24 տարի է անցել մեր վերանկախացումից, եւ այս տարիների վերլուծում- խորհրդածութիւններով ուզում եմ իմ սրտի գոհունակութիւնն էլ խառնել միլիոնաւոր մեր ժողովրդի ձայնին: Շատերի հետ ես էլ ուզում եմ կենտրոնանալ միայն մեր ձեռքբերումների վրայ եւ բոլորի հետ միասին նշել, մեծարել այս տարիների հունձքը ու բաւարարուել դրանով:
Բայց նոյն պահին մի թուրք երգչուհի խառնում է իմ մտքերը եւ ինձ տանում բոլորովին այլ ճանապարհով, եւ ինքս ինձ չկարողանալով յաղթահարել՝ շեղւում եմ իմ որոշումից: Նա ամբողջ հոգով երգում է՝ «Քելէ՛ լաօ, քելէ էրթանք մեր էրկիր», արիւնս պղտորւում է, ականջներս մերժում են լսել: Մեր երգով իր անապատների՞ն է ձգտում վերադառնալ, իր հայրերի տափաստանների կարօ՞տն է արթնացրել իր մէջ այդ երգը, թէ մեր կորուստով իրենց յաղթանակն է է՛լ աւելի ընդգծում, մտածում եմ ես: Հնչիւնները եւ բառերի արտաբերումը յստակ է, գուցէ եւ հայ է, բայց ես մերժում եմ ընդունել նոյնիսկ հայ լինելու յաւակնութեամբ նրան լսելը: Եթէ հայ է, ինչո՞ւ է մեր կարօտի կսկիծը երգում մեր կարօտները ոչնչացրած երկրում: Ի՞նչ է, հիմա էլ փորձում ենք երգո՞վ մեր դահիճների թոռների գութը շարժել, նրանց հաստատել, որ դուրս են նետել մեզ մեր հողից: Իսկ եթէ թուրք է, ո՞ւմ կարօտի համար է երգում: Պարզ է, երկու դէպքում էլ դրամի համար է երգում: Դեռ որքա՞ն կարելի է մեր կորուստների ծուէնները շահոյթ դարձնել, որքա՞ն կարելի է ազգային կորուստները միայն զգացում դարձրած՝ սերնդէ սերունդ փոխանցել ու բաւարարուել միայն երգերի անմիջականօրէն տեղաշարժող զգացումներով:
Դեռ քանի՞ սերունդների պիտի փոխանցենք մեր ապրած ողբերգութիւնից ծնունդ առած, հայրենի հողի ու ազգային տենչերի այս հոգի մաշող կարօտախանձ երգերը միայն: Դեռ քանի սերունդիների պիտի օրօրենք մեր անկատար թեւաբեկ երազներով: Չէ՞ որ անկախացած երկիր ենք, պետականութիւն եւ ծածանուող, ամբողջ հայութեան յոյս ու յաղթանակ պարգեւած դրօշ ու խորհրդանիշ ունենք: Չէ՞ որ մեր այս նոյն պետականութեամբ աշխարհին պարզեցինք մեր չարչրկուած, մեր շահագործուած կորուստների 100ամեայ յիշատակը: Այսքանից յետոյ ինչո՞ւ թշնամու բերանով արտաբերուած իմ կողոպտուած ժողովրդի կարօտատենչ երգը այսքան տակն ու վրայ է անում ինձ, մինչեւ իսկ շեղում մտածումներիս ուղին: Ուրեմն ինչ որ բան այնքան էլ դեռ գովերգումի արժանի չէ, այնքան էլ ճիշդ ու ամբողջացած չէ մեր վերանկախացած պետականութիւնում: Ու ես յիշում եմ համայնավարութեան 70 տարիների մեր կեղծ գովերգում-փառաբանումները, որով ոչ միայն թաքցրինք աշխարհից երկրի ներսում պետականօրէն կատարուող անօրէն կեղծիքներն ու բռնութիւնները, այլ ձեւափոխեցինք մեր ժողովրդի բնաւորութիւնը, հոգեբանութիւնն ու մտածողութիւնը, մեր ժողովրդին տրամադրեցինք միմեանց դէմ, որը մինչեւ օրս չենք կարողանում ուղղել: Արդէն վաղուց որոշել եմ չդառնալ նրանցից մէկը, չկրկնել հին սխալը, որոշում եմ՝ հաւատարիմ իմ հին սկզբմունքին, այսօր էլ խօսել մեր պետականութեան կարեւոր բացթողումների մասին, որոնք կապուած են յատկապէս մեր ազգային պահանջներին: Չէ՞ որ մեր անկախ պետականութեան հիմքը պիտի լինէին մեր ազգային պահանջները:
ԴՈԿ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք Asbarez-ի կայքում