոր են դառնում, որ չեն կարողանում շատ խնդիրների մասին խոսել ու դրանց լուծում տալ: Աղվերանում այսօր մեկնարկած Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Տեղական ինքնակառավարման ոլորտում ներկայիս զարգացումները և դրանց լուսաբանումը թեմայով սեմինարին այս համատեքստում պարոն Սաֆարյանը հիշեցրեց այն, որ թեև Երևանի քաղաքապետը գտնվում է ավագանու վերահսկողության տակ, բայց մի կարևոր ոլորտում՝ հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում քաղաքապետի գործունեությունում պայմանագրերի կնքումը ավագանու կանոնակարգի հաստատումից հետո դուրս է մնացել ավագանու վերահսկողությունից: Դառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությանը՝ պարոն Սաֆարյանը կես կատակ կես լուրջ ասաց. «Հենց պետք է լինում, Տարոն Մարգարյանն ասում է՝ ես ավագանի եմ, հենց պետք է լինում, ասում է՝ ես քաղաքապետ եմ»:
Թեև պարոն Սաֆարյանը ավագանու գործառույթները «խուզելու» մասին նշեց, սակայն մյուս կողմից նկատեց, որ ավագանին բավականին հարցերի լուծումներ է տվել և որպես օրինակ՝ նշեց, որ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մի քանի հարյուր անգամ ավելի շատ նամակներ է գրել ու ստացել և տարբեր խնդիրների լուծում տվել, քան ավագանու բոլոր խմբակցությունները միասին»:
Ավագանու խոհանոցին ևս անդրադարձ կատարվեց: Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց. «Ավագանու ներսում թաղի տղերքի հետ ավելի հեշտ է հարաբերվել ու բան բացատրել, քան ՀՀԿ-ական ինտելեկտուալ անդամների: Օրինակ՝ Լևոն Իգիթյանն անընդհատ ասում է՝ շուտ արեք, պրծեք»: Հարցին՝ ինչպե՞ս է ավագանին վերաբերվում Երևանի օրվա տոնակատարության բյուջեն սահմանամերձ բնակավայրերից մեկին տրամադրելու գաղափարին, կամ այն խնդրին, որ նման թանկարժեք կոնյակներ չգնվեն ու այլ շռայլություններ թույլ չտրվեն, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ավագանու ՀՀԿ-ական անդամներն իրենց թույլ չեն տա նման խնդիրներ բարձրացնել, նկատողություն կստանան: Օրինակ՝ Հայկ Դեմոյանի համար մեծ խնդիր դարձավ այն, որ խոսեց Միկոյանի արձանի տեղադրմանը դեմ: Եթե անգամ ավագանու անդամ ՀՀԿ-ականներից լինեն մարդիկ, որոնք չկիսեն տվյալ որոշումը, միևնույն է, իրենք կաշկանդված են: Մենք ենք նրանց հաճախ հիշեցնում, որ ավագանին բարձրագույն մարմինն է , որ հանկարծ չմտածեն, որ երևանի քաղաքապետից այն կողմ մարդ չկա: Բայց միևնույն է, նրանք այդ մտայնությունից չեն կարողանում ետ կանգնել»: Պարոն Սաֆարյանը, այնուամենայնիվ, հույս ունի, որ գոնե այս անգամ Երևանի օրվա տոնակատարությունների հետ կապված ի վերջո վերջ կտանք այդ տաշի տուշիներին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև