«Ժողովուրդը 5000 դրամն ավելի արժեքավոր է համարում, քան ընդդիմադիրներին քվե տալը: Հետեւաբար իշխանություններին փոխելու համար նախեւառաջ պետք է փոխել այն ընդդիմությանը, որը չի կարողանում փոխել իշխանությանը: Մեր երկրին անհրաժեշտ են նոր սերնդի քաղաքական ուժեր: Հին սերնդի քաղաքական ուժերը, որոնք 10 կուսակցություն են փոխել, 20 անգամ նախարար ու վարչապետ են աշխատել՝ այս երկիրը կարգի բերելու հետ կապ չունեն»- այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի 3-րդ համագումարին կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն այսպիսի պահանջ ներկայացրեց:
Նա մեղադրեց հիմնադիր նախագահին եւ ՀԱԿ-ին՝ ԵՏՄ անդամակցությանը կողմ քվեարկելու համար. «Իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները ոչնչով չեն տարբերվում իշխանությունից: Ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը արտաքին քաղաքական կուրսի մասին ասաց, որ գոյություն չունի արտաքին եւ ներքին քաղաքական կուրսի տարբերություն, եւ 2014-ին իր ղեկավարած կուսակցությունը կողմ քվեարկեց ԵՏՄ-ին անդամակցությանը՝ ապացուցելով,որ իրենք ներքին քաղաքականության առումով համաձայն են ՀՀԿ-ի հետ»:
Ըստ նրա, ընդդիմությունն էլ քրեական հարթության մեջ է լուծում բոլոր հարցերը՝ չտարբերվելով իշխանությունից: Իշխանությունները օգտագործում են իրենց վարչական լծակները, իսկ ընդդիմադիրները սահմանափակվում են թեժ եղանակներ խոստանալով: Այդ ընթացքում ժողովրդական լայն զանգվածները հիասթափություն են ապրում:
Նարեկ Սամսոնյանն ասաց, որ այլընտրանք է պետք ժողովրդին, բայց ոչ այն այլընտրանքը, որը հայտնի բեմականացման ժամանակ մենք տեսնում էինք:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին, նա նշեց, որ դրա ոչ անցկացնելու, ոչ չանցկացնելու դեպքում ՀՀ քաղաքացին շահառու չէ: Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համար պետք է ունենալ կայացած կուսակցական համակարգ. «Տեսնում ենք ինչ է լինում, երբ մի կուսակցության 2 հոգին մյուս 3 հոգու հետ խնդիր են ունենում, միանգամից նոր կուսակցություն են ստեղծում՝ տարբեր անունով: Կուսակցությունը մտնում է խորհրդարան, խմբակցությունն ունենում է 5 պատգամավոր, որոնցից մեկն է միայն այդ կուսակցության անդամը: Այս կուսակցական համակարգով պատկերացրեք, ունենում ենք խորհրդարանական կառավարման համակարգ: Սա անհեթեթություն է: Հակառակ ճամբարն ասում է, որ սա արվում է իշխանությունների վերարտադրման համար: Սա ավելի քան մերկապարանոց փաստարկ է: Իշխանությունը միայն անձերը չեն, դա համակարգ է, որը ստեղծվել է 1995-ին, երբ կեղծվեց Սահմանադրության անցկացումը, 96-ին կեղծվեցին ընտրությունները»:
Նա քննադատեց ՀԱԿ-ին, որ ակնհայտ սխալի դեպքում չասացին՝ մենք էինք սխալ. «Ասացին՝ գիտեք, Ծառուկյանը լավն է եղել, Ծառուկյանին իշխանությունը փչացրեց: Իրենք սխալ չէին, այդտեղ էլ էին իրենք ճիշտ: Ինչքան էլ փորձեն իրենց անսխալականությունն առաջ տանեն, մարդկանց ասեն՝ դուք հաճախորդ եք, էս եք, էն եք, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու: Վաղ թե ուշ անունները կոչել են իրենց անուններով: Մենք ցույց կտանք, թե ինչպես պետք է դա անենք»:
ՀԿ անդամ Հովհաննես Գրիգորյանի խոսքերով՝ «Եթե դիտարկենք իշխանություններին, որպես բակտերիա, բակտերիային հաղթելու միակ միջոցը հակաբակտերիան է՝ անտիբիոտիկը: Այն պետք է լինի ընդդիմությունը, բայց այդ անտիբիոտիկը պետք է օգտագործել գրագետ ձեւով՝ ճիշտ ժամանակահատվածում՝ ճիշտ ժամերին, եթե չի արվում դա, իմունիտետ է ձեռք բերում բակտերիան»:
Ըստ նրա, Հայաստանում հիմա հենց այդպիսի վիճակ է, իշխանությունը բոլոր տեսակի ընդդիմության դեմ իմունիտետ է ձեռք բերել, բայց բժշկությունը ելք գտել է այդ վիճակից՝ կա բակտերիոֆագ, որը միակ փրկությունն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ