«Վստահ կարող ենք ասել, որ անմոռուկը հասավ իր նպատակին. ապրիլի 22-24-ը տեղի ունեցած միջոցառումներն ուղիղ եթերով դիտեց 1 միլիարդ 300 միլիոն մարդ»-Կառավարության ընդունելությունների տանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ դեռեւս հունվարին ընդունված համահայկական հռչակագրում կա հստակ հղում Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որն այսօր պատրաստ է առերեսվել պատմության հետ եւ նորովի ընկալել իրականությունը. «Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է լինելու այդ երկրի քաղաքացիական հասարակության առաջընթացով»:
Վիգեն Սարգսյանը հավելեց, որ Ցեղասպանության տարելիցի միջոցառումների շնորհիվ ամրապնդվեց գործակցությունը սփյուռքի կառույցների հետ, ինչը փաստում է տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքը. «Արդյունքում, միջազգային հանրությունը միաձայն ընդունեց, որ Հայաստանը պետք է առաջնորդի ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարը: Կարծում եմ՝ վաղվա նիստի ընթացքում պետական հանձնաժողովը որոշում կկայացնի Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը դարձնել պարբերական եւ երկու տարին մեկ անցկացնել Երեւանում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կառավարության ընդունելությունների տանն ընթանում է «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկումը, որի ընթացքում ներկայացվում են կայացած միջոցառումների արդյունքները:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ