Մարկ Հորթոնը կարեւորեց էներգետիկայի ոլորտի ագրեսիվ բարեփոխման անհրաժեշտությունը
Սեպտեմբերի 25-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակության ասուլիսը, որը վարում էր ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
Նա հատուկ շեշտեց, որ ասուլիսը երկու օրով հետաձգել են, որպեսզի կարողանան հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը Չինաստանում էր:
Հավելեց, որ հանդիպել են ինչպես վարչապետի, այնպես էլ ՀՀ նախագահի հետ:
Կարդացեք նաև
Մարկ Հորթոնը հայտնեց, որ այժմ վերջնական տեսքի է բերվում եռամյա ծրագրի ստուգման աշխատանքների արդյունքը, որը նրա ձեւակերպմամբ, այս անգամ մի փոքր ավելի երկար ժամանակ է պահանջել: Ըստ նրա, ՀՀ կառավարությունը դեռ որոշակի աշխատանք ունի 2016 թ. բյուջեի ուղղությամբ:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն ասաց, որ պետական եկամուտների հավաքագրումը մի փոքր ավելի ցածր է եղել, տարին բյուջեի համար դյուրին չի եղել, բայց ինքը հույս ունի, որ տարին կփակվի 2,5 % տնտեսական աճով: «Քննարկել ենք 2016 թվականի բյուջեն, որպեսզի ավելի ճիշտ ցուցանիշներ լինեն, հեռանկարի առումով անորոշություն կա, բյուջեի հետ կապված տարին ռիսկեր կառաջացնի, խնդիրներից մեկը ռիսկերի մեղմումն է»,-հավելեց նա՝ ասելով, որ հաջորդ տարվա բյուջեն կներառի ակցիզային հարկի որոշ բարձրացումներ, ծախսերը շատ չեն ավելանա, քանի որ իրավիճակը բարդ է:
Նրա խոսքով , 2015-ի ընթացքում ճշգրտվել է արտաքին ընթացիկ հաշվի պակասորդը, դա ապրանքների, ծառայությունների, դրամական եւ այլ հոսքերի մնացորդային հաշվին է, որը փոքր թիվ չէ, այս տարի նավթի գներն էին ցածր, եւ դրամական փոխանցումները: «Այս տարի սկսել է գործել պղնձի խոշոր հանք, ավելացել են պղնձի արտահանման ծավալները, արտաքին ընթացքի հաշվի ճշգրտումը նպաստել է, որ թուլանա ճնշումը արտարժույթի շուկայում, չնայած այս ոլորտում էլ կարելի է անորոշություն տեսնել: Իշխանությունների հետ քննարկել ենք Հարկային օրենսգիրքը, որով նախատեսավում է կայուն համակարգ ներդնել, ընդ որում հարկային փոփոխությունները պետք է միջնաժամկետ հատվածի տնտեսական աճին ծառայեն, ավելի շատ ռեսուրսներ ունեցողները ավելի շատ հարկեր վճարեն, հարկերն էլ լինեն պարզ»,- ասաց Մարկ Հորթոնը:
Նաեւ փաստեց, որ վերջին մի քանի տարիներին բարձրացել է պետական պարտքը, ինչը անհրաժեշտ է պակասեցնել: Նրա խոսքով, էներգետիկայի ոլորտում կառավարության հետ ունեցել են քննարկումներ, ու կառավարությունը սպասում է աուդիտների պատասխաններին: «Կարիք կլինի լրացուցիչ ուսումնասիրել սակագների ձեւավորման գործընթացը՝ համոզվելու համար, որ էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունները զբաղված են իրենց բուն գործունեությամբ, եւ ոչ թե այն բաներով, որ բնորոշ չեն իրենց: Նկատել եք, որ էներգետիկայի ոլորտում պարտքեր են գոյանում եւ փոխանցվում պետության վրա: Բարեփոխումների նպատակն է էներգետիկայի ոլորտի բարելավումը, որպեսզի պետությունը նոր պարտքեր չկուտակի»,-ասաց առաքելության ղեկավարը: Հավելեց, որ Հայաստանում տնտեսական աճի ցածր լինելը պայմանավորված է բանկային համակարգով, վարկավորման բարձր տոկոսադրույքներով, շեշտեց, որ համակարգը պետք է ագրեսիվ բարեփոխվի: «Յուրաքանչյուր ստուգման ավարտին նախատեսվում է $17 մլն-ի տրամադրում, որը տրվում է Կենտրոնական բանկին»,-ասուլիսի վերջում ասաց Մարկ Հորթոնը: Նա ողջ ասուլիսի ընթացքում անընդհատ շեշտում էր, որ Հայաստանի տնտեսության առումով բազմաթիվ ռիսկեր եւ անորոշություններ կան:
Նրա դիտարկմամբ, Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը Ռուսաստանում տնտեսական աճի արագացումն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ