Սեպտեմբերի 24-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ հյուրընկալելով Ճապոնիայի խորհրդարանի, կառավարության, պետական այլ կառույցների, գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, դիվանագետների, Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամների, գործարարների, արվեստագետների, լրագրողների:
Միջոցառման մեկնարկին հյուրերին ողջունեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանն, ով մասնավորապես անդրադարձավ անկախ Հայաստանի ձեռքբերումներին և երկրի հետագա զարգացմանը միտված անելիքներին: Նա ընդգծեց, որ այս տարին առանձնահատուկ է հայ ժողովրդի համար, քանի որ ամբողջ աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դեսպան Պողոսյանը գոհունակություն հայտնեց հայ-ճապոնական տարեցտարի սերտացող հարաբերությունների առիթով՝ նշելով, որ Հայաստանն ու Ճապոնիան արդեն իսկ մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվ օրակարգ են ձևավորել:
Այնուհետև ողջույնի խոսք ասաց Ճապոնիա – Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի ղեկավար Սեյշիրո Էտոն, ով, շնորհավորելով ՀՀ անկախության տարեդարձը, ընդգծեց, որ հայ-ճապոնական կապերի խորացման համար լավ հիմք է ստեղծվել, և պատրաստակամ աշխատանքի շնորհիվ հնարավոր է զգալի արդյունքների հասնել:
Հայաստանի ղեկավարությանը, հայ ժողովրդին և հյուրերին շնորհավորական ուղերձ հղեց նաև Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչին: Նա անդրադարձավ վերջին տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերություններում արձանագրված առաջընթացին՝ փոխայցելությունների ակտիվացմանը, գործակցության խորացմանն ու բազմաթիվ միջոցառումների անցկացմանը և վստահություն հայտնեց, որ երկու երկրները հետայսու ևս կշարունակեն քայլեր ձեռնարկել` բարեկամության առավել ամրապնդման ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ