Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ե՞րբ է այդ ամենը սկսվել

Սեպտեմբեր 25,2015 10:09

Ռուսաստանյան մտավորականության բազմաթիվ հռետորական հարցերի շարքում («ի՞նչ անել», «ո՞վ է մեղավոր») կա եւս մեկը, որն այնքան էլ հաճախ չի հնչում՝ «ե՞րբ է այդ ամենն սկսվել»: «Ո՞վ է մեղավոր» հարցն ինձ ապակառուցողական է թվում. մենք առավոտվանից գիշեր մեղավորներ ենք փնտրում, դատափետում ենք մարդկանց, ոչ թե չարիքը, նրանց պիտակներ ենք կպցնում, խարազանում ենք եւ այլն: «Ի՞նչ անել»-ն, իհարկե, իմաստալից է, եթե խոսքը ռուս գրողի ոչ այնքան տաղանդավոր վեպի մասին չէ, որտեղ նա դիվային-հեղափոխական լուծումներ է առաջարկում: «Ինչպե՞ս դա պատահեց» հարցի շուրջ արժե մտածել, բայց դարձյալ՝ ավելի շուտ հետագա աղետները կանխելու, ոչ թե անհատներին մեղադրելու առումով: Ի դեպ, Ռուսաստանի աղետներից մեկը՝ բոլշեւիկների արյունալի, իսկ այնուհետեւ՝ անարյուն տեռորը, սկսվել էր հենց այդ «կացին վերցնելու» կոչերից:
Իսկապես, մարդիկ չեն նկատում, թե ինչպես է գալիս աղետը՝ ի դեմս, ասենք, «Իսլամական պետության», հարյուր հազարավոր փախստականների կամ՝ նույն ուկրաինական ճգնաժամի: Իսկ երբ պայթում է ռումբը, մարդիկ զարմանում են՝ «վայ, դա ինչպե՞ս եղավ»: Հիվանդության առաջին համախտանիշները մեզ սովորաբար ոչինչ չեն ասում, մենք նկատում ենք աղետը, երբ բանը բանից անցնում է:

Կարո՞ղ էին երկու հարեւան ժողովուրդները՝ հայերն ու ադրբեջանցիները, գործը չհասցնել պատերազմի: Երեւի, կարող էին: Ինչպե՞ս ստացվեց, որ չկարողացան՝ թող պատմաբանները որոշեն: Բայց հիմա նրանք ոչինչ չեն կարողանա որոշել, որովհետեւ պատերազմը շարունակվում է, եւ այդ պայմաններում «ինչի՞ց սկսվեց» հարցը կվերածվի փոխադարձ մեղադրանքների: Այսինքն՝ ճիշտ այն, ինչ հիմա կատարվում է. նրանք կրակում են եւ սպանում են մեր խաղաղ բնակիչներին, մենք ստիպված ենք պատասխանել եւ (չեմ կասկածում) սպանում ենք նրանց բնակիչներին: Եվ առայժմ չի երեւում, թե ինչպես ենք մենք կանգնեցնելու այդ արյունոտ մեխանիզմը:

Ինչո՞ւ է Հայաստանի պետական կառույցներում տիրում կոռուպցիա, անպատժելիություն, զոռբայություն, ցինիզմ: Պատճառները, բնականաբար, բազմազան են, բայց ամենավերջին խթաններից մեկն այն էր, որ 90-ականների ամենասկզբին որոշում կայացվեց՝ ներել կամ, համենայնդեպս, մեղմ վերաբերվել նրանց, ովքեր «մեր քաղաքական թիմի» ներկայացուցիչներն են: Սինգապուրում հակառակն արեցին:

Ինչո՞ւ է մեր հասարակությունն այս աստիճանի հիմարացել եւ ռաբիսացել: Դարձյալ պատճառները հազարավոր են: Բայց դրանցից մեկն, իմ կարծիքով, 2002 թվականին «Ա1+»-ի փակումն էր: Հարցն այն չէ, որ ես կամ այս հեռուստատեսության որեւէ աշխատող սոված է մնացել կամ աշխատանք չունի: Խնդիրն ավելի խորն է եւ անձնական չէ. երբ դու սկսում ես ամեն ինչ շատ խիստ վերահսկել, մարդիկ աստիճանաբար կորցնում են ինքնուրույն մտածելու հատկությունը:

Իսկ դուք ասում եք՝ Արմենչիկ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Իրավաբան Տ.Ա. says:

    Ինչու է հասարակությունը հիմարացել ու ռաբիսացել?
    Այքեզ բան: Դուք խոսում եք չվիրավերելուց ու կոռեկտությունից ու պիտակավորելուց ու գնահատում եք մարդկանց?Պարոն Աբրահամյան, Դուք իրավունք եք վերապահում հենցտենց եէլ ձևակերպել?
    էդ մեծամտություն ա?թե ես եմ սխալվում;
    իսկ միգուցե Ձեզնից կամ Ձեր շրջապատից ելնելով եք գնահատում? պրոյեկտում?
    Երկակի ստանդարտները, իհարկե Ձեզնից չի սկսել, կամ ավարտվում, բայց որ դրանք կիրառում եք փայլուն, խոսք չկա:
    Ափսոս, իսկ այն որ ուղղակի չեք սովորում կյանքում/ինչպես որ խոստացել եք/-և սխալներն ընդունում, դա էլ ակնհայտ ա:
    Երևի ներողություն խնդրեք սկզբի համար:

  2. Իրավաբան Տ.Ա. says:

    Վիձիծելի ինքը/մենակ ինքը/ Ռախմանինով ա լսում ու 19 դարի երաժշտություն:ՄԱԿԱՐԴԱԿ:

    Ափսո, Ձեր մտածողությունն ամբողջությամբ ռուսական ու սովետական կոնտեքստւոմ ա:

  3. Լավատես says:

    “երբ դու սկսում ես ամեն ինչ շատ խիստ վերահսկել, մարդիկ աստիճանաբար կորցնում են ինքնուրույն մտածելու հատկությունը:“

    Շատ ճիշտ հետեւություն՝ մենք ու մեր նման ազգերը այլ ազգերի հետ մենամարտում պարտվելով ու կորցնելով ազգային պետությունը, ազգային կրոնը եւ ազգային օրենք գրելու հնարավորությունը ՝՝աստիճանաբար կորցնում են ինքնուրույն մտածելու հատկությունը՝՝: Մենք փոխանակ միաձուլենք մեր հայության համաշխարհային խելքն ու փողն ու ուժը ու ստեղծենք ամենահզոր զենքն ու զրահը մեր բանակի համար գալիք մենամարտերում հաղթանակի համար, որը կլինի մեր նախնիների դարավոր բաղձանքը, հանցագործ անխելքությամբ շարունակում ենք ողորմություններ ընդունել կայացած ու կիսակայացած պետություններից՝ ինքնախաբելով մենք մեզ թե մեր շահերը համընկնում են: Այսօր համընկնում են, վաղը մեզ ծախելու են իրենց իսկ շահերին զոհաբերելով եւ դա նրանց մեղքը չի լինի, այլ միայն մերը, մեր կառավարության ու մտավորականության:

  4. Ruben says:

    Աաղետը եկավ 301թվին ու բերեց օտարամոլություն, օտարապաշտություն, դավաճանություն, նյութապաշտություն, արտագաղթ… «վայ, դա ինչպե՞ս եղավ»:
    Հայաստանի պետական կառույցներում տիրող կոռուպցիան, անպատժելիությունը, զոռբայությունը, ցինիզմը հիմնադիր նախագահի հիմնադրածն է: Իսկ «քաղաքական թիմը» (90-ականների սկզբից) նույնն է:
    Աղետները կանխելը աած-ի պարտականությունն է:
    Իսկ աած-ն Սերժիկով սկսվեց, Սերժով էլ կավարտվի Սնգապուրում:

  5. մարդ says:

    Զարմանալի բան. Ինչու երբ որ մենք քշում ենք ավտոմեքենան երկաթե մեխերի վրայով ապա պակրիշկեն ծակվում է. Դա պարզ պատասխան ունի. Քանի որ մենք չենք նախատեսել այնպիսի պակրիշկեք որով հնարավոր լինի քշել մեխերի վրայով. Սա բոլոր ինչուների պատասխանն է վերեվում գրված.

  6. gib.gibindus says:

    Չերնիշևսկին բանտում գրեց “Ի՞նչ անել”-ը մասամբ որպես Տուրգենևի “Հայրեր և որդիներ”-ին պատասխան: Հիմա այս հոդվածը ինչի՞ պատասխանն է`կաշառակերության, հասարակության հիմարացման (ձեր բառերն են) , թե՞ Արմենչիկի անմահական արվեստի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930