Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ ՀԱԿ-ի ներքին խնդիրների եւ ՀԱԿ-ը թաղելու մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2015 12:55

Իշխանությունները հայտարարում են, թե ՀԱԿ-ը քայքայվել է, պառակտվել է: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ իրենց խմբակցության ներքին խնդիրներին. «Մենք չենք տիրապետում իրավիճակին խմբակցությունում՝ սա անհեթեթություն է, որովհետեւ ՀԱԿ-ը այսօր միակ խմբակցությունն է ԱԺ-ում, որը միաժամանակ գործում է իր կանոնադրության համաձայն եւ առաջնորդվում է բացարձակ ժողովրդավարական մեթոդներով: Մենք ունենք ռեգուլյար նիստեր, քվորումը մշտապես ապահովում ենք, երբեք մեծամասնության որոշումները չենք փորձում փաթաթել խմբակցության որեւէ անդամի վրա՝ ղեկավարվելով այն համոզմունքով, որ պատգամավորն առաջնային մանդատ ունի եւ իր սեփական կարծիքն առաջնային է, քան խմբակցության որոշումը: Պատժամիջոցներն անիմաստ ենք համարում, լավագույն դատավորը այստեղ հանրային կարծիքն է: Եթե շատ են հրճվում, որ խմբակցության կարծիքին հակառակ կարծիք կարող է արտահայտել մի պատգամավոր՝ թող հրճվեն, դա ժողովրդավարություն է: Իսկ իրականությունը հետեւյալն է, իրենք 3 տարի ճնշումներ են բանեցնում մեր խմբակցության վրա, քայքայիչ աշխատանք են տանում մեր խմբակցության դեմ եւ զարմացած են, որ 3 տարի է՝ մեր խմբակցությունը պինդ է, արդյունավետ է, որոշումներ է ընդունում եւ օ՜, սարսափ, իրենց վերահսկողության տակ չէ»:

Լրագրողները հարցրեցին՝ Դուք ասում եք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ բովանդակային քննարկման մեջ չեք մտնում, Բայց Ձեր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոնկրետ դրույթների անդրադարձավ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Խմբակցությունը որոշում ունի բովանդակային քննարկումների մեջ չմտնել: Եթե մեր խմբակցության առանձին անդամներ մեր խմբակցության որոշմանը չեն հետեւում, դա մտնում է մեր խմբակցության ժողովրդավարական սկզբունքների մեջ: Նրանք ունեն առաջնային մանդատ եւ կարող են մեծամասնության որոշմանը չենթարկվել»:

Լեւոն Զուրաբյանի բնութագրմամբ՝ խմբակցության քայքայում՝ նշանակում է, որ խմբակցությունն այլեւս ի վիճակի չէ որոշումներ ընդունել, քվորում չի ապահովում:

Դիտարկմանը, որ երբ Շարմազանովն ասում է՝ ՀԱԿ-ը քայքայվում է՝ նկատի ունի այն, որ դուք 7 հոգանոց խմբակցությամբ մտաք ԱԺ, հիմա 4 հոգով եք ըստ էության՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Եթե հաշվենք, թե 2007-ից քանի անգամ է Շարմազանովը մեզ թաղել՝ հնարավոր չէ հաշվել: Երկնքում ինչքան աստղ կա, երեւի այդքան Շարմազանովը մեզ թաղել է: Ամեն մեր քննադատությունից հետո ասել է՝ Կոնգրեսը չկա»:

Լրագրողները հետաքրքրվեցինք մամուլի այն հրապարակումներից, ըստ որի, Լյուդմիլա Սարգսյանի վրա ճնշումներ են գործադրում, մանդատը վայր դնելու առաջարկ է եղել: Լեւոն Զուրաբյանը հորդորեց կոնկրետ օրինակ ասել, թե ինչպես են ճնշել Լյուդմիլա Սարգսյանին: Նա վստահեցրեց, որ մանդատը վայր դնելու առաջարկ նրան հաստատ չի եղել, իսկ Բաղրամյանի հաճախորդ որակման մասով խորհուրդ տվեց հանրությանը հարցնել:

Շուտով Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պետք է նորից հանդիպումներ ունենա խմբակցությունների հետ եւ ՀՀԿ-ականներն ասել են, որ ՀԱԿ-ը 16 առաջարկ է ներկայացնել, ենթադրվում է, որ պետք է մասնակցի հանդիպումներին: Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Իշխող կուսակցությունը հալյուցինացիաներ ունի: Խմբակցությունը ոչ մի առաջարկ էլ չի արել՝ որպես խմբակցություն, գուցե առանձին պատգամավորներ արել են: Խնդրում եմ չենթարկվել ՀՀԿ-ի դեմագոգիային, որը չի կարողանում տարբերել խմբակցությունը առանձին պատգամավորներից, գործ ունենք իրականությանը ոչ համարժեք իշխանության հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930