«Այն, որ Հայաստանի իշխանությունները մերժում են, դա նշանակում է, որ վերադասից եկել է հրահանգ`այդ բանը չանել: Էլեկտրականությունը կտրվել է դրսից: Այդ դրսին մենք անվանում ենք «Վենետիկի հանձնաժողով»,- լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց Աշոտ Մանուչարյանը: Բանն այն է, որ «Նոր Հայք» նախաձեռնությունն այսօր, կառավարության նիստերի դահլիճում պետք է անցկացներ սահմանադրական բարեփոխումներին նվիրված միջոցառում:
Նախաձեռնության անդամներն են նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, նախկին պատգամավորներ Սուս Գիմիշյանը, Վարդան Խաչատրյանը, նախկին բարձրաստիճան սպա Գառնիկ Մարգարյանը եւ այլք: Կազմակերպիչները սահմանված կարգով դիմել են դահլիճի համար, համաձայնությունը ստացել են, վճարումները կատարել են: Սակայն միջոցառումից մեկ ժամ առաջ նրանց զանգահարել եւ տեղեկացրել են, որ վթար է եղել, էլեկտրականության լարերը վնասվել են եւ դահլիճը շահագործման պիտանի չէ:
«Մենք կգտնենք գործողությունների շարքը, կկարողանանք պարտադրել նրանց, որ Հայաստանն ուրիշ տեղ է եւ այն գործողությունները, որոնք սովորաբար անում են ուրիշ տեղերում եւ հաջողության են հասնում, այստեղ չի ստացվի»,- նկատի ունենալով «վենետիկցիներին», ասաց Աշոտ Մանուչարյանը:
Հարցին` այս նախաձեռնությունը, փաստորեն, այլ է եւ կապ չունի արդեն իսկ ձեւավորված «Ոչ»-ի ճակատի հետ. համագործակցության հնարավորություններ տեսնո՞ւմ եք, Աշոտ Մանուչարյանն ասաց, որ Հայաստանը պայքարելու է համատեղ, բոլորը միասին. «Բայց սկզբից, Հայաստանում բոլորին պետք է կանգնացնել փաստի առաջ`այն պատգամավորները, նախագահները եւ այլն, որոնք ստորագրել են նրա տակ, որ այս քայքայիչ գործողությունը երկրի հանդեպ կատարվի, պիտի կանգնեն դեմ առ դեմ ժողովրդի հետ եւ խոսեն դրա մասին: Ընդդիմության մեր բոլոր գործընկերներին ասել ենք`բաց քննարկում ժողովրդի առջեւ: Ժողովուրդը պետք է իմանա`ո՞վ է այստեղ քայքայող գործընթացներ մտցնում, ո՞վ է մեր սեփականությունը փորձում հանձնել արտաքին աշխարհին, ո՞վ է մեր օրենքները լրիվ տվել նրանց տնօրինությանը եւ այլն: Սահմանադրության 81 հոդվածի համաձայն է հիմա Վենետիկի հանձնաժողովն այստեղ դահլիճներն արգելում, վաղը`զուգարանի թուղթն է արգելելու, նրանք ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնելու: Միայն մի բան կա, որի առջեւ կկանգնեն`ժողովրդի միասնական գործողությունը, որին մենք հասնելու ենք: Ոչ մի իշխանություն, ոչ մի ընդդիմություն ի վիճակի չի դիմակայել, միայն միասնականացված ժողովուրդը: Մեր զորեղ իշխանությունները`ում ասես բռնեն, ում ասես ծեծեն, բայց մի փիսիկ զանգահարեց Վենետիկից, անմիջապես լարերը կտրեցին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ