Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համայնքների խոշորացումից հետո խոպան գնացողների թիվը նվազելո՞ւ է

Սեպտեմբեր 26,2015 13:29

Պետական պաշտոնյաները վստահեցնում են, որ համայնքների խոշորացումից հետո գյուղերից խոպան գնացողների թիվը նվազելու է:

Աղվերանում այսօր մեկնարկած Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Տեղական ինքնակառավարման ոլորտում ներկայիս զարգացումները և դրանց լուսաբանումը թեմայով սեմինարին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն ամեն կերպ փորձում էր հիմնավորել, թե ինչու է պետք համայնքների խոշորացումը: Օրինակ՝ նա հիմնավորեց, թե Աթանը թրիք արտադրող գյուղ է, մտնում ես այնտեղ թրիք ես դառնում: Հետո էլ հարց բարձրացրեց՝ հիմա նրան թողնես այդպես որ ի՞նչ:

Պարոն Գիլոյանն իր զեկուցման ժամանակ նշեց, որ համայնքների եկամուտները երկու անգամ աճել են, և բոլորին է հետաքրքրում, թե ո՞ւր են գնացել այդ գումարները:IMG_6605

Տարբեր համայնքների բնակիչներ մտահոգություններ հնչեցրին, թե համայնքներում բնակիչները չեն մասնակցում համայնքային կառավարման խնդիրներին, համայնքի ղեկավարն ընտրվում է ազգակցական կապերով, կամ համայնքների խոշորացումից հետո իրենք տեղափոխման և այլ կենցաղային հարցերով խնդիրների առաջ են կանգնելու: Aravot.am-ը պարոն Գիլոյանից հետաքրքրվեց՝ համայնքների խոշորացումն ինչպե՞ս է փորձելու լուծել այդ խնդիրները, պարոն Գիլոյանը պատասխանեց. «Երբ խոշորանում են մի քանի համայնքներ, բոլորով միասին պետք է ընտրեն համայնքի ղեկավար: Օրինակ՝ թե′ Հովքի, թե′ Հաղարծինի բնակիչները պետք է ընտրեն մեկ համայնքի ղեկավար: Ուստի այլևս ազգակցական կապերով համայնքի ղեկավար ընտրել հնարավոր չի լինի»: Aravot.am-ը քննարկումից հետո պարոն Գիլոյանից հետաքրքրվեց ի՞նչն էր մինչ օրս խանգարում համայնքները զարգացնել՝ ասենք՝ ջրագիծ ու ճանապարհ կառուցելու համար համայնքների խոշորացո՞ւմ էր հարկավոր, պարոն Գիլոյանը պատասխանեց. «Մեր բյուջեն չի բավարարում, որ ամբողջ ենթակառուցվածքներին սպասարկեն: Այն տասը տոկոսներն էլ, որ համայնքներին են հատկացվում, պետությունը պարտքով է տվել համայնքներին, որը պետք է վերադարձնեն: Իսկ խոշորացումը շանս է, որ համայնքներն այդ տասը տոկոսները կարողանան պետությանը վերադարձնել, որ կարողանան միջազգային կառույցների հետ շփվել»: Մեր այն դիտարկմանը՝ խոշորացման պատճառով, ըստ էության, անտեսվելու են փոքր համայնքները՝ ստորադասվելու դրանց կարծիքները, դրանք ընկնելու են ֆինանսական կախվածության մեջ խոշորներից, պարոն Գիլոյանը հակադարձեց. «Ընդհակառակը, խոշոր համայնքի ղեկավարը պետք է շահագրգիռ լինի, որ իր համայնքում բողոք չառաջանա: Ի վերջո նա պետք է հետո կարողանա այդ բողոքների պատասխանները տալ: Երաշխիքն այն է, որ ինքը չորս տարի հետո նորից ուզելու է վերընտրվել»: Աշոտ Գիլոյանը համայնքը նմանեցնում է ընտանիքին, երբ ամենամեծ ուշադրություն դարձվում է փոքրին:

Պարոն Գիլոյանը փորձում էր վստահեցնել, թե խոշորացումից հետո միայն դրական փոփոխություններ են զգալու, մենք էլ հետաքրքրվեցինք՝ կոնկրետ ի՞նչ առումով են զգալու բնակիչները դրական ազդեցությունը, օրինակ՝ խոպան գնացողների թիվը նվազելու՞ է, պարոն Գիլոյանը վստահեցրեց՝ այո ու հայտնեց, որ մի շարք աշխատատեղեր են բացվելու: Բայց երբ խնդրեցինք թվարկել, թե կոնկրետ ո՞ր համայնքներում ի՞նչ աշխատատեղեր են բացվելու, պարոն Գիլոյանն այդպես էլ կոնկրետ օրինակներ չբերեց, միայն ասաց, որ կաթի վերամշակման արտադրամաս է բացվելու և այլն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930