Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Մինասյան. «Առաջին տուրիստն աշխարհում Նոյն է, տուրօպերատորը՝ Աստված»

Սեպտեմբեր 26,2015 13:59

Սեպտեմբերի 27-ին Զբոսաշրջության համաշխարհային օրվա առիթով տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ ամենակարեւորն այն է, որ դրսից Հայաստան ավելի շատ մարդ գա, ապա, որ  Հայաստանի քաղաքացիները կարողանան Հայաստանում հանգստանան, իրենց առողջությունը կարգավորեն, որ ավելի մեծ գործեր անեն երկրում: «Տուրիզմը զբոսաշրջություն չէ՝ արդյունաբերություն է,  գործունեություն է»,-նշեց փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Մասնագետը նշեց, որ Հայաստանը պետք է լուրջ աշխատանք տանի Չինաստանի հետ. «Նրանք խմբակային այցելություններ են կազմակերպում. միլիոնների են հասնում նրանց այցելուները աշխարհի տարբեր երկրներ: Մենք ունենք նաեւ մեկ դոնոր երկիր՝ Պարսկաստանը, որը ոչ թե ինքնուրույն՝ ով ասես գա գնա, այլ կազմակերպված պետք է լինի, որ նախապես հանգստի էքսկուրսիաների փաթեթները վճարված լինեն տուրիստական կազմակերպություններին: Այդ դեպքում մենք կարող ենք հաշվարկել, թե պետությունը որքան գումար է ստացել դրանից»:

Պարոն Մինասյանը նշեց, որ տուրիզմը բիզնես է, եւ ցանկացած բիզնես հետապնդում է ֆինանսներ. «Մենք պետք է մեր գնահատականը տանք երկու կոմպոնենտների՝ մեկը որքան է տարեկան երկիրը գումար վաստակել՝ ավելացրել բյուջեն, եւ երկրորդը՝ որքան աշխատատեղեր են ստեղծվել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Պարոն Մինասյանը նշեց, որ տուրիզմը ոսկե անձրեւ է, որ թափվում է երկնքից, ուղղակի պետք է կարողանալ այդ անձրեւը հավաքել ձեռքերի մեջ. «Մեր երկրում հնարավոր չէ հավաքել. չունենք կադրային այնպիսի պաշար, մեծ քանակի մասնագետներ, եւ այսօր պետությունը պետք է շրջադարձ կատարի, թե ի՞նչ է կատարվում տուրիստական կադրերի պատրաստման որակի առումով: Այսօր շատ նպաստավոր պայմաններ են ստեղծված, որ ունենանք տուրիստներ»: Նա նշեց, որ պետք է քաջ գիտակցել, որ ժամանակներն ու պահանջները փոխվել են. «Տուրիստների պահանջը փոխվել է, եւ պետք է այդ պահանջներին համապատասխան ապրանք ստեղծենք, նոր մարդիկ պետք է ունենանք, որպեսզի սպասարկումը կազմակերպվի որակով»:

Նրա խոսքերով՝ մեր երկիրը Աստված ստեղծել է տուրիստի համար եւ բավարարել տուրիստի պահանջմունքները: «Առաջին տուրիստը աշխարհում այցելել է Հայաստան, իսկ առաջին տուրիստը ոչ մեկը չի ժխտում, որ եղել է Նոյը: Առաջին տուրօպերատորն էլ եղել է Աստված, եւ ո՞ւր է ուղարկել՝ Էքստրեմալ տուրիզմով ուղարկել է Արարատ լեռան գագաթը, եւ այնտեղից Նոյն իջել Է Հայաստան»,-նշեց Ռոբերտ Մինասյանը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930