Այս ամռան ընթացում ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության շնորհիվ հիմնանորոգվեց Քաշաթաղի շրջանի Վուրգավանի միջնակարգ դպրոցի շենքը, բարեկարգվեց և ցանցապատվեց տարածքը: Շենքի մի հատվածն էլ հատկացվել է համայնքապետարանին և բուժկետին: Սեպտեմբերի 5-ին կայացավ դպրոցի բացումը: Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժինն այդ ժամանակ կրթօջախին հատկացրեց օգտագործված գույք:
Սեպտեմբերի 24-ին վուրգավանցիները դարձյալ դպրոցական գույք ստացան: Երևանում գործող «Հայ դպրոց» հիմնադրամը (տնօրեն՝ Կարեն Բունիաթյան) 2 միլիոն քառասուն հազար դրամ արժողությամբ աթոռ-նստարաններ, պահարաններ, կախիչներ, գրատախտակներ և այլ անհրաժեշտ գույք նվիրաբերեց Վուրգավանի դպրոցին:
Արտաշատում գործող մատակարար «Նարվակ» ՍՊԸ-ի վարորդ Վարդան Մարտիրոսյանի հետ Բերձորից մեկնեցի Վուրգավան: Վարորդը մեծ զգուշությամբ էր վարում մեքենան, որ անվնաս տեղ հասցներ արժեքավոր ապրանքը: Դպրոցի մոտ մեզ դիմավորեցին ուսուցիչներն ու աշակերտները՝ տնօրեն Մկրտիչ Փոթոյանի հետ:
Մեծ էր կրթօջախի անձնակազմի ուրախությունը, և պատահական չէր, որ բեռնաթափումը կատարեցին իրենք՝ ուսուցիչներն ու աշակերտները: Երկրորդ դասարանցի Բագրատը կրում էր իրենց համար նախատեսված աթոռները: 7-րդ դասարանցի Ռուբենը և 8-րդցի Զորիկը մեքենայի թափքում էին աշխատում:
Դպրոցի տնօրենը և ուսուցիչները հայտնեցին շնորհակալություն բարերարներին, ովքեր հոգացել են անհրաժեշտ գույքի համար: Շնորհակալություն հայտնեցին նաև «Հայրենասեր» կազմակերպությանը, որի շնորհիվ արդեն ունեն գեղեցիկ ու լուսավոր դպրոց և անհրաժեշտ գույք՝ «Հայ դպրոց»-ի կողմից:
Այդ ընթացքում շրջեցի դպրոցում. դասարաններում՝ գրատախտակների հարևանությամբ արդեն փակցված էին դասացուցակներն ու հերթապահության թղթերը: Զգացվում է, որ սիրով են ընթանում դասերը: Տնօրեն Մ. Փոթոյանը նշեց, որ աշակերտները պարտաճանաչ հաճախում են դասերին: Տեղեկացրեց նաև, որ մի դասասենյակ հատկացվել է Բերձորի արվեստի դպրոցի երաժշտական դասարանին, որտեղ դարձյալ սիրով են հաճախում նաև հարևան համայնքներից երաժշտություն ուսումնասիրող աշակերտները:
Հ. Գ. «Հայրենասեր»-ի համահիմնադիր Ստեփան Սարգսյանը ֆեյսբուքով տեղեկացրեց, որ գույքի հատկացումն էլ է իրականացել իրենց ջանքերի շնորհիվ. այցելել են «Հայ դպրոց»-ի գրասենյակ, նկարագրել Վուրգավանի տեղն ու պայմանները, և ահա ցանկալի արդյունքը:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ