Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ սահմանային լարվածությանը՝ ասելով, որ ՀՀ իշխանությունները պետք է մեծ աշխատանք տանեն՝ թույլ չտալով հակառակորդին այդպիսի ագրեսիա դրսեւորել մեր սահմանին. «Ոչ միայն ԶՈՒ-ն է զոհվում, այլ նաեւ խաղաղ բնակչությունը, եւ մենք պետք է ահազանգենք»:
Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, նա ասաց, որ խորը ճգնաժամ է երկրում. «Պարզ է, որ Սերժ Սարգսյանը փորձում է Բաղրամյան 26-ում կազմակերպած ֆոտոսեսիայով ցույց տալ, որ ինքն է այն կենտրոնը, որի շուրջ համախմբվում են, մինչդեռ դա այդպես չէ, խորհրդարանում ներկայացված ուժերը մերժում են նրա նախաձեռնած գործընթացը»:
«Ոչ»-ի ճակատի հետ կապված լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ժառանգությունում» ներկուսակցական լուրջ խնդիրներ կան, ունե՞ք ներուժ, որ «ոչ»-ի ճակատ եք ձեւավորում՝ նա պատասխանեց. «Դուք մի կասկածեք «Ժառանգության» պոտենցիալի վրա, եւ բոլոր այն ուժերը, ովքեր պատրաստ են համախմբվել այն օրակարգի ներքո, որը ենթադրում է մի շարք սահմանադրական օրենքների ընդունում, որից հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, մենք բոլոր այդ ուժերի հետ պատրաստ ենք համախմբվել»:
Թե Գյումրիի հանրահավաքին «Ժառանգությունից» ովքեր են մասնակցելու, որքան էլ լրագրողները պնդեցին, տիկին Փոստանջյանը չասաց՝ վստահեցնելով, որ խնդիր չունեն, մի քանի ժամից կարող են տեսնել. «Ինտրիգ չկա, մի փնտրեք»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ «Ոչ»-ի ճակատի հետ կապված այս պահին հստակ մարտավարություն չկա եւ չի կարող ասել՝ միայն հանրահավաքայի՞ն պայքար է լինելու, թե՞ այլ:
Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք ասել էիք, որ Ձեր փաստաբանների հետ խորհրդակցելու եք եւ որոշեք, թե ինչ քայլերի եք դիմելու ԱԱԾ-ի հայտարարության հետ կապված, արդեն որոշե՞լ եք, հայց ներկայացնելո՞ւ եք:
Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Չեմ ուզում այդքան կենտրոնանալ ԱԱԾ-ի այդ վարքագծի վրա: Մեծ ջանքեր չի պահանջվում ինձանից հայց ներկայացնել դատարան: Չեմ բացառում, բայց չեմ ուզում կենտրոնանալ: Կուզենամ՝ կներկայացնեմ, բայց ավելի լուրջ գործեր ունենք: Երբ մի մարմին նման հայտարարություն է տեղադրում իր կայքում, որի լիազորությունը չուներ, նշանակում է, նա չի գործել օրենքի սահմաններում: Դա միանշանակ է, ԱԱԾ-ն միջամտել է օրենսդիր մարմնի գործունեությանը, փորձել սպառնալիք հնչեցնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ