Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի եւ գերմաներեն դասավանդող մի շարք ուսուցիչների մասնակցությամբ այսօր մեկնարկեց գերմաներեն դասավանդող ուսուցիչների համագումարը, որի նպատակն է՝ քննարկել Հայաստանում գերմաներենի դասավանդման խնդիրները:
Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ վաղուց են գործակցում Գյոթե-ինստիտուտի երեւանյան կենտրոնի հետ, որը կազմակերպում է գերմաներենի ուսուցման դասընթացներ, միջոցառումներ, տարածում է մասնագիտական գրականություն:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ միասնական ընդունելության քննությունների ժամանակ տարեկան մոտ 500 դիմորդ գերմաներեն լեզվի քննություն է հանձնում. «Դիմորդները հիմնականում Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերից են: Հավանաբար, դա պայմանավորված է այդ մարզերի որոշ դպրոցներում տվյալ լեզվի խորացված դասավանդմամբ: Բայց դա չի նշանակում, որ մյուս մարզերում հետաքրքրվողներ չկան, պարզապես քիչ են»,-հավելեց Մանուկ Մկրտչյանը:
՝
Կարդացեք նաև
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհն իր ելույթի ընթացքում հայտնեց, որ Գերմանիայի, Ավստրիայի եւ Շվեյցարիայի կրթության նախարարները պարբերաբար հանդիպում են եւ քննարկում գերմաներենի ուսուցման ծրագրերը. «Այդ եռակողմ աշխատանքը, որն իրականացնում ենք Եվրոպայում, կշարունակենք իրականացնել նաեւ Հայաստանում, որտեղ 2005 թվականից աշակերտների փոխանակման ծրագրեր են կյանքի կոչվում: Հայ աշակերտների՝ գերմաներենի իմացությամբ հիացած եմ»,-եզրափակեց գերմանացի նախարարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ