Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Պարզվեց, որ մենք շատ ավելի լուրջ էինք, քան մենք էինք պատկերացնում»

Սեպտեմբեր 25,2015 19:13

«Կան մարդիկ, ովքեր պատրաստ են գալ`թեւքերը քշտել ու գործի անցնել»

«Մենք եւս զարմացած էինք եւ չէինք թաքցնում: Մտածում էինք`մեր երկրում ինչ-որ բան է փոխվում, հակադիր կարծիք էլ են ցանկանում լսել: Ի վերջո, եթե նախագիծ է քննարկվում, բոլորին պետք է լսել, դրականը վերցնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը: Նա «Նոր Հայք» նախաձեռնության անդամներից է:

«Նոր Հայք» նախաձեռնությունն այսօր կառավարության նիստերի դահլիճում պետք է սահմանադրական բարեփոխումներին նվիրված միջոցառում անցկացներ: Նախաձեռնության անդամներն են նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, նախկին պատգամավորներ Սոս Գիմիշյանը, Վարդան Խաչատրյանը, նախկին բարձրաստիճան սպա Գառնիկ Մարգարյանը եւ այլք: Կազմակերպիչները սահմանված կարգով դիմել են դահլիճի համար, համաձայնությունը ստացել են, վճարումները կատարել են: Սակայն միջոցառումից մեկ ժամ առաջ նրանց զանգահարել եւ տեղեկացրել են, որ վթար է եղել, էլեկտրականության լարերը վնասվել են, եւ դահլիճը շահագործման պիտանի չէ:

Սոս Գիմիշյանն ասում է, որ իրենք արդեն սկսել էին մտածել, թե Հայաստանում առողջ գործընթացներ են տեղի ունենում: «Բայց հետո պարզվեց, որ մենք շատ ավելի լուրջ էինք, քան մենք էինք պատկերացնում»,-հեգնեց մեր զրուցակիցը: Սոս Գիմիշյանն ասում է, որ միջոցառումից մեկ ժամ առաջ կառավարությունից իրենց ասել են, թե երկու-երեք օր է պահանջվում էլեկտրալարերի վթարը վերացնելու համար: Ինքն առաջարկել է լավ մասնագետների հետ գալ ու վթարը կարգավորել, բայց հրաժարվել են: «Որոշել են արագ մեր մուծած գումարը վերադարձնել, մենք հրաժարվում ենք: Ուզում ենք մինչեւ վերջ հասնել, որ իրենք ասեն`չէ, ախպեր ջան, խնդիրը հոսանքը չի, դուք եք»:

Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք պատրաստվում էին սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ ելույթներ ունենալ եւ ներկայացնել իրենց հակահամակարգը, թե ինչպե՞ս են իրենք տեսնում Հայաստանում համակարգի ձեւավորումը, որը հիմնված է ընտանիքի ամրության, ազգային արժեքների վրա, որ երկիր կառուցենք, ժողովրդի հավատը վերականգնենք: «Մենք լուրջ թիմ ենք հավաքել: Կան մարդիկ, ովքեր պատրաստ են գալ`թեւքերը քշտել ու գործի անցնել, բայց վերջին պահին…»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930