Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանս-ռուսական 1812թ. պատերազմի մասին ճշմարտութիւնը

Սեպտեմբեր 26,2015 12:00

Ռուսական պատմագիտութիւնը 1812 թ. Ռուսաստանի սանձազերծած ֆրանս-ռուսական պատերազմը, վերջին քսանամեակի եզակի բացառութիւններով, ներկայացրել եւ ներկայացնում է որպէս ռուսական բանակի եւ հրամանատարութեան մեծ յաղթանակ: Պատերազմի առանցքային ճակատամարտերում (Սմոլենսկ, Բորոդինո, Մալոեարոսլաւէց) եւ այլուր Նապոլեոն Բոնապարտ կայսրից ջախջախիչ պարտութիւն կրած եւ մայրաքաղաքը ֆրանսիացիներին յանձնած Ռուսաստանը 200 տարի շարունակ ներկայանում է որպէս անսպասելի յարձակման զոհ ու յաղթող կողմ: Մինչդեռ անհերքելի փաստերը հաստատում են, որ Ֆրանս-ռուսական 1805 թ. պատերազմը սկսել է ռուսաց թագաւորը, որը Փարիզը գրաւելու եւ Նապոլեոն Բոնապարտին յաղթելու մարմաջով Պրուսիայի զինակցութեամբ եւ Անգլիայի փողերով շարունակեց կռիւը նաեւ 1806-1807 թթ.: Ռուսաստանը 1806թ. Եւրոպայում հիմնեց իր զօրքին օժանդակող «ժողովրդական աշխարհազօր», որը ռուս պատմագիտութիւնը ցայսօր պնդում է, թէ իբր հիմնուել է 1812 թ.՝ այդ կեղծ փաստը նոյնպէս դարձնելով պատերազմը «հայրենական» եւ «համաժողովրդական» սարքելու ապացոյց:

Աուստերլիցում Նապոլեոնից կրելով ռուսական զօրքերը ոչնչացնող խորտակիչ պարտութիւն եւ կնքելով Տիլզիտի հաշտութեան պայմանագիրը, Ռուսաստանը Ֆրանսիայի դէմ իր զաւթիչ պատերազմը կրկնելով, դարձեա՛լ պարտութիւն կրեց՝ այս անգամ էլ պրուսական Ֆրիդլանդում: Նապոլեոն կայսրը թէ՛ Աուստերլիցից եւ թէ՛ Ֆրիդլանդից յետոյ, երբ հասել էր Ռուսաստանի սահմանագլուխ Նէմանի ափը (Լիտվա), ցանկութեան դէպքում բացառիկ հնարաւորութիւն ունէր ռուսական կործանուած եւ բարոյալքուած զօրքի մնացուկին հալածելու մինչեւ Մոսկուայ: Բայց Նապոլեոն Բոնապարտը Ռուսաստանը գրաւելու կարիքը չունէր: Ֆրանսիայի ռազմավարական շահերը նրան թելադրում էին Անգլիայի հարցերը հնարաւորինս արագ լուծելու համար իր ռազմուժը Ռուսաստանի վրայ տանելու փոխարէն, Ռուսաստանի հետ դաշնակցած՝ ուժերը մղել Անգլիայի դէմ: Ի խնդիր այդ նպատակի, Նապոլեոնը ոչ միայն պարտութիւն կրած Ռուսաստանից ռազմատուգանք չպահանջեց, այլեւ չտեսնելու տուեց, որ Ռուսաստանը գրաւել էր Ֆինլանդիան, Վալախիան եւ Մոլդավիան: Ե՛ւս աւելին, Ռուսաստանին նուիրեց նաեւ Բելոստօկի մարզը: Թէեւ այս ամէնի համար ռուսական կայսրը Ֆրանսիայի կայսերը պարգեւատրեց իր երկրի բարձրագոյն շքանշանով, սակայն Ալէքսանդր Ա-ն փոխանակ ջանքերը մղելու երկրի տնտեսական աղէտը եւ բնակչութեան նշանակալի հատուածի սովամահութիւնը կասեցնելուն, 1810 թ. Անգլիային վաճառած 10 հազար պետական ճորտի գումարով ռուս-եւրոպական սահմաններին կեդրոնացրեց երեք բազմաքանակ բանակ, այնուհետեւ 1811 թ. հոկտեմբերին ստորագրեց Ֆրանսիայի դէմ նոր ռազմարշաւի հրամանագիրը: (Ի դէպ, ռուսական բանակի միայն զինուորներն էին սլաւոններ, հրամանատարութիւնը, Ալէքսանդր Ա թագաւորից սկսած, բոլոր գեներալներով վերջացրած, որոնց մէջ նաեւ Կուտուզովը, հիմնականում գերմանացիներ էին, որոնցից ոչ մէկը ռուսերէն չէր խօսում, խօսում էին ֆրանսերէն կամ գերմաներէն): Յարձակումը չիրագործուեց, քանի որ Պրուսիան երկիւղելով, որ Նապոլեոնի նոր յաղթանակներից երկրի եւ բնակչութեան միւս կէսը նոյնպէս պիտի կորցնի, հրաժարուեց մասնակցել ռազմարշաւին:

Նապոլեոն Բոնապարտը վերջնականապէս համոզուելով, որ Ռուսաստանը ոչ միայն չի կատարում Տիլզիտի հաշտութեան պայմանագիրը, այսինքն՝ յարաբերութիւնները չի խզում Անգլիայի հետ, այլեւ սկսել է նոր պատերազմ: Ռուսական յարձակումը չէզոքացնելու համար Նապոլեոն Բոնապարտը 1812 թ. յունիսի 24-ին սկսեց ռազմարշաւը եւ երեք ամիս էլ չանցած, սեպտեմբերի 14-ին, գրաւեց Մոսկուան: Այսինքն՝ հարիւր օրուայ ընթացքում ռուսական բանակը յետ փախաւ մօտ 900 կմ: Բեռնատար ձիերով, եզներով եւ վիրաւոր բիւրաւոր զինւորներով համատարած ճահճուտների եւ անտառների միջով այդպիսի արագութեամբ փախուստը, որը ռուս պատմագիտութիւնը որակում է «կուտուզովեան ռազմական յաղթական մանեովր», այդ տարիներին իրօք որ փախուստի համար չլսուած-չտեսնուած արագութիւն էր: Փախչելու արագութեան մէջ ռուսական բանակը այդ ժամանակների համար սահմանեց միջազգային մրցանիշ՝ օրական միջին հաշւով ճողոպրելուվ 10-11 կմ: «Այդ յաղթական մանեովրով» ռուսները թէեւ Բորոդինոյում Նապոլեոնի 134 հազար զինուորի եւ 587 թնդանօթի դէմ հանել էին 155 հազար զինուոր եւ 624 թնդանօթ, բայց ֆրանսիացի 35 հազար զոհերի դիմաց տուեցին 50-ից 55 հազար սպանուած՝ փախչելով նաեւ մայրաքաղաքից: Նապոլեոն կայսրը 36 օր Մոսկուայում մնալուց յետոյ, երբ սառնամանիքները սկսեցին, իսկ զորքի ուտելիքն ու ռազմամթերքը սկսուեց սպառուել, բանակի հրամանատարութիւնը յանձնելով իր քրոջ ամուսին, հայազգի մարաջախտ Նեապոլիտանիայի թագաւոր Յոհակիմ Միւրատին, յետ գնաց: Ընդ որում, նշուած 36 օրերի ընթացքում ռուսների կողմից, դարձեա՛լ «յաղթական մանեովրի» պատճառով, որեւէ լուրջ ռազմափորձ չարուեց գօնէ խանգարելո՛ւ ֆրանսիական զօրքի անդորրը Մոսկուայում: Աւելին, Բորոդինոյի հերոս հռչակուած Կուտուզովը Նապոլեոն Բոնապարտի ամբողջ յետդարձի ընթացքում նոյնպէս ոչ մի անգամ չը համարձակուեց իր հիմնական ուժերով մարտի մտնել նրա հետ… Բորոդինոն յաղթանակ սարքելուց աւելի մեծ անհեթէթութիւն է, երբ Նիկոլայ Ա-ն «յաղթական պատերազմի 25-ամեակի յոբելեանը» նշելիս, ռուսաց բանակի 900 կմ լեղապատառ փախուստը յայտարարուեց «ռազմավարական նահանջ», իսկ խորտակիչ ջախջախումը՝ յանուն արքայի ու հայրենիքի «Հայրենական պատերազմ», «ժողովրդական պատերազմի դագանա՛կ ֆրանսիացիների գլխին»: Ինչ «ժողովրդական» պատերազմի եւ «դագանակի» մասին է խօսքը, երբ Ռուսաստանի 32 մարզերի ապստամբ գիւղացիութիւնը, որոնց մէջ նաեւ Կուտուզովի 5567 սեփական ճորտերը, հէնց 1812 թ. պատերազմ էր սկսել բռնատիրութեան դէմ, իսկ Մոսկուայի մարզի Վոլոկոլամեան, Սերպուխովեան, Կոլոմէնեան եւ Պոկրովեան գաւառների ճորտերը յայտարարում էին. «Բոնապարտը Մոսկուայում է, ասել է թէ՝ նա՛ է մեր արքան»:

Մշտապէս վաճառքի հանւող թնդանօթի միս ռուս անհայրենիք մուժիկին, նաեւ զինուորին «յանուն արքայի ու հայրենիքի ժողովրդական կռուի» մղելու բնորոշումը նոյնպիսի մի աճպարարութիւն էր, ինչպիսին այդ ճակատամարտը յաղթանակ յայտարարելը, քանի որ «հայրենիք» հասկացութիւնը երկրի մօտ 95 տոկոսը կազմող ռուս անասնակերպ ճորտի համար, մինչեւ 1861 թ. այդ երկրից ճորտատիրութեան վերացումը, անըմբռնելի էր: Այսինքն՝ ռուս պատմագիտութիւնը «հայրենական», այն է՝ համընդհանուր է համարւում պատերազմը այն երկրի, որի բնակչութեան 95 տոկոսը վաճառքի հանւող ստրկատիպ ճորտ էր, որը չէր կարող իմանար-հասկանար ինչ է հայրենիքը, քանի որ անասունի հետ համահաւասար վաճառքի ենթակայ ապրանք էր: Իրօք, երբ ռուս թագաւորին անհրաժեշտ էր կասեցնել ռուս զինուորի լեղապատառ փախուստը ճակատելուց, նա զինուորին եւ գիւղացիութեանը «հայրենական պատերազմի» կոչ չարեց: Նա Ռուսաստանի ամբո՛ղջ զօրքի մէջ ֆրանսիացիների հանդէպ թշնամութիւն եւ ոխ ներարկելու, այսինքն՝ ռուս զօրքին ֆրանսիական զօրքի դէմ կռուի մղելու համար մայրաքաղաքը Նապոլեոնին յանձնելու երկրորդ օրն իսկ հրամայեց հրդեհեն Մոսկուան: Հինգ օր շարունակ ռուսները հրդեհով ոչնչացրեցին ոչ միայն քաղաքի մեծ մասը, այլեւ ողջ-ողջ այրեցին 20 հազարի չափ ռուս վիրաւոր զինուորի՝ այդ ամէնը գցելով քաղաքը գրաւած ֆրանսիացիների վրայ2: Դարձեա՛լ, վերստի՛ն եւ նորի՛ց աննախադէպ բարբարոսութի՛ւն մինչ այդ եղած պատերազմների համաշխարհային պատմութեան մէջ…

2.Евгений Понасенков: “Правда о войне 1812 года”, М, 2004

ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930