ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ջեյմս Ուորլիքը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Պիեռ Անդրյուն՝ Ֆրանսիայից) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ համատեղ իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերում եւ շրջակայքում ականանետերի եւ ծանր զինատեսակների օգտագործման առնչությամբ:
ԵԱՀԿ տարածած մամուլի հաղորդագրությունում նշված է, որ այդպիսի զենքերի օգտագործումը հակամարտության անընդունելի սրացում է. «Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին… Մենք կոչ ենք անում կողմերին ամենաուժեղ միջոցները կիրառել քաղաքացիական զոհերից խուսափելու համար: Կողմերը Ժնեւյան կոնվենցիայով պարտավորություն են ստանձնել ապահովելու քաղաքացիականների անվտանգությունը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, թե ցավում են, որ այս միջադեպերը տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ՝Նյու Յորքում կայանալիք հանդիպման նախօրեին. «Մենք ակնկալում ենք, որ նախարարները լուրջ քննարկում կունենան բռնության սրման եւ բանակցության հետ կապված խնդիրների մասին: Թեեւ մենք ի վիճակի չենք հստակ որոշել, թե ինչպես են ծագել այդ բռնությունները, քանի որ յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին, բայց կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմով, ինչը քննարկվել է նախագահների միջեւ»:
Համանախագահները վերջում նշել են, որ կաշխատեն կողմերի հետ ամենաբարձր մակարդակով, որպեսզի նվազեցնեն լարվածությունը եւ առաջ տանեն կարգավորման կայուն եւ խաղաղ բանակցությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ