Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մարկ Հորթոնը հերքեց ՀՀ ֆինանսների նախարարի ասածը

Սեպտեմբեր 25,2015 21:54

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սեկվեստրի առաջարկ չի եղել

Սեպտեմբերի 25-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, պատասխանելով  ՀԺ-ի լրագրողի հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի (լուսանկարում) այն հայտարարությունը, թե Արժույթի միջազգային հիմնադրամը առաջարկել է սեկվեստր անցկացնել, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն ասաց. «Մենք նման բան չենք առաջարկել: Հարցրել ենք՝ ինչպե՞ս է  ֆինանսների նախարարությունը պատրաստվում հաջորդ տարվա բյուջեում ծախսերի ռիսկը հոգալ, իսկ դա իրականացնելու գործիքներից մեկը սեկվեստրն է: Ամեն դեպքում մենք խորհուրդ չենք տվել սեկվեստր, քանի որ նման բան արվում է ուժեղ ռիսկերի դեպքում, ինչը այս պահին չենք տեսնում»:

Դրամի լողացող փոխարժեքին էլ անդրադառնալով, Մարկ Հորթոնն ասաց, որ Ռուսաստանի իրադարձությունները, բնականաբար, ազդում են Հայաստանի վրա, բայց դա չի նշանակում, որ եթե ռուբլու արժեքը փոխվում է, ուրեմն դրամն էլ նույնչափ պետք է փոխվի:  Նրա ձեւակերպմամբ, ի տարբերություն Ռուսաստանի 20% գնաճի, Հայատանում այն 3-4 % է. «Հիմնական հանգամանքը ՀՀ արտաքին ընթացիկ հաշվի ճշգրտումն է, որը մեղմել է դրամի վրա ճնշումը:  Վերջին  անգամ ղազախա-չինական անհանգստությունների ֆոնին է Կենտրոնական բանկը միջամտել, այդ ժամանակից ի վեր դրամի արժեքը կայունացել է,  եւ անցյալ շաբաթ հետ է գնվել $20 մլն: Դրամը այս շաբաթ արժեւորվել է, հաջորդ մի քանի շաբաթներին էլ կարժեւորվի, մինչեւ սկսեն գործել սեզոնային գործոնները…Դա ինչ-որ տեղ հոգեբանական երեւույթ է: Հավանաբար Ռուսաստանում աշխատող հայերը ականատես են եղել իրենց եկամտի նվազմանը, հնարավոր է՝ ենթադրել են, որ ռուբլու նման անկման դեպքում ինչո՞ւ պետք է նույնը դրամի հետ չլինի: Սակայն դա հիմնավորված չէ, ապագայի համար կան ռիսկեր, սակայն  դրանք ընդամենը ռիսկեր են  եւ ոչ թե որոշակի իրադարձություններ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Աշխեն says:

    աղջիկ ջան, էդ սեկվեստորն էդ ի՞նչ բան ա… հայերեն գրի բան հասկանանք…

  2. Տիգրան says:

    հենց նոր տեսա այս մեկնաբանություններն ու..ու էլ ի՞նչ ու….Գոհար Հակոբյան ջան, տնտեսագիտական եզրույթները պիտի անկայաման անհասկանալի եսիմինչերեն լեզվով լինե՞ն.. դու մեղք ունես այնքանով, որ չես խուսափում դրանք գործածելուց….եթե էդ գրողի տարած արգելակալանքը կա, բա էլ սեկվեստորն ինչ ցավս ա…մեր քաղօրենսգիրքը նման աղբով լցված ա ու լցված…որ ի՞նչ….Իսկ լրագրողները մեղավոր են, այո, մեղավոր, որ հայերենի վրա թքած ունեն….Արամ Աբրահամյանն ասում ա, որ էսօրվա սերունդը, ցավոք (ցավո՞ք) երկրորդ լեզու չունի..մի սփյուռքահայ բարեկամ էլ ասում ա, թե անգլերենը պիտի լինի երկրորդ լեզու..ախպեր, նման մտածելակերպի պայմաններում հայերենը ինչու ընդհանրապես լինի…..քանի մենք միալեզու չենք, մենք ազգ չենք լինի…ես չեմ արգելում օտար լեզու իմանալը, ինչ ուզում ես իմացի, բայց մի սարքի դա համազգային խնդիր..հենց սարքեցիր կորած ես…մենք կորելու ճանապարհին ենք….

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Տիգրան, դուք իրավացի եք, տվյալ պարագայում սեկվեստր բառի փոխարեն ես կարող էի օգտագործել արգելակալանք բառը կամ ծախսերի կրճատում արտահայտությունը: Այո, հոդվածները պետք է լինեն հայերեն շարադրված, հանրամատչելի եւ ոչ թե ընթերցողների մասնագիտական շրջանակի համար ու օտար եզրույթներով «խճողված», բայց մյուս կողմից էլ այդ եզրույթները ծայրահեղորեն հայերենացնելը ավելի խրթին է դարձնում ասելիքը: Շնորհակալություն, որ սրտացավ եք մայրենի լեզվի անաղարտության հարցում: Երանի ձեզ պես մտածողները շատ լինեին: Հարգանքով՝ Գոհար Հակոբյան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930