Առողջ ապրելակերպը Հայաստանում օրեցօր ավելի լայն տարածում է ստանում՝ ընդգրկելով ամենատարբեր ոլորտներ:
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՎԵԳԱ ընկերությունն իր աշխատողների շրջանում կազմակերպում է մինի ֆուտբոլի մրցաշար, որին այս տարի մասնակցում են Երեւանի, Հրազդանի եւ հանրապետության մարզերի մասնաճյուղերի ութ թիմեր: Մրցաշարի կազմակերպիչ, ընկերության մեծածախ բաժնի մենեջեր Սամվել Ղազարյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ անցած տարի նույն այս ժամանակահատվածում կազմակերպված մրցաշարում հանդես է եկել տասը թիմ: «Բայց որպեսզի մրցաշարն ավելի ուժեղ տեսք ստանա, այս անգամ երկու թիմեր մասնատեցինք՝ մեկ առողջ թիմ ստանալու համար: Հիմա մասնակցում են մարզերի՝ Գյումրիի եւ Հրազդանի թիմերը եւ Երեւանի մեր մասնաճյուղերը: Նպատակը աշխատակիցների առողջ ապրելակերպի կազմակերպումն է: Մեր ղեկավարությունը հատուկ վարձել է ֆուտզալի մարզիչ, որի ղեկավարությամբ շաբաթական երկու անգամ պարտադիր մարզումներ ենք անցկացնում: Եվ պատկերացրեք, որ արդյունքներն աշխատակիցները իրենց վրա արդեն զգում են թե առողջության, թե մարզական վարպետության առումով: Հիմա մտածում ենք, որ այս մրցաշարի ավարտից հետո, եթե լինեն սիրողական մրցաշարեր, անպայման մասնակցենք»:
Հարցին, թե մարզաձեւերի քանակն ավելացնելու նպատակներ կա՞ն, թե բավարարվելու են միայն ֆուտբոլով, Սամվել Ղազարյանը պատասխանեց. «Այդ ուղղությամբ էլ մտածում ենք: Հնարավոր է՝ ընդգրկենք նաեւ վոլեյբոլը, բասկետբոլը, այլ մարզաձեւեր եւս: Բայց դա կարող է լինել փուլ առ փուլ եւ կախված այն բանից, թե աշխատակիցները որ մարզաձեւերին ավելի շատ նախապատվություն կտան»: Հետաքրքրվեցինք, թե զգացվո՞ւմ է սպորտի բարերար ազդեցությունը ընկերության աշխատողների վրա: «Միանշանակ: Շաբաթական մեկ, երկու անգամ առօրյա հոգսերը մոռանալը, ֆիզիկական որոշակի ծանրաբեռնվածություններ կրելը նկատելիորեն փոխում են հոգեկան եւ ու ֆիզիկական վիճակը: Դա զգացվում է նաեւ աշխատանքի, մարդկանց սպասարկման արդյունավետության վրա: Քչացել է առողջության հետ խնդիրներ ունենալու պատճառով բացակայողների թիվը», – ասաց մեր զրուցակիցը:
Մինի ֆուտբոլի մրցաշարը անցկացվում է երկու խմբերով եւ շարունակվելու է մոտ մեկ ամիս: Հաղթողների եւ մրցանակակիրների համար սահմանվել է դրամական պարգեւներ: Սամվել Ղազարյանի խոսքերով անակնկալներ են նախապատրաստվել նաեւ երկրպագուների համար՝ կույր վիճակահանության սկզբունքներով արժեքավոր նվերների տեսքով:
Կարդացեք նաև
Հնարավո՞ր է, որ հետագայում մրցաշարում ընդգրկվեն նաեւ այլ ոլորտների կազմակերպություններ՝ մեր վերջին հարցի պատասխանը հետեւյալն էր. «Եթե ուրիշ կազմակերպություններ էլ նման նախաձեռնություններով հանդես գալիս են կամ նման ցանկություն ունեն, մենք միայն ողջունում ենք: Եղել է, որ մեր մարզումներին հրավիրել ենք ուրիշ կազմակերպությունների թիմեր, ընկերական խաղեր անցկացրել: Դա մեզ համար նաեւ փորձ է ու, կարծում եմ, երկկողմանի շահավետ: Իսկ ինչ վերաբերում է համատեղ մարզական միջոցառումներ կազմակերպելուն, այս պահին այդ հարցին հստակ պատասխանել չեմ կարող»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09..2015