Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին ոչինչ չի խանգարում պարզել, թե սահմանին ինչպես են ծագել բռնությունները:
Հիշեցնենք, որ սահմանային լարված իրավիճակին ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր արձագանքել է կրկին երկու կողմին սթափեցնող կոչերով ու հայտարարել, որ ի վիճակի չեն հստակ որոշել, թե սահմանին ինչպես են ծագել բռնությունները, քանի որ յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին:
«Ինձ համար զարմանալի է, որ ասում են չեն կարող պարզել՝ ով է ինչ արել, որովհետեւ իրենց գոյության նպատակներից մեկն էլ հենց այն է, որ հասկանան՝ ով ինչ է արել: Եթե չեն կարողանում հասկանալ, գուցե ուրիշ մասնագետներ պետք է վարձեն: Թող գան, պարզեն, հասկանան, որը որից հետո է եղել: Կրակոցի հետեւանքներն այնպիսի բան չեն, որ չի կարելի տարբերել մի ամիս առաջ կրակածի հետքը երեկ արված կրակոցի հետքից: Պարզապես համանախագահները մինչեւ բյուրոկրատական մեխանիզմներով հավաքվեն, կարող է մի ամսից նոր գան»,- ասաց փորձագետը:
Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը պայմանավորում է ներքին քաղաքական շահերի հակասությամբ. «Ամեն մի երկիր տարբեր շահեր ունի, ներքին շահերի բախում կա: ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա տարբեր շահեր ունեցող երկրներ են, հաճախ իրար հակասող»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, որում ասվում է, թե հայկական կողմն է սադրանքների գնում ու այդ հայտարարության մեջ տեղ գտած սպառնալիքներին՝ պարոն Վրթանեսյանը շարունակեց. «Բացի դրանից՝ սպառնալիքներ կային ուղղված հայկական բնակավայրերին ու կոմունիկացիաներին, այդ սպառնալիքները ԵԱՀԿ խումբը հաշվի պետք է առներ, եթե դա չեն տեսնում, մեղմ ասած, շատ զարմանալի է»:
Փորձագետը չի հավատում, որ սահմանին իրավիճակն այնքան կսրվի, որ շարունակությունը լինեն լայնամասշտաբ գործողությունները. «Լայնամասշտաբ գործողությունների հավատս չի գալիս, քիչ հավանական է, որ Ադրբեջանը նման քայլի գնա, որովհետեւ Ադրբեջանն ու Ալիեւի կլանը շատ բան ունեն կորցնելու, բայց այն, որ էսկալացիայի ամեն փուլում բռնության ավելի բարձր մակարդակի են անցնում, դա փաստ է: Շատ հնարավոր է՝ ինչ-որ պահի չկարողանան վերահսկել գործընթացն ու հայտնվեն իրենց համար անսպասելի գործողությունների կենտրոնում»:
Նա նաեւ պատահական չի համարում, որ սահմանում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը նախորդեց Նյու Յորքում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. «Այդ կապը փաստացի նշում է նաեւ ՀՀ ՊՆ-ն ԱԳՆ ի ներկայացուցիչը, այնպես որ շատ զռռացող է, ո՞նց կարող է կապ չլինի, հենց հանդիպման նախորդ օրը նման գործողությունների են դիմում: Հիմնական նպատակը հոգեբանական ճնշումն է՝ հայկական կողմից զիջումներ կորզելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
,