Այդ մասին են վկայում աշխարհաքաղաքական
զարգացումները Թուրքիայի շուրջ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը մեկ օր առաջ տեղեկացրեց, որ այս աշնանը հնարավոր է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկում Բունդեսթագում, սակայն ժամկետների մասին կոնկրետ հայտարարություն չարեց: Իհարկե, դեսպանը նաեւ խուսափեց հստակեցումներ մտցնել բանաձեւի ընդունման հետ կապված` պատճառաբանելով, թե «հիմա գործընթաց է տեղի ունենում, եւ չեմ կարող իմանալ, թե սրա վերջը ինչ կլինի, պիտի տեսնենք»:
Մինչդեռ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ եթե աշխարհաքաղաքական զարգացումները եւ Արեւմուտք-Թուրքիա հարաբերությունները զարգացման նման ընթացք ունենան, ապա իրատեսական է, որ Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ:
Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ այս հարցում շարունակում է ամեն ինչ կախված մնալ Արեւմուտք-Թուրքիա հարաբերություններից: Քաղաքագետը, իրոք, կարծում է, որ շատ բան կախված չէ դեսպանից, քանի որ Բունդեսթագը ժողովրդավարական համակարգ է, եւ այստեղ քվեարկություններն անկախ են: Ըստ քաղաքագետի` բանաձեւի ընդունման հարցը միայն Հայոց ցեղասպանության խնդիրը չէ, եւ դա երբեք մի գործոն չի եղել, որից ելնելով կայացվել են նման որոշումներ տարբեր խորհրդարաններում: Պարոն Սաֆարյանը Ֆրանսիայի խորհրդարանի օրինակը բերեց, երբ դա այդ երկրին պետք էր, որ մի շեմ գծեր Թուրքիայի` ԵՄ անդամակցության հետ կապված: Եվ ամենեւին այնպես չէ, որ Ֆրանսիան դա արել է միայն որպես Հայաստանի բարեկամ երկիր: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա քաղաքագետի փոխանցմամբ` այդ երկիրը պատմության մասին բաց խոսելու խնդիր չունի:
Մեր հարցին` այդ դեպքում ի՞նչն է կաշկանդում Գերմանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Գերմանիային կաշկանդում են ավելի շատ Թուրքիայի հետ հարաբերությունները: Բայց եթե դինամիկան այսպես գնա, ապա մեծ է հավանականությունը, որ Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Մեր այն դիտարկմանը` գուցե բանաձեւը ընդամենը Գերմանիայի կողմից ժե՞ստ էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ մեծ տերությունները սիրում են լինել զգայուն բարեկամ երկրների նկատմամբ եւ դա անել առիթներով: Գերմանիան մի վեր հառնող երկիր է, եւ Գերմանիայի իշխանությունները չափազանց հավակնոտ հայտ են ներկայացրել թե՛ որպես Եվրոպայի առաջատար ուժ լինելու, թե՛ աշխարհում պատասխանատվություն կիսելու առումով: Նա լիդերության հայտ է ներկայացրել ե՛ւ կովկասյան հարցերի վրա ազդելու, ե՛ւ Թուրքիայի հետ հարաբերությունների կտրվածքով: Եվ անշուշտ՝ Հայոց ցեղասպանության խնդիրը նրանց համար կարեւոր գործոն է»: Ըստ պարոն Սաֆարյանի` ներկայումս Թուրքիայի վարած քաղաքականությունը լուրջ վտանգներ ու սպառնալիքներ է ստեղծում Եվրոպայի համար, եւ բնականաբար՝ դա չի կարող մարսվել, հետեւաբար Թուրքիային շրջանակների մեջ պահելու հարց կա:
Կարդացեք նաև
Հիշեցրինք տնտեսական գործոնը՝ չէ՞ որ Թուրքիան մեծ շուկա է Գերմանիայի համար, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Տնտեսական գործոնը միշտ ունեցել է մեծ նշանակություն Գերմանիայի համար: Ի վերջո, Թուրքիան աշխարհի 20 հզորագույն տնտեսություննեից է»: Մեր հարցին` այս գործոններն ինչո՞ւ չպետք է կաշկանդեն Գերմանիային ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, պարոն Սաֆարյանը նկատեց. «Երբ քաղաքական ու անվտանգության խնդիրները գերիշխող են դառնում, Եվրոպան շատ դեպքերում կարող է զոհաբերել իր տնտեսական շահերը, մենք դա տեսնում ենք Ռուսաստանի պարագայում»:
Հարցին` ի՞նչ ուժ կունենա այդ բանաձեւի ընդունումը, արդյոք ենթադրելո՞ւ է պատասխանատվության, փոխհատուցման հարցեր, քաղաքագետը պատասխանեց. «Այս իրավիճակում սպասենք միայն ճանաչում, ի վերջո՝ Գերմանիան «Մեծ ութնյակի» պետություն է, հզորագույն երկրներից, Եվրոպայի առաջատար երկիրը, եւ միայն ճանաչման հարցն արդեն մեծ գին ունի»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.09..2015