Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից զանգվածաբար փախչում ու քաղաքական ապաստան են խնդրում անգամ այդ երկրի դեսպանները

Սեպտեմբեր 25,2015 16:11

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում քաղաքական ապաստան խնդրելուն, այդ երկիրը բնութագրեց այսպես. «Ինչքան էլ Հայաստանի Հանրապետությունը լինի ոչ ժողովրդավարական երկիր, մենք տասնապատիկ անգամ ժողովրդավարական ենք, տասնապատիկ անգամ բարձր ենք, քան Ադրբեջանը: Դուք հասկանո՞ւմ եք՝ Ադրբեջանում ինչ աստիճանի է տոտալիտար վարչակարգ, որ նույնիսկ դեսպանները, որոնց հետ են կանչում Բաքու, չեն ուզում վերադառնալ Ադրբեջան, այ այդ մակարդակի երկիր է Ադրբեջանը: Դիվանագետները չգիտեն՝ վերադառնալով Բաքու, իրենք ի՞նչ են ստանալու, գերադասում են քաղաքական ապաստան խնդրել Ավստրալիայից, Բելգիայից, Հոլանդիայից… Սա խայտառակություն է, սա ցույց է տալիս այն անհանդուրժողական մթնոլորտը, որը կա Ադրբեջանում, նույնիսկ իշխանության մեջ, իշխանական բուրգում ոչ ցածր դիրք զբաղեցնող դեսպանները հրաժարվում են վերադառնալ Ադրբեջան:

Այս պահին Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիեւը հրաժարվում է վերադառնալ Բաքու: Վերջինս Ադրբեջանի նախագահի հրամանով այս տարվա մայիսի 20-ից հետ է կանչվել Իսպանիայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից, սակայն պարզվում է՝ բացարձակ մտադրություն չունի լքել իր պաշտոնը եւ խախտելով իրենց նախագահի հրամանը՝ մինչեւ հիմա դեսպանի պարտականություններն է կատարում: Երբ լրագրողները հարցրել են, թե դուք որպես ի՞նչ եք մնացել այս պաշտոնին, նա հայտարարել է, որ ինձ ոչ ոք չի ազատել, այն դեպքում, երբ Ադրբեջանի արտգործնախարարության կայքում տեղադրված է հենց նույն տեղեկությունը, որ նա մայիսի 20-ից Իլհամ Ալիեւի հրամանով դադարեցնում է Ադրբեջանի դեսպանի պարտականությունները:

Մինչ այդ Բաքու չվերադարձավ նաեւ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոս Նահիդ Ջաֆարովը:

Իսկ հունիսի սկզբին Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության առաքելության ղեկավար Արիֆ Մամեդովը, որը Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյա էր, հրաժարվեց Բաքու վերադառնալ, մնաց Բրյուսելում՝քաղաքական ապաստան խնդրելով Բելգիայում: Պատճառն էլ նրա՝ Բաքվում 16 հարկանի շենքում բռնկված հրդեհի մասին ֆեսբուքյան գրառումն էր, որ հիստերիկայի մեջ էր գցել Ալիեւի վարչակազմին, մեծ աղմուկ էր բարձրացել Բաքվում, որովհետեւ դիվանագետը խիստ քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին: Նա էլ գերադասեց ապաստան խնդրել Բելգիայում:

Նրանից հետո, սեպտեմբերի սկզբին հրաժարվեցին Բաքու վերադառնալ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից-դիվանագետներ՝ Ֆարիդ Սուբխանվերդիևը և Անար Հասանովը…Վերջինս խայտառակ փաստեր էր հրապարակել Կանբերայում Ադրբեջանի դեսպան Ռովշան Ջամշիդովի բիզնես գործունեության մասին, որն, ըստ Ա.Հասանովի, դեսպանատան գումարները «պտտեցնում» է ծխախոտի և ալկոհոլի վաճառքի ոլորտներում…

Պատկերացրեք Ադրբեջանում տիրող վիճակը, երբ
դիվանագետներն են զանգվածաբար փախչում Իլհամ Ալիևի վարչակազմից, էլ ինչ ասես նման երկրի մասին»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930