Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի շքահամերգը

Սեպտեմբեր 26,2015 13:37

Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական մշակութային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի շքահամերգը, որին մասնակցեցին Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից  ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ:

«Հայրապետական մաղթանք» երգով փառատոնը բացեց Ստամբուլի «Լուսա­վորիչ» երգչախում­բը՝ գեղարվես­տական ղեկավար  Հակոբ Մամի­կոն­յանի խմբավարությամբ:

Հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները հայ և օտարազգի երաժիշտների կատարմամբ:7

Մեներգերով հանդես եկան Ֆրանկֆուրտից մեր հայրենակցուհի Սոնա Տալյանը ՝ «Յոթ երգ դաշնա­մու­­րի համար», Էստոնիայից Տամարա Բեզլուդովան՝ «Երկինքն ամպել ա», Արցախից Հակոբ Բաբայանը՝ «Երգաշար», Դոնի Ռոստովից Տաթևիկ Գևորգյանը «Կռունկ» կատարումներով: Կոմիտասի անզուգական «Անտունին» կա­տա­րեց լիբանանահայ Շողիկ Թորոսյանը : «Սաթ» տրիոյի կատարմամբ հնչեց «Խորհուրդ խորին» ստեղծագործությունը:

«Շողեր ջան»ի կատարմամբ ելույթ ունեցավ «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը:

«Արմավիր» պարախումբը ներկայացրեց «Ալ այլուխս» ստեղծագործությունը:

Փառատոնի մասնակից, ազգությամբ թրքուհի, Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած Լեման Շթեյնը կատարեց յուրաքանչյուր հայի զգացումային աշխարհի հիմնը՝ «Դլե յաման»:

Վիրահայոց թեմի Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակու­թային և երիտասարդական կենտ­րոնի «Աղբյուր»  երգչախմբի կատար­մամբ հնչեց «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը:

«Ալագյազ, էս առուն» երգի կատարումով հանդես եկավ Արարատյան Հայրապետական  Թեմի  «Ծաղկա­զարդ» համախումբը, «Խումար պարկե» ստեղծագործությունը հնչեցրեց Վլադի­կավ­կազի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» երգչախումբը, «Իմ չինարի յարը» կատարեց Վիրահայոց թեմի «Հայարտուն»  մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը, իսկ Ամմանի  Մարզական միության «Երևան»  երգչախումբը հանդես եկավ «Մարալ-մարալ» երգի կատարմամբ: Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկյանի  շրջանի  Չալթիր հայաբնակ գյուղից փառատոնին իր մասնակցությունն է բերել «Զանգեր» երգչախու­մբը, որի կատարմամբ հնչեց «Սոնա յար»-ը:

«Յա՛ր ջան, արի», «Ա՛յ սիրուն կաքավ», «Աղջի՛ Մարան» ստեղծագործություններն էլ ներկայացրեց Շահե Քեշիշյանի ղեկավարած հայ-սիրիական «Ովսաննա» երգչա­խումբը:

Աթենքից կիթառահար Հակոբ Քոլանյանը ներկայացրեց Կոմիտասի «Մարա­լի», «Ունաբի» և «Վասպուրական»  ստեղծագործությունները:

«Գարուն ա» ստեղծագործությունը հնչեց Շվեդիայից մեր հայրենակցուհի Կարինե Հելման-Գևորգյանի կատարմամբ, ում շնորհիվ շվեդ երգիչ-երգչուհիները հաճախ իրենց երգացանկում ներառում են նաև Կոմիտասի ստեղծագործությունները: Շվեդ երգչուհի Վիլունդ Անն-Քրիստինեն  երգեց «Կանչե կռունկ»-ը:

Հաճելի ավանդույթ է դարձել արդեն ճապոնացիների մասնակցությունը կոմիտասյան փառատոներին: Մեր հայրենակից Կարեն Իսրայելյանի և ճապոնուհի տավղահար Ուլալա Իոունեի կատարմամբ հնչեցին «Ծիրանի ծառ» և «Քելեր, ցոլեր» գործերը:

Համերգը եզրափակվեց Գառնիի վոկալ կվինտետի ելույթով:

Համերգի ավարտին Համահայկական մշակութային փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունեց և շնորհակալություն հայտնեց փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Նա կարևորեց Կոմիտասին նվիրված փառատոների շարունակականությունը՝ նշելով, որ Կոմիտասին նվիրված փառատոնն իրականացվում է երկրորդ անգամ: 2013 թվականին՝ «Կոմիտաս վարդապետ» խորագրով:

ՀՀ սփյուռքի փոխնախարարը մասնավորապես ասաց. «Պատահական չէ, որ մեր միջոցառումները կրում են Մեծն Կոմիտասի անունը: Պատահական չէ նաև, որ այս փառատոնը կրում է «Երգում ենք Կոմիտաս» խորագիրը: 100 տարի առաջ թուրքը փորձեց լռեցնել Մեծն Երգահանին, դրանով իսկ՝ նաև հայի հոգու կանչը, բայց վրիպեց: Այսօր մենք երգում ենք Կոմիտաս,ասել է թե Կոմիտասը վերադարձել է, և իր հոգեպարար մեղեդիներով գրավում է մարդկանց սրտերը, աշխարհը: Նրա երգն է վերջ տալու մարդու դեմ իրականացված և շարունակվող ոճիրներին՝ ցեղասպանություններին:  Կոմիտասյան արվեստը աշխարհասփյուռ հայության միասնության, ազգային ինքնության պահպանման ուղին է, որը ստեղծագործական նոր բացահայտումների ճանապարհ է բացում թե՛ մեզ, թե՛ օտարազգի արվեստագետների համար: Եվ ինչպես ասում էր Պլուզ Երզնկացին. Արվեստի սկիզբը սքանչացումն է»: Այսօր մենք սքանչացանք կոմիտասյան մեղեդիներով: Շնորհակալություն ձեզ»:

Սերժ Սրապիոնյանը փառատոնի մասնակցության հավաստագրեր հանձնեց պոլսահայ երգահան Մաժակ Թոշիկյանին, Պոլսի «Լուսավորիչ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հակոբ Մամիկոնյանին և Արմավիրի «Արմավիր» պարախմբին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930