ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի և ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանի մասնակցությամբ սեպտեմբերի 23-24-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Եվրամիության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խմբի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանին Եվրամիության կողմից ցուցաբերվելիք բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվելիք բարեփոխումների շրջանակը, քաղաքացիական ծառայության զարգացման մշակվող ռազմավարության կառուցվածքը և բովանդակությունը, այդ համատեքստում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և SIGMA-ի միջև համագործակցության հեռանկարներն ու հնարավոր եղանակները:
Երկօրյա մանրակրկիտ քննարկումների ընթացքում որոշակիացվեցին բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Դրանք ներառում են այնպիսի արդիական հիմնահարցեր, ինչպիսիք են քաղաքացիական ծառայության համակարգի համալրման և կադրերի ընտրության, քաղաքացիական ծառայողների շարժունության և կարիերային աճի կառուցակարգերի կատարելագործումը, վարչական և մասնագիտական պաշտոնների նոր դասակարգումը, քաղաքացիական ծառայողների գնահատման, էթիկայի և բարեվարքության նոր, գործուն ինստիտուտների ներդրումը: Այս և մի քանի այլ հիմնախնդիրներ հանդիսանալու են համակարգի զարգացման նոր ռազմավարության առանցքային բաղադրիչները:
ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը քննարկումների մեկնարկին նշեց, որ համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու և բարեփոխումներն այդ ուղղությամբ առաջ մղելու Հայաստանի վճռականությունը մնում է անփոփոխ: Նա շնորհակալություն հայտնեց Եվրամիությանն ու SIGMA-ին` արդյունավետ համագործակցության և այդ ուղղությամբ Խորհրդին մեթոդական ու փորձագիտական շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Գոռ Աբրահամյան
Կարդացեք նաև
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ