Նախ հասկանանք, թե ում եւ ինչու են տալիս այդ մեդալներն ու կոչումները: Թվում է` ավելի հեշտ պատասխան չկա այս հարցին, քան այն, որ այդպես գնահատում են մարդու վաստակը, սակայն տարիներ հետեւելով այն բոլորին, ինչ տեղի է ունենում այդ գործընթացում` ստիպված ենք, արժանի մարդկանց գնահատման բացառությունները չանտեսելով հանդերձ, եզրահանգել, որ այդ պատասխանը մի յոթանասուն տոկոսով չի բռնում իրականության հետ, իսկ հնարավոր պատասխաններն էլ դասդասել երեք վարկածով.
ա) ինչ-որ ծառայությունների դիմաց այս կերպ են վարձահատույց են լինում մեր իշխանությունները,
բ) մտերիմներին եւ մերձավորներին են պանծացնում,
գ) ինչ-որ պարտքեր, այդ թվում` ֆինանսական, նյութական սղության պատճառով վերադարձվում են մեդալով եւ կոչումով (նախօրոք ներումն ենք խնդրում մի քսան-երեսուն տոկոս արժանավորներից, որոնք, այնուամենայնիվ, հայտնվում են մեդալ ու կոչում ստացողների շարքում, բայց բացառությունները պարզապես ավելի են ընդգծում վատ օրինաչափությունը):
Կարդացեք նաև
Մինչդեռ իրեն հարգող պետությունում ռազմավարություն պետք է լինի գնահատել իսկական արվեստն ու գրականությունը (անկախ դրանց կրողների իշխանամետ կամ ընդդիմադիր լինելուց), քանի որ այդ մարդիկ ժողովրդի ճաշակը զարգացնելով ու հանրությանը կրթելով` պետության ֆունկցիաներից մեկն են վերցնում իրենց վրա, անգամ սա կարելի է դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից: Բայց ի՞նչ է դուրս գալիս` բազմաթիվ արվեստագետներ ստեղծում են մնայունը, հոգի կրթում-գեղեցկացնում, նրանց ջանքերը հասարակությունը տեսնում է, իշխանությունը` ոչ , նրանց չեն գնահատում, նրանք նյութապես անապահով են, իսկ գնահատանքի ու փողի արժանանում են այն ճարպիկները, որոնց արվեստը, այսպես ասենք` «շիրպատրեբ է» կամ Հայաստանում լրիվ այլակերպված շոու-բիզնես անվանվածը, մնայուն բան չկա, բայց դրանով նրանք փող են վաստակում, իրենց արհեստը բիզնեսի աղբյուր դարձնում: Ու դեռ իշխանությունն էլ նրանց փողին միացնում է կոչումները` էլի փող եւ էլի գովազդ, փողի կրկնապատկման հեռանկարով: Լավ, հասկացանք շուկայական տնտեսություն, հասկացանք, որ խոշոր բիզնեսն է մեր իշխանության հենարանը, բայց էս կլիշեներով արվեստում առաջնորդվելը կործանարար է արդեն մեր ինքնության համար:
Արմենչիկը հայ երաժշտությունը հաջողությամբ մուղամացնելու ու բայաթիացնելու ամենաակնառու օրինակն է, նրան վաստակավորի կոչում տալով մենք ակամա օգնում ենք մեր թշնամիներին, խթանում այն բոլորն, ինչին հակառակ էին Կոմիտասի ջանքերը ժամանակին, ով ցեխից ու կեղտից մաքրում էր հայ մեղեդին:
Կրկնեմ սոցիալական ցանցի գրառումս. այս նիշի կատարողի արժեւորումն իշխանության կողմից նշանակում է շախ եւ մատ հայ երգին, նշանակում է խթանել անճաշակ եւ «ռաբիս» երաժշտությունը, նշանակում է վերեւից նպաստել անճաշակի տարածմանն ու ավելի լայնորեն ներդրմանը: Եթե նույնիսկ ժողովրդի մի զգալի հատվածի պահանջարկն այս տեսակ երաժշտությունն է, բարձր երգարվեստն ու զուլալ հայկական մեղեդին զարգացնող կատարողի խթանումը կարող էր մարդկանց մեջ ճաշակ զարգացնել ու պահանջարկ փոխել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում