Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Հովեյանի որդուն պաշտոն տվին

Սեպտեմբեր 25,2015 17:11

Արման Ծատուրյանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն նշանակվելուց հետո Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը մնացել էր թափուր, տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել ոլորտի «հնաբնակ» Նորայր Նազարյանը: Այնուհետեւ սահմանված կարգով մրցույթ էր հայտարարվել, թեկնածուներն էլ երկուսն էին՝ Նորայր Նազարյանը եւ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի որդին՝ ալտահար Վաչե Հովեյանը:

Ընդ որում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համակարգում աշխատող կոլեկտիվները հենց Նորայր Նազարյանին էլ ակնկալում էին տեսնել տնօրենի պաշտոնում: Սակայն տնօրեն է դարձել Հովիկ Հովեյանի որդին՝ Վաչեն, ինչը առաջացրել է Կամերային երաժշտության տանը գործող կոլեկտիվների դժգոհությունը: Նրանք նամակ են գրել ՀՀ մշակույթի նախարարին, որի տակ ստորագրել են Մենակատարների անսամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Վարդանյանը, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը, «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, Երեւանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Սեդրակ Երկանյանն ասաց, որ երկու թեկնածուներն էլ հավասար միավորներ են ստացել, բայց նշանակվել է Վաչե Հովեյանը: «Նորայր Նազարյանը երկար տարիներ աշխատել է Կամերային նվագախմբի տնօրեն, վերջին ամիսներին էլ պաշտոնակատար, այդ տարիների ընթացքում պարոն Նազարյանը ձեռք էր բերել որոշակի շատ կարեւոր փորձառություն ոչ միայն ադմինիստրատիվ աշխատանք կատարելու, այլեւ երաժիշտների, գեղարվեստական ղեկավարների հետ շփվելու առումով: Հաշվի առնելով նաեւ նրա շատ մարդկային բարեմասնությունները, գեղարվեստական ղեկավարների, երաժշտական կենտրոնի անձնակազմի հետ ձեւավորված մարդկային հարաբերությունները՝ մենք կողմ էինք , որպեսզի Նազարյանը լինի տնօրեն, բայց նախապատվությունը տրվեց Վաչեին: Հիմա նախարարին ուղղած մեր գրությամբ ուզում ենք իմանալ՝ ինչու է այդպես եղել»,-ասաց մաեստրոն:

Տարօրինակ էր, բայց մշակույթի նախարարության լրատվականից Aravot.am-ին տեղեկացրին, որ նախարարի անունով նամակը դեռեւս չեն ստացել եւ ստանալուն պես կարձագանքեն:

Վաչե Հովեյանի հետ կապվել չհաջողվեց, նրան ստիպված ֆեյսբուքյան նամակ ուղարկեցինք՝ համապատասխան մեկնաբանություն ստանալու ակնկալիքով:

Իմիջիայլոց, Վաչե Հովեյանի անունը առնչվում է նաեւ հոր՝ Հովիկ Հովեյանի պաշտոնանկության պատմության  հետ կապված: Նախարար Հովեյանը 2006թ. հունվարի 5-ին հրաժարական էր տվել, իսկ դրա նախորդ օրը նախարարը Վաչեի եւ նրա ընկերների հետ մասնակցել էր էլեկտրացանցում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ ատրճանակի խզակոթով հարվածել էր երկու հոգու գլխին: Միջադեպը ծագել էր «Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերության «Հարավ» մասնաճյուղում այն բանից հետո, երբ էլեկտրականության անջատումներ էին եղել Մաշտոցի 58 շենքում, որտեղ բնակվում էր նախարարը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930