Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր ՀԷԿ-երը «մատաղ են անում»՝ Սեւանը ձկնաբուծարանի վերածելու համար

Սեպտեմբեր 26,2015 14:00

Ըստ բնապահպանների՝ Սեւանա լճում ձկնաբուծական
ծրագիրն ավելի վտանգավոր է, քան փոքր ՀԷԿ-երը

Տարիներ շարունակ բնապահպաններն ահազանգում են, որ Հայաստանում այսքան շատ ՀԷԿ-երի կառուցումն ու դրանց շահագործման ներկայիս մեթոդները վտանգում են մեր երկրի էկոհամակարգը: Երկար տարիներ է, ինչ բնապահպանները պայքարում են Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցած ու կառուցվող փոքր ՀԷԿ-երի դեմ, որոնք սպառնում են լճին, ձկնապաշարին ու ջրային ռեսուրսներին, կենսաբազմազանությանը: Սակայն ոլորտի պատասխանատուները ոչ միայն պատշաճ չեն արձագանքում բնապահպանների բարձրացրած խնդրին, դեռ մի բան էլ նրանց սխալ են հանում ու փորձում են հանրությանը համոզել, որ փոքր ՀԷԿ-երը սահմանված նորմատիվներով են աշխատում եւ նպաստում են էներգետիկ ոլորտի զարգացմանը:

Բայց պարզվում է՝ մեր երկրի նախագահն էլ է մտահոգ Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երով, եւ նա էլ գտնում է, որ դրանք լճի համար օգտակար չեն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս Գեղարքունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ ասել է. «Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ, իրոք, մենք պարտք ունենք վերադարձնելու Սեւանին եւ պիտի վերադարձնենք, բայց շատ ճիշտ կլինի, որպեսզի այդ պարտքի վերադարձի հետ կապված մենք ունենանք նաեւ որոշակի, այսպես ասած, տնտեսական բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապագայում այդ խնդիրները լուծել ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին: Ձկնաբուծության ծրագիրը, որ արդեն սկսել ենք 2 տարի առաջ, կարծում եմ՝ զարգացման մեծ ներուժ ունեցող ծրագիր է: …Այնտեղ միայն ձկնային պաշարների լուծման խնդիր չէ։ Այնտեղ մենք զուգահեռ պիտի լուծենք նաեւ էկոլոգիական հավասարակշռության վերականգնման խնդիրներ։ Կոնկրետ Սեւան լցվող գետերն աստիճանաբար պետք է ազատենք վերջին 15-20 տարիների այն կառույցներից, որոնք, միգուցե, ինչ-որ չափով տնտեսական արդյունք են տալիս, բայց խաթարում են բնականոն զարգացումը։ Օրինակ՝ ձկների ձվադրավայր հանդիսացող գետերի վրա փոքր ծավալի հիդրոկայաններ, որոնք չգիտեմ՝ որքանո՞վ են օգուտ բերում սեփականատերերին, բայց չեմ կարծում, որ Սեւանի համար օգտակար են։ Խնդիրը պետք է լուծել մարդկանց հետ խոսելով, պայմանավորվելով եւ հիմնադրամի միջոցով նրանցից ուղղակի ետ գնելով ու ապամոնտաժելով»:
Ըստ էության, Սերժ Սարգսյանը հրահանգել է վերացնել այդ փոքր ՀԷԿ-երը, որոնց վնասակարության մասին մշտապես հայտարարում են բնապահպանները:
Իսկ բնապահպանները կարծում են, որ Սերժ Սարգսյանն այնպես չէ, որ իրենց ականջալուր եղավ. փոքր ՀԷԿ-երի դեմ պայքարողները գտնում են, որ նախագահի հայտարարությունն այլ շահերից է բխում:

«Առավոտի» հետ զրույցում Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը կարծիք հայտնեց, որ նախ՝ ՀՀ նախագահը նման իրավասություն չունի՝ որոշի քանդել տալ, ապամոնտաժել տալ այդ ՀԷԿ-երը:
«Օրինակ՝ Թռչկանի դեպքում նախկին վարչապետը ելավ ու ասեց՝ նախագահի հրահանգով որոշել ենք հարցը լուծել: Կամ՝ Մաշտոցի պուրակի դեպքում, երբ նախագահը քաղաքապետին հրահանգ տվեց պուրակում այդ «բուծիկները» ապամոնտաժել:

Իրավական նման կատեգորիա չկա, դա իր իրավասության մեջ չէ: Նման իրավասություն ունեն անելու նրանք, ովքեր այդ ՀԷԿ-երի շահագործման համար թույլտվություն, լիցենզիա են տվել: Այդ կառույցներ են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարարությունները: Հիմա եկեք մի հատ հասկանանք՝ այսինքն՝ Սերժ Սարգսյանն արդեն խոսե՞լ է այդ նախարարությունների հետ, նրանց իր կարծիքը հայտնե՞լ է, նրանք իրենց դիրքորոշումը հայտնե՞լ են: Չեմ պատկերացնում՝ ի՞նչ են անում»,- ասաց Գալստյանը:
Բնապահպանի խոսքերով՝ եթե ՀՀ նախագահն ասել է՝ պետք է ապամոնտաժել այդ ՀԷԿ-երը, ուրեմն հաստատ ինչ-որ խնդիր կա Սեւանի ձկնաբուծության ծրագրի հետ. «Այն ծրագրի, որն իրենք փորձում են իրականացնել կառավարության հովանավորությամբ եւ ֆինանսավորության ներքո: Իմ կարծիքով՝ այդ ձկնաբուծության ծրագիրը շատ ավելի վտանգավոր է, քան այդ փոքր ՀԷԿ-երը»:

Պարոն Գալստյանն ասաց, որ ինքը բազմաթիվ մասնագետների հետ է քննարկել հարցը, եւ նրանք այն մասնագետներն են, որոնք խնդրին օբյեկտիվ են նայում: Գալստյանի խոսքերով՝ «Հայաստանի ցանկացած տարածքում այս ծավալի փոքր ՀԷԿ-եր կառուցելն ուղղակի թշնամություն է Հայաստանի Հանրապետության, Հայաստանի բնության եւ ժողովրդի, Հայաստան պետության հանդեպ: Նույնը վերաբերում է Սեւանին, չգիտեմ՝ նախագահն այդ հայտարարությունն անելով ինչ հետին մտքեր ուներ, բայց կարող եմ ենթադրել՝ հենց իրենց ձկնաբուծական ծրագրի հետ է կապված, ու Սեւանն ուզում են դարձնել մի մեծ ձկնաբուծարան»:

Հիշեցնենք, որ Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով ձկնաբուծական պիլոտային ծրագիր է իրականացվել, որի նպատակը իշխան ձկան համալրումն է ու էնդեմիկ ձկնատեսակների վերականգնումը: Այս ծրագիրն իրականացրել են «Սեւան» ազգային պարկն ու «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ն:

Լեւոն Գալստյանի եւ բազմիցս հայտարարություններով հանդես եկած բնապահպանների կարծիքով՝ Սեւանում ձկնաբուծական այդ ծրագիրը խիստ վտանգավոր է լճի համար:
Գալստյանն ասաց՝ խնդիրն այն է, որ այս ծրագիրը շարունակվի, ըստ որի՝ նախատեսված է ձկնաբուծությունը Սեւանում հասցնել առավելագույն հզորությունների. «Տարեկան 50 հազար տոննայի, այս 50 հազար տոննա ձկներին ինչ-որ կերով պիտի կերակրեն: Ո՞վ կարող է այսօր մասնագիտորեն եւ ֆիզիկապես ցույց տալ, ապացուցել, թե ինչ մեխանիզմով է հնարավոր այդ 50 հազար տոննա ձուկն աճեցնելու համար կերակրելու գործընթացն այնպես անել ու վերահսկել, որ Սեւանի ջրի որակը դրանից չփոխվի: Հաշվի առնենք, որ կերն ունենալու է բազմաթիվ արհեստական հավելումներ: Այսքանը բավարար է, որ մենք պնդենք՝ Սեւանա լճում ձկնաբուծական ծրագիրն անընդունելի է, անթույլատրելի է»: Բնապահպանը նկատեց, որ չեն տեսնում որեւէ մեխանիզմ, որով հնարավոր կլինի այդ ծավալի գործընթացի վերահսկողությունը ճիշտ կազմակերպել. «Իրենք Սեւանի մի հատվածում պիլոտային ծրագիր են իրականացրել ու լուրջ խնդիրներ են ունեցել: Այդ հատվածում ջրի որակն է փոխվել՝ ազոտի եւ ֆոսֆորի պարունակությունները փոխվել են: Հիմա հետաձգվել է ծրագիրը. իրենց ասելով՝ ուսումնասիրում են, ինչ-որ եղանակներ են փնտրում, պարզեն՝ ի՞նչ պատճառով է ջրի որակը փոխվել: Դե, հիմա պատկերացրեք, եթե ձկնաբուծությունը 50 հազար տոննայի հասնի՝ ինչ կլինի լճի վիճակը: Ու Սեւանա լճին վերաբերվել որպես մի ջրամբարի, կներեք, դա մեղմ ասած, հանցագործություն է. մեկ՝ ջրի մակարդակն իջեցրեցին, մեկ՝ բարձրացրեցին, չգիտեմ՝ ինչ արեցին, ասացին՝ էսքան ջուր վերցրեցինք, հիմա ձուկ են արտադրելու, Արարատյան դաշտավայրի ջրերի հարցերը լուծեցին՝ վերջացրին, հիմա անցել են Սեւանին: Ի՞նչ ասեմ՝ շատ լավ մոտեցում է»:

Սեւանա լիճ թափվող փոքր ՀԷԿ-երի ապամոնտաժման մասին ՀՀ նախագահի հայտարարության մասին «Առավոտը» փորձեց կարծիք ստանալ նաեւ Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ՝ հանրապետական Նաիրա Նահապետյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պապ says:

    Խնդրում եմ ուղղել. խորհրդակցությունը տեղի է ունեցել նախագահականում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930