Այսօր կառավարության նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ խաղողի ամբողջ բերքն անպայման մթերվելու է, չնայած նրան, որ այս տարի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը: Կարապետյանի խոսքերով՝ այս տարի մթերող ընկերությունները որոշակի խնդիրներ ունեն. «Ֆինանսական հոսքեր չեն կարողացել ապահովել՝ կապված արտահանման ծավալների կրճատման հետ: Չնայած որոշ տեղերում տարաները լիքն են»:
Նախարարի ներկայացմամբ՝ 49 մթերող ընկերություններից 32-ն են սկսել մթերումը: Այս տարի խաղողի բերքը 30%-ով ավելի է նախորդ տարվանից, 300 հազար տոննա խաղողի բերք կա: Նախարարն ասաց, որ տարեսկզբին նախատեսված ծավալից պակաս են մթերել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարին հորդորեց հետեւողական աշխատանքներ տանել մթերման աշխատանքների կապակցությամբ, վերահսկել մթերողների աշխատանքները. «Մենք պատրաստ ենք աջակցել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ