Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Ճշմարիտյանի, չինացիները հետաքրքրված են մեր երկրում աշխատելու ուղղությամբ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2015 15:49

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձավ Հայաստանի կառավարության անդամների Չինաստան կատարած այցի արդյունքներին:

Ճշմարիտյանը վստահեցրեց, որ չինացի գործարարներ կայցելեն Հայաստան, որոնք հետաքրքրված են մեր երկրի մի շարք ոլորտներում համագործակցության ու ներդրումային ծրագրերով: Հարցին՝ թե ո՞ր ոլորտներով են հետաքրքրված չինացիները, նախարարն ասաց՝ թերթավոր ապակու արտադրության, ցեմենտի արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման, զբոսաշրջային եւ ավիացիոն, ինչպես նաեւ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ոլորտներում համագործակցության ծրագրերով:

Չինաստան այցի ժամանակ, ըստ Ճշմարիտյանի, քննարկվել է «Էյր Չայնա» ընկերության կողմից Հայաստանում թռիչքներ իրականացնելու հարցը, ինչպես նաեւ մի քանի այլ ոլորտներում չինական ընկերությունների հետ Հայաստանում աշխատելու հարցը:

Նախարարի խոսքերով՝ «Հիմա այն փուլն է, որ պետք է ավելի կոնկրետ որոշում կայացվեր: Չինական կողմը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնք հետաքրքրված են, մենք համապատասխան հրավեր ենք ուղարկել այդ ընկերություններին եւ սպասում ենք նրանց այցին: Այն, ինչ նշեցի, բոլորը կոնկրետ են: Չինական ընկերությունները պետք է այցելեն Հայաստան, տեսնեն որքանով է հնարավոր ներդրումներ իրականացնել: Կոնկրետ գործողությունների էտապն է, ես կարծում եմ, որ նրանց արձագանքը չի ուշանա»:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցում Չինաստանի հետաքրքրության մասին հայտարարություններին, Ճշմարիտյանն ասաց, որ Չինաստանի վարչապետն արդեն այդ ուղղությամբ հանձնարարություն է տվել. «Չինաստանի վարչապետը հանձնարարեց համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի աշխատանքները կոորդինացնեն եւ հայկական կողմի հետ շարժվեն առաջ, ուսումնասիրեն տեխնիկա-տնտեսական հիմնավորումները, այն ապրանքների ծավալը, որոնք այդ երկաթգծով կարող են փոխադրվել»:

Ճշմարիտյանի ներկայացմամբ՝ երկաթուղին Մետաքսի մեծ ճանապարհի եւ կոնկրետ պատմական հատվածն է. «Այդ ծրագրի հիմնական մեխն այն է, որ Չինաստանը կապվի Եվրոպայի հետ: Տեխնիկա-տնտեսական հիմնավորման ու շահութաբերության գնահատման վերաբերյալ աշխատանքների ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի, թե ինչ ժամանակահատվածում եւ երբ կսկսվեն աշխատանքները. «Ժամկետներ չկան, թե երբ են նայելու, վերջացնելու: Հանձնարարականը տրվեց անմիջապես, երեւի հաջորդ օրվանից կսկսեն քննարկել: Եթե ձեռնտու լինի, կսկսեն ֆինանսավորել:

Նախարարի փոխանցմամբ՝ 3.2 միլիարդ դոլար է հարկավոր երկաթգծի՝ հայկական կողմի աշխատանքների համար:

Մեր այն հարցին, որ տնտեսագետներն ահազանգում են, որ ՀՀ բյուջեն սեկվեստորի շեմին է, Ճշմարիտյանն ասաց, որ այդ հարցը չեն քննարկում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930