«Մինսկի խմբի ձևաչափին ավելի արդյունավետ այլընտրանքային տարբերակ գոյություն չունի»,-Aravot.am-ի հարցին ի՞նչ զարգացումներ են սպասվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը և′ սահմանին է ակտիվ, և′ փորձեր է կատարում հակամարտության խաղաղ կարգավորման ձևաչափը փոփոխել, օրինակ՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական քարոզչության արդյունքում պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց, այսպես պատասխանեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
«Ռեգիոն» կենտրոնի՝ «Մամուլի միջազգային «ԴԻԱԼՈԳ» ակումբ. հայաստանյան լրատվամիջոցների համար միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցնում» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը, անցկացվող օնլայն ասուլիսի ժամանակ պարոն Էվանսն այս առիթով նկատեց. «Հակամարտության կարգավորումը ոչ այնքան կախված է համանախագահներից, որքան հակամարտող կողմերից»:
Այնուհետև նշեց, որ լինի դա Ստրասբուրգում, Վիենայում, թե այլուր, կողմերն իրենք պետք է զերծ մնան լոբբիստական գործունեությունից և փորձեն հակամարտության կարգավորման լուծումներ գտնել:
Նախկին դեսպանին հիշեցրինք, որ Հայաստանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անցկացվող բողոքի ակցիաները ռուսական շատ ԶԼՄ-ներ բնութագրեցին որպես մայդան: Այնուհետև հետաքրքրվեցինք` սա ռուսական քարոզչամեքենայի ձեռքի գո՞րծն էր, թե իրականում այդ գործընթացում նշմարվում էին մայդանին բնորոշ տարրեր: Ջոն Էվանսը պատասխանեց. «Իհարկե, ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ները փորձ կատարեցին մայդան պիտակը դնել Հայաստանում ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման կազմակերպվող բողոքի ցույցերին: Եվ այդ հարցում յուրաքանչյուրն իր պատճառներն ուներ: Բայց ՀՀ քաղաքացիները բավականին հաջող կերպով կարողացան պատասխանել այդ անհիմն պնդումներին»:
Կարդացեք նաև
Անդրադարձ կատարվեց նաև հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր առաջընթացին: Սակայն Ջոն Էվանսը այս պահի դրությամբ շատ քիչ հեռանկար է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, բայց խորհուրդ է տալիս երկու կողմերին «դիվանագիտական հագեցած հարաբերությունների մեջ մտնել»:
Դառնալով այս օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության փաստի վերաբերյալ հնչող մտահոգություններին` պարոն Էվանսը շեշտեց, որ երկու կողմերը, հատկապես Բաքուն պետք է ցուցաբերեն զսպվածություն, քանի որ միշտ էլ կա այն մտավախությունը, որ նման սահմանային միջադեպերը կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, ինչը ներկայիս իրավիճակում կարող է ավելի կործանարար լինել, քան 1990-ականների պատերազմը»:
Պարոն Էվանսը հատկապես լուրջ մտահոգություն հայտնեց այն առիթով, որ հրադադարի խախտումներ են տեղի ունենում Տավուշի և Նախիջևանի սահմանային հատվածներում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ