«Միայն ՀԷՑ-ի գնորդ ընկերությունը չէ, որ օֆշորում գրանցված է. դրա հիմնադիր ընկերությունն էլ է գրանցված օֆշորում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «ՀԷՑ-ը հանվել է վաճառքի. հանրային արձագանք և մասնագիտական դիտարկումներ» թեմայով հրավիրված քննարկմանը ՀԷՑ-ի վաճառքի հետ կապված այսպիսի մտահոգություն հայտնեց տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:
Նա նշեց, որ նմանատիպ կազմակերպություններ, որպես կանոն, ստեղծվում են մեկ կոնկրետ գործարք կատարելու համար, ուստի այս ընկերությունը միջանկյալ հանգրվան է լինելու ՀԷՑ-ի համար, հետո այն կվաճառի այլ ընկերության: Սակայն մեկնաբանի համար ակնհայտ է, որ շատ կեղտոտ, մութ ու տարօրինակ գործարք է:
Հարցին` եթե ՀԷՑ-ը վաճառվում է, ապա աուդիտն էլ ո՞ւմ է պետք կամ եթե աուդիտը պարզի, որ չարաշահումներ են եղել, պատասխանատվություն ո՞վ պետք է կրի, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց. «Գնորդի համար աուդիտը հետաքրքիր չէ, գիտի, որ ՀԷՑ-ից կարող է հսկայական եկամուտներ ստանալ: Ավելին, այն աուդիտը, որ պահանջում էին երիտասարդները, չի լինի»:
Ըստ Արամ Մանուկյանի` ՀԷՑ-ը կարող է արդյունավետ աշխատել, եթե ազատագրվի կառավարությունից. «Եթե լիներ մասնավոր իր բիզնեսին տիրություն անող մարդ, այն լավ կաշխատեր: Բայց ՀԷՑ-ը ՀՀ իշխանությունների կողմից օգտագործվել է որպես քաղաքական լծակ ընտրությունները կազմակերպելու համար»:
Կարդացեք նաև
«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով` պետք էր սպասել մինչև աուդիտի ավարտը, որպեսզի իմանայինք` ինչ է կատարվում այնտեղ, ու հետագա գնորդները նմանատիպ խախտումներ և չարաշահումներ չանեին»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը փաստեց, որ վաճառքից հետո աուդիտի հնարավոր հետքերը կորչում են: Նա պարզաբանեց. «Հայտնվում է նոր սեփականատեր, դա նշանակում է, գործ ենք ունենալու այլ կազմակերպության հետ: Ուստի փաստաթղթաշրջանառությունը այլ կերպ է կազմակերպվելու, աուդիտը` ևս»: Աուդիտից հետո պատասխանատվության ենթարկվելու հետ կապված հարցին ի պատասխան՝ Հայկ Գևորգյանը հեգնեց. «Պատասխան ենք տալու մենք` ՀՀ քաղաքացիներս, բարձրացված սակագների տեսքով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ