Թուրքագետը կարծում է, որ Թուրքիան մեկուսանում է
«Տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական գործընթաց է սկսվում. սա Ռուսաստանի վերադարձն է Մերձավոր Արեւելք»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ վերլուծելով այս ընթացքում Սիրիայի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացները, մասնավորապես՝ Սիրիայում ռուսական ուժերի կենտրոնացման պատճառները:
Մեր զրուցակիցը հիշատակում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն առաջին անգամ է, որ փորձում է գործողություն իրականացնել Մերձավոր Արեւելքում: «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը սա փորձում է ոչ միայն ռազմի ուժով անել, այլեւ լայնորեն օգտագործում է դիվանագիտական հնարավորությունները. վերջերս տեղի ունեցան բանակցություններ Իսրայելի վարչապետի հետ, քննարկումներ են եղել Էրդողանի հետ,- ասում է թուրքագետը եւ ավելացնում:- Պուտինը փորձում է օգտագործել այն հանգամանքը, որ Սիրիայի իշխանությունները ծանր իրավիճակում են հայտնվել, եւ «Իսլամական պետությունը» լայնածավալ գործողություններ է իրականացնում ողջ Սիրիայի տարածքով, իսկ արեւմտյան դաշնակից երկրները, ԱՄՆ-ը չեն կարողանում համարժեք հակահարվածներ տալ»:
Պարոն Սաֆրաստյանը նկատում է, որ իսկապես Ռուսաստանն իր ուժերը կենտրոնացրել է Բաշար Ասադին օգնելու համար: «Բայց ամենամեծ վտանգը Բաշար Ասադի համար ներկայացնում է «Իսլամական պետությունը»: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Արեւմուտքը ավելի մեղմ են: Նրանք չկարողացան վճռական գործողություններ իրականացնել»,- ասում է պարոն Սաֆրաստյանը:
Խոսելով Սիրիայի կոնֆլիկտում ներգրավվածություն ունեցող Թուրքիայի մասին, որը այս հարցով մշտապես բանակցությունների մեջ է գերտերությունների հետ, թուրքագետը ուշադրություն է հրավիրում հետեւյալ հանգամանքի վրա. «Հուլիսի 20-ին համաձայնություն ձեռք բերվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ, որ պայքարեն «Իսլամական պետության» դեմ: Բայց կարծում եմ՝ հետո ամերիկացիները հասկացան, որ Թուրքիան մոլորության մեջ է գցում իրենց, որովհետեւ իրական հարվածը Թուրքիան հասցնում է ոչ թե «Իսլամական պետությանը», այլ Քրդստանի բանվորական կուսակցությանը: Շատ հետաքրքիր է, որ գեներալ Ալենին, որը Օբամայի բանագնացն էր սիրիական հարցերով եւ ինքն էր բանակցություններ վարել Թուրքիայի հետ, հրաժարական տվեց: Այստեղից պարզ երեւում է, որ ամերիկացիները հիասթափվեցին: Հասկացան, որ Թուրքիան լուծում է առաջին հերթին իր ներքին խնդիրները, փորձում է հարվածներ հասցնել քրդական կուսակցությանը, որը մտավ խորհրդարան: Էրդողանն ամեն ինչ անում է, որ միակուսակցական կառավարման համակարգ ստեղծի»:
Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ Թուրքիան մեծ հույսեր ունի, որ «Իսլամական պետության» միջոցով կազատվի Բաշար Ասադից, եւ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կարծում է, որ բանակցություններում Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնության չեն եկել: «Թուրքիան ամեն կերպ խոչընդոտում է «Իսլամական պետության» դեմ պայքարին»,- ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Սիրիական ճգնաժամը, ըստ թուրքագետի, մեծ վնասներ է պատճառում հայկական սփյուռքին. ամենակայացած հայկական համայնքը կազմալուծվեց: «Ես կարծում եմ, որ Թուրքիայի կարեւոր նպատակներից մեկն էր դա: Իհարկե, այս ամենում Թուրքիան աշխարհաքաղաքական խնդիր է ցանկանում լուծել՝ փորձելով ազատվել Ասադից եւ թուլացնել Սիրիան, կամ այնպես անել, որ Սիրիան տրոհվի, եւ ինքն ազատվի աշխարհաքաղաքական հակառակորդից: Սակայն այսպես նա նաեւ լուծում է մի այլ կարեւոր խնդիր. Սիրիայի հայկական համայնքը մեր սփյուռքի ամենակայացած, ազգայինը պահպանած, ազգային ոգով դաստիարակված համայնքն է: Հայության մի մեծ պոտենցիալ կար Թուրքիայի քթի տակ: Նրա խնդիրներից է ազատվելը հայկական համայնքից. վառ ապացույցը Քեսաբի դեպքերն են»:
Թուրքիան, ներքաշվելով սիրիական կոնֆլիկտում, ըստ պարոն Սաֆրաստյանի՝ շահեկան դիրքերում չի հայտնվում: «Եթե Ռուսաստանի ներգրավվածությունը այս կոնֆլիկտում մեծանա, ինչը տեղի է ունենում, ապա Թուրքիայի համար շատ անբարենպաստ պայմաններ են ստեղծվում: Թուրքիան շատ սխալ արեց, որ ներգրավվեց այսպիսի ակտիվությամբ սիրիական ճգնաժամի մեջ եւ սկսեց պայքարել Ասադի իշխանության դեմ: Այսպիսի սխալը մոտ ապագայում ավելի ցցուն կդարձնի, որ Թուրքիայի հաշվարկները սխալ էին: Թուրքիան, ներքաշվելով Մերձավոր Արեւելքի խնդիրներում, ստեղծում է խնդիրներ իր երկրի ներսում:
Մեկ բան հստակ կարող եմ ասել՝ Թուրքիայի ձգտումը՝ դառնալ Մերձավոր Արեւելքի առաջնորդ պետություն, ավելի մեծ վնաս է բերում, եւ քանի գնա, այդ վնասը մենք կտեսնենք. քրդական գործոնն է մեծանում, Իրանի հետ հարաբերությունները կարող են վատանալ, Եգիպտոսի հետ Թուրքիայի հարաբերությունները շատ վատ են: Թուրքիան բավականին մեկուսանում է Մերձավոր Արեւելքից, այլ ոչ թե ուժեղացնում է իր դիրքերը, ինչպես որ Էրդողանն էր երազում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09..2015
Ենթադրենք Թուրքիան լրիվ «մեկուսացավ»: Հայերի՞ն ինչ, քանի դեռ Ռուսաստանի գաղութն է, որը միլիարդների զենք է վաճառում Ադրբեջանին: