Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյանը նեղացած է Սերժ Սարգսյանից

Սեպտեմբեր 26,2015 14:30

Նա ողջունում է, որ «Ոչ»-ի ճակատում
խանափոխությունից որոշել են անցնել իշխանափոխության

– Անկախության տոնակատարություններին ինչո՞ւ Ձեզ չէին հրավիրել, կարծեմ, մշտապես հրավեր ստացել եք: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ իմանալով, որ Դուք հրավիրված չեք, ինքն էլ հրաժարվեց մասնակցել նախագահի ընդունելությանը:

– Երբ անկախականներն իշխանություն ունեին, հրավիրում էին անկախականներին: Բնական էր: Մենք այդ օրը հավաքվում եւ նշում էինք մեր հաղթանակը, մեր հայրենիքի անկախության եւ ազատության տոնակատարությունը միասին էինք անցկացնում: Հիմա էլի անկախականներով մենք հավաքվում ենք եւ այդ օրը նշում ենք: 94,39 տոկոս հայերը, ովքեր որ քվեարկել են անկախության համար, այդ օրը նշում են: Դա հայ ժողովրդի ոչ միայն անկախության, ազատության, նաեւ համերաշխության օրն է: Մենք համերաշխորեն քվեարկեցինք: Բայց քանի որ մեր ժողովուրդը առողջ ժողովուրդ է, ունի նաեւ փոքրամասնություն:

– Եվ ո՞րն է հայ ժողովրդի փոքրամասնությունը:

– Փոքրամասնությունների մեջ կան խարտյաշներ, կա սեքսուալ փոքրամասնություն, կա նաեւ վասալական փոքրամասնություն: Կոլոբրացիոնիստական (ոչ անկախական) փոքրամասնություն:

– Եվ դա իշխանությո՞ւնն է:

– Ես կարծում եմ, որ նրանք հիմա իշխանությունում մեծամասնություն են: Իրենք էլ այնտեղ են հավաքվում: Ես նրանցից մի քանիսին ճանաչում եմ, որ անկախական են, բայց նրանց մատների վրա կարելի է հաշվել:

– Անունները կտա՞ք, ովքե՞ր են իշխանությունում անկախականներ:

– Չէ: Այնքան քիչ են. հնարավոր է՝ նրանց մեջ ինչ-որ մեկն էլ ընդհատակյա անկախական լինի կամ դրսեւորված լինի, ես չիմանամ, դրա համար անունները չտամ: Բայց հիմնական զանգվածն անկախականներ չեն ու հավաքվելով` նրանք իրենց պարտության օրն են նշում: Ես ինչո՞ւ պիտի գնամ ու իրենց հետ իրենց պարտության օրը նշեմ: Ես հումանիստ եմ, ես թողնում եմ, որ իրենք իրար հետ անցկացնեն այդ օրը, միմյանց կարեկցեն եւ մոխիր լցնեն գլխներին: Նրանք եվրասիացիներն են, նրանք են, ովքեր հանձնեցին Հայաստանը Եվրասիային. ես գնամ այնտեղ ի՞նչ ասեմ:

– Հայաստանը Եվրասիային հանձնեց անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը` սեպտեմբերի 3-ի իր հայտնի որոշմամբ: Այսինքն՝ Ձեր բոլոր ասածները նաեւ իրե՞ն են վերաբերում:

– Դուք գերագնահատում եք նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները: Դա թիմ էր: Այն 4,5 տոկոսը, որը դեմ էր քվեարկել Հայաստանի անկախությանը, սեպտեմբերի 3-ին ռեւանշ վերցրեց: Փոքրամասնությունը հաղթեց մեծամասնությանը:

– Իսկ ինչո՞վ էր զբաղված մեծամասնությունը, որ փոքրամասնությունը կարողացավ հաղթել իրեն:

– Ուզում եք իմանալ մեր պարտության պատճա՞ռը: Դա շատ երկար պատմություն է: Ուժասպառ էինք եղել նախորդ պայքարում, մեզ հիմա ժամանակ է պետք, որ նորից համախմբվենք եւ ձեւը գտնենք, այդ թվում նաեւ Ռուսաստանում գտնենք մեր դաշնակիցներին, ռուս ազատասեր, ժողովրդավար ուժերի հետ համատեղ ազատվենք թե մենք, թե իրենք: Մենք մենակ չենք կարող ազատվել, մենք պետք է ազատվենք միասին:

– Դուք նեղացա՞ծ եք Սերժ Սարգսյանից, որ հրավերք չեք ստացել:

– Իհարկե՝ նեղացած եմ: Սերժ Սարգսյանից նեղանում եմ, որ Անկախության օրը նշում է եվրասիացիների հետ: Բոլոր եվրասիացիներից նեղանում եմ, որ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, նշում են: Դա մեր օրն է: Իրենք պետք է սեպտեմբերի 3-ը նշեն, դա է իրենց հաղթանակի օրը, սեպտեմբերի 21-ն իրենց պարտության օրն է:

– Տարբեր պատճառներով նեղացածներ հանրապետությունում շատ կան…

– 94,39 տոկոսը:

– Այդ մարդկանց շատ փոքր մասը հիմա փորձում է սահմանադրական բարեփոխումների «Ոչ»-ի ճակատում համախմբվել եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը վերածել իշխանափոխության: Հետեւե՞լ եք «Ոչ»-ի ճակատի ձեւավորմանը, ի՞նչ տպավորություն եք ստացել եւ ինչո՞ւ «Ոչ»-ականների կողքին չկաք:

– Կազմակերպական իմաստով ես «Ոչ»-ի ճակատի կազմակերպություններից ոչ մեկի ցանկում չկամ: Բայց վերջերս ես հաճույքով նկատեցի, որ նրանք խանափոխությունից բացի՝ խոսում են նաեւ իշխանափոխության մասին: Այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու մասին: Այդ դեպքում ես սիրով կմիանամ: Մինչ այդ լսում էի` խանափոխություն, բայց ես դրանով ընդհանրապես չեմ զբաղվում: Հայաստանի անկախության, ազգային-ազատագրական պայքարի համար ես միշտ պատրաստ եմ: Այդ իմաստով իրենց հետ եմ:

Տեղյակ եմ նրանց գործունեությանը, աչալուրջ հետեւում եմ, նկատել եմ, որ ավելացել են իշխանափոխության, ազգային-ազատագրական պայքարի կողմնակիցները: Այն, ինչը որ հիմա իրենք անում են, բնական է եւ քիչ չի: Սա ազգային-ազատագրական պայքարի առաջին` նախապատրաստական շրջանն է: Շատ կարեւոր է, որ ֆալշ-ստարտ չլինի. ժամանակավրեպ, ժամանակից շուտ կոշտ քայլերի չգնանք, այլ գնանք ճիշտ այն ռիթմով եւ տեմպով, որը նաեւ համահունչ է մետրոպոլիայի անկախական ժողովրդավարական շարժմանը: Մենք ռուս ժողովրդի հետ միասին պիտի ազատագրվենք ճորտատիրությունից ու գաղութատիրությունից: Ազատագրական պայքարի այն տեմպը որ հիմա կա, ինձ բավարարում է: Ես կարծում եմ, որ դա ռեալ քայլ է:

– Բայց մի տեսակ անլրջություն չկա՞: Անգամ «Ոչ»-ի ճակատի անդամ կուսակցությունների որոշ առաջին դեմքեր չեն բարեհաճում միանալ այդ պայքարին, էլ չասած, որ կան այնպիսիք, ովքեր եվրասիականի ավելի մեծ ջատագովներ են, քան ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը միասին:

– Մենք ժառանգություն ենք ստացել եվրասիական քաղաքական էլիտա: Տարիներ առաջ քաղաքական էլիտա է ձեւավորվել` հատուկ եվրասիականության համար: Այնպես է ստացվել, որ մարդիկ հավատարիմ են մնում իրենց կոչմանը, նրանք դրա համար էին քաղաքական ասպարեզ հրավիրվել: Քաղաքական դաշտի զտիչը ներդրվել է 15 տարի առաջ, որի արդյունքում բոլոր անկախականները, ժողովրդավարականները աստիճանաբար դուրս մնացին քաղաքական հարթակից, փոխարենը քաղաքական ասպարեզ բերվեցին քրեական, ապազգային եւ եվրասիական նկարագրով գործիչներ: Կարծում եմ, որ շուտով ազդանշաններ կստանանք մետրոպոլիայից. հոգնել են նրանցից, նաեւ՝ վստահելի չեն եւ կուզենան նրանց փոխել: Մենք էլ առիթից կօգտվենք:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930