ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանի շրջանակներում Ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած համառ ջանքերը, բախվելով Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած աննախադեպ սադրանքին, վերջին օրերին հակամարտ կողմերին կրկին մղել են «ելման դիրքեր»։
Երեկ արդեն Հայաստանի պաշտպանության նախարարությունն է հանդես եկել տարեց կանանց սպանությանը հանգեցրած ադրբեջանական ռմբակոծություններին համարժեք պատասխան տալու իրավաչափությունը հիմնավորող կոշտ հայտարարությամբ։
Իրականում բանակցային գործընթացի վերսկսման նախօրեին Տավուշի մարզի սահմանագծին սկիզբ առած ռազմական նոր էսկալացիան հենց այն է, ինչին ձգտում է Ադրբեջանը։ Ուստի միանգամայն բնական է, որ այս անգամ միջազգային հանրությունը նման քայլին հասցեական գնահատական տալուց խուսափելու տարբերակ չունի։ Սեփական ջանքերը «ջուրը լցնող» սադրիչի ձեռքը չբռնելու պարագայում ռազմական նոր էսկալացիան կարող է վերածվել լայնածավալ պատերազմի։
Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարության մեջ նշվում է. «Մենք ակնկալում ենք նախարարներից լուրջ քննարկումներ բռնության ավելացման, ինչպես նաեւ խնդրի բանակցային կարգավորման շուրջ հարցերի վերաբերյալ», բայց միաժամանակ ընդգծվում է. «Քանի որ մենք անկարող ենք հստակորեն հասկանալ, թե որտեղից է ծագել բռնությունը, քանի որ ամեն կողմը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի շուրջ, ինչպես քննարկել էին նախագահները»։
Ադրբեջանի ցինիկ սադրանքը հանգեցրել է նրան, որ Նյու Յորքում համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առանցքային հարց է դարձել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձեւավորման հիմնախնդիրը։
Արտաքուստ սա արդեն բավական ծեծված հարց է, քանի որ Ադրբեջանը պարբերաբար խոչընդոտում է անգամ իր առաջնային գիծ դուրս գալու ԵԱՀԿ դիտորդների փորձերին։ Սակայն նոր իրավիճակում, երբ ամերիկյան կողմը պնդում է նման խնդրի լուծման անհրաժեշտությունը, վրա միջադեպերի հետաքննության մեխանիզմների ձեւավորման հարցը դառնում է յուրահատուկ փորձաքար ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների, ե՛ւ ադրբեջանական կողմի համար:
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: