«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր ամփոփվեցին 10-րդ աշնանային հավաքի արդյունքները, ներկայացվեցին ընթացիկ եւ սպասվող ծրագրերը: Aravot.am-ի հետ զրույցում կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանը տեղեկացրեց, որ հավաքի ընթացքում ներկայացված նախագծերը հանրակրթական ծրագիրը լրացնում են։ «Ուսումնական պարապմունքներից դուրս, իրենց ընտրությամբ սովորողները զբաղվում են իրենց նախընտրած ուսումնական աշխատանքով՝ ուսումնական տարբեր նախագծերով, որոնց արդյունքներն ամփոփվում են կրթահամալիրի օրացույցով որոշված ստուգատեսներում: Իրականացվում են նաեւ ուսումնական հայրենագիտական ճամփորդություններ, կրթական փոխանակման նախագծեր, տնային ուսումնական այլ աշխատանքներ, որոնք զարգացնում են սովորողի գիտելիքները, հմտությունները»,- ասաց ուսումնական կենտրոնի ղեկավարը:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ հանդիպման ժամանակ սաները եւ կազմակերպիչները ներկայացրեցին Անկախության տոնին նվիրված «Բարձունքների հաղթահարում» ծրագիրը: Կրթահամալիրի փոքրիկ սաներից մեկը տնօրենից հետաքրքրվեց՝ հե՞շտ էր արդյոք սար բարձրանալը: «Պարելով բարձրանում ես՝ թռչկոտելով՝ իջնում»,-կես կատակ-կես լուրջ պատասխանեց Աշոտ Բլեյանը:
Կրթահամալիրի Հայրենագիտական ուսումնական կենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-23-ն իրականացվել է բարձունքի հաղթահարման 43 նախագիծ, որին մասնակցել է 832 սան, այդ թվում՝ 92 դասավանդող եւ 114 ծնող, նախակրթարանի սաներ եւ դաստիարակներ. «Փոքրիկները մասնակցում են «Երեւանյան բլուրներ» նախագծին, որի ժամանակ նրանք հաղթահարում են բլուրները, օրինակ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքը»,-նշեց Կարինե Պետրոսյանը:
Սեպտեմբերի 26-ին սաները կհաղթահարեն Մեղրաձորի Թեժառույքի եւ Սոլակի Մայրավանքի բարձունքները: Իսկ հոկտեմբերին՝ ուսուցչի օրվա առթիվ կիրականացվի «Ուսուցչի օրը՝ բարձունքից» նոր նախագիծը. սաները կբարձրանան Խուստուփ լեռան գագաթը:
Կարդացեք նաև
Ամփոփվեց նաեւ «Կոմիտասյան օրեր» նախագիծը, որի ժամանակ սաները համերգներ են կազմակերպել, երգել Կոմիտասի ստեղծագործությունները, ձայնագրել մեծանուն կոմպոզիտորի քիչ հայտնի երգերը, նաեւ՝ ֆիլմեր պատրաստել:
Սեբաստացիների ամփոփիչ միջոցառումն ուղեկցվեց կոմիտասյան երգերով ու պարով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ