Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունեն նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում սահմանված տվյալ տարվա միջոցառումները: Ֆինանսների նախարարին հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի պլանավորման ժամանակ քննարկել հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով պետբյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ, սահմանվում է, որ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ ակտերի էլեկտրոնային ժողովածուի ներկայացումն իրականացվելու է https://www.arlis.am/ ինտերնետային կայքում: Էլեկտրոնային ժողովածուի համալրման աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով` սկզբում պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող, իսկ հետո պաշտոնական սկզբնաղբյուր չունեցող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերը: Էլեկտրոնային ժողովածուի ստեղծումը մեծապես կհեշտացնի իրավական ակտերի հետ աշխատանքը, կնպաստի բնակչության իրավական գրագիտության բարձրացմանը, իրավական պետության կայացմանը:
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 8-ին կնշվի քննչական կոմիտեի ծառայողի օրը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ