Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի չորս աշխատակից եւ գլխավոր դատախազությունը բողոք էին բերել

Սեպտեմբեր 26,2015 13:30

«Մեռած հոգիներ» պահելու, նրանց աշխատավարձերը յուրացնելու, դատական կարգադրիչների ծառայությունում այդ նպատակով խումբ ձեւավորելու, դերաբաշխում կատարելու գործով սեպտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքաբեր գլխավոր դատախազության դատախազ Հակոբ Մելքոնյանն իր բողոքը դեռ չէր ավարտել ներկայացնել, երբ դատավորներ Կարինե Ղազարյանը, Վազգեն Ռշտունին եւ Մխիթար Պապոյանը, նաեւ ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանը բարձրաձայնեցին, որ դատարան ուղարկված եւ երեկ դատարանում ընթերցված բողոքների միջեւ տարբերություն կա:
Երկրորդ դատախազը՝ Սասուն Խաչատրյանն այդ կապակցությամբ ասաց, թե եղածը մեխանիկական թերություն է եւ որ իրենք ամենեւին զրկված չեն իրենց բողոքը ներկայացնել, մասնավորապես, «խնդրում ենք» -ից:

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ, որը վերաբերում էր նախաքննության մարմնի կողմից Վիկտորյա Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն, դադարեցնելուն, «հանցագործության մասին կամովին հայտնելու հիմքին»: Միսակ Մարտիրոսյանը համեմատեց մեղադրանքի կողմի բողոքը իրենց ձեռքի տակ եղածի հետ, ասելով. «Այդ որոշումն օրենքով նախատեսված կարգով ուղարկվել է Վիկտորյա Կարապետյանին», ինչը չի վիճարկվել, չի բողոքարկվել:

Նախ, արձանագրենք, որ երեկ բողոքների քննության ժամանակ դատարան չէին ներկայացել ամբաստանյալներ Եղիազար Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը եւ Յուրա Մուշկիդյանը: Նրանցից մեկն Արցախում էր, մեկը՝ Հայաստանից դուրս, մեկի չներկայանալու մասին էլ դատարանը տեղյակ չէր: 4 ամբաստանյալներ էլ պաշտպան չունեին, եւ հանդես եկան իրենց շահերն ինքնուրույն ներկայացնելու միջնորդությամբ: Դատավոր Վ. Ռշտունին փորձեց ճշտել, թե հնարավոր է, որ նյութական միջոցներն են պատճառը, որ նրանք հրաժարվում են իրենց պաշտպանությունից, չորսն էլ պնդեցին, որ ցանկանում են իրենց իրավունքներից օգտվել:

Նախագահող Կարինե Ղազարյանը ներկայացրեց բողոք բերածներին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը, որը խնդրել էր բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հուլիսի դատավճիռը, պահանջել էր «համաչափ պատիժ» Միսակ Մարտիրոսյանի համար:

Բողոքներ էին բերել Միսակ Մարտիրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Անգին Ղուկասյանը, իսկ Մերուժան Կյուրեղյանը, որի բողոքի պատասխանն այդ պահին չգտնվեց, եւ նա իր ձեռքի տակ եղած գրավոր տեքստը հանձնեց դատարանին:

Datakan_departament_1
Անգին Ղուկասյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը խնդրել էր վերաորակել իր պաշտպանյալի արարքը, սահմանել նվազագույն պատիժ կամ գործն ուղարկել նոր դատարան, նոր քննության: Տիգրան Աթանեսյանը խնդրել էր վեց տարվա ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ Գեղամ Գրիգորյանին, որը եղել է դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալը, արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ի դեպ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Գեղամ Գրիգորյանի վերաբերյալ դատախազը խնդրեց խարդախության եւ կաշառք տալուն դրդելու փորձի դրվագով նրան արդարացնել:

Տիգրան Աթանեսյանն «Առավոտին», դատական նիստն ավարտվելուց հետո, ասաց. «Ես կողմ եմ, իհարկե, արդարացմանը, այդ առումով շատ ճիշտ էր: Ինչ վերաբերում էր իմ պաշտպանյալին, նա յուրացման հետ մեղադրվում է նաեւ կեղծիքի մեջ: Սխալ մեղադրանք է: Մարդ եթե գողություն է անում, պատուհանը ջարդում, մուտք է գործում, պատուհանը ջարդելու համար առանձին հոդված չեն մեղսագրում: Մարդը եթե յուրացում է արել, կեղծել է մի քանի փաստաթուղթ, որ հասնի այդ յուրացմանը, դա ընդամենը յուրացում կատարելու եղանակ է: Չի կարելի մի արարքի մեջ հիսուն հոդված տեսնել: Ինչ վերաբերում է յուրացմանն, ապա ասեմ, որ պետությանը հասցված վնասն ամբողջությամբ վերականգնված է, արարքը բացահայտված է, մարդը զղջացել է, ինքը խմբի ղեկավար չի եղել, դատավճռով այդպես է, խմբի անդամներից մեկն է եղել, նման պայմաններում միայն նրան ազատազրկել՝ պարզապես տրամաբանությունից դուրս է: Խմբի ղեկավարը եղել է Արմեն Մովսիսյանը, նա վաղուց ազատ է, դրսում է, իր արածները գցել է տեղակալի վրա, դեպարտամենտի ղեկավարի վրա, իմ կարծիքով, որպեսզի մաքուր դուրս գա: Վնասը վերականգնել է նա, ով կազմակերպել է: Հակառակ դեպքում, ինչո՞ւ էր ամբողջը հատուցում»:

Datakan_departament_3
ՀՀ գլխավոր դատախազությունից դատախազ Հ. Մելքոնյանի խոսքն ավելի շատ Անգին Ղուկասյանի պաշտպանական ճառ հիշեցրեց, քան բողոք:
Դատախազը բավական երկար անդրադարձավ առաջին ատյանի դատավոր Արշակ Վարդանյանի կայացրած դատավճռին, քննադատեց դատարանի իրավական գնահատականները. եզրահանգումները: Ըստ նրա, դատարանի սխալ եզրահանգման արդյունքում տեղի է ունեցել դատական սխալ: Անդրադառնալով դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի, նրա վարորդի, կնոջ ցուցմունքներին, դատախազը նկատեց, թե Ա. Մովսիսյանի ցուցմունքը էական նշանակություն է ունեցել, իսկ վկաներինը՝ լրացուցիչ ապացուցողական նշանակություն:
Ըստ դատախազի, Արմեն Մովսիսյանի ասածը, թե՝ «վերեւները տեղյակ են», ասել է նաեւ Եղիազար Սարգսյանը, դատական դեպարտամենտում ձեւավորված «խմբի» մյուս անդամները:

Անդրադառնալով վկա, նախկինում կասկածյալ Վիկտորյա Կարապետյանի ցուցմունքներին, դատախազն ասաց, որ առաջին ատյանի դատարանը Միսակ Մարտիրոսյանին կաշառք տալու դրվագով չի գնահատել: Չփարատված կասկած է համարել այն, որ Միսակին Վիկտորյան տվել է նվե՞ր, թե՞ կաշառք: Ըստ դատախազի, դատարանը չի գնահատել, թե ինչո՞ւ Միսակ Մարտիրոսյանը նվեր է ստացել ծննդյան օրվա պատրվակով, բայց ոչ՝ ծննդյան օրը: Իսկ գուցե դա նվեր չի եղել, այլ կաշառք, ակնարկեց նա:

Ըստ դատախազի, դատարանը չի անդրադարձել Վիկտորյա Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նախաքննության մարմնի կայացրած որոշմանը:
Դատախազն ամենից շատ խոսեց Անգին Ղուկասյանի պատժատեսակի մասին, որ նրա նկատմամբ ընտրվել է ազատազրկում երկու տարով, սակայն ի տարբերություն մյուս ամբաստանյալների, դատարանը նրա նկատմամբ չի կիրառել ոչ պայմանական չկիրառելու որոշում, ոչ էլ՝ փորձաշրջան: Մեղադրողները արձանագրել էին նաեւ, որ Վ. Կարապետյանի մասով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` հանցագործության մասին կամովին հայտնելու հիմքով: Ըստ Միսակ Մարտիրոսյանի՝ «Հակառակ դեպքում՝ նման որոշում չէր կարող կայացվել` օրենքի ուղղակի արգելքի պատճառով»:

Միսակ Մարտիրոսյանը խոստացավ՝ իր պատասխանում հանդես գալ նաեւ հայտարարությամբ: Ըստ նրա բողոքի, «Մեկ տարվա նախաքննության եւ մեկ տարվա դատաքննության ընթացքում բազմիցս հայտարարել ենք ու ներկայացրել ապացույցներ, հանդես եկել միջնորդություններով, որ նախաքննական մարմինը եւ հսկող դատախազները Ա.Ղուկասյանի հետ հակաօրինական գործարքի մեջ են մտել, որի արդյունքում ինձ կեղծ եւ շինծու մեղադրանք է առաջադրվել եւ, որ Լ.Պետրոսյանը, Ռ.Դարբինյանը եւ Վ.Կարապետյանը իրենց կողմից, 3 տարի առաջ, իբր կաշառքներ տալու վերաբերյալ հայտարարություններ տալիս, կամավոր եւ ինքնակամ չեն ներկայացել իրավապահ մարմիններին ու դա հիմնավորում էինք իրենց ցուցմունքներով եւ քրեական գործով ձեռք բերված այլ տվյալներով (օրինակ՝ հաղորդում կատարված հանցագործության մասին, որտեղ նշված էր, որ հանցագործությունը բացահայտվել է օպերատիվ տվյալներ իրականացնելիս եւ այլն): Վերոնշյալ անձանց ակնհայտ ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու հարցով անգամ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի հանձնարարի իմ հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստվեն եւ լուծվի քրեական գործ հարուցելու հարցը: Նշեմ ավելին, որ նման միջնորդությամբ հանդես եկավ նաեւ դատարանը, սակայն երկու դեպքերում էլ այդ հաղորդումներին ընթացք չտրվեց, իսկ դրանք վերադարձվեցին դատարանին: Պատկերացնել է պետք, թե մեղադրողները ինչ աստիճանի են պարտավորված ու կաշկանդված, որպեսզի Ա.Ղուկասյանը հանկարծ անազատության հետ կապված պատիժ չստանա ու ստանձնելով նրա երկրորդ եւ երրորդ փաստաբանի դերը, առաջ են քաշում նոր մեղմացնող հանգամանք, անգամ ընդունելով, որ այդ կեղծ եւ շինծու ապացույցների սկզբնաղբյուրը Ա.Ղուկասյանն է. որը նաեւ պարկեշտ չէ, քանի որ բացահայտում են իրենց կեղծ տվյալներ հաղորդող ինֆորմատորին, որ նրա կողմից այդ տվյալները իրավապահ մարմիններին հայտնելուց հետո է, որ Լ.Պետրոսյանը, Ռ.Դարբինյանը եւ Վ.Կարապետյանը ցուցմունքներ տալով լրացրել ու ամրապնդել են դրանք: Այսինքն՝ Լ.Պետրոսյանը, Ռ. Դարբինյանը եւ Վ. Կարապետյանը կամավոր, ինքնակամ չեն ներկայացել իրավապահ մարմիններին ու հանցագործության մասին հաղորդում տվել, սակայն ակնհայտ ապօրինաբար ազատվել են քրեական պատասխանատվությունից»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930