Տիգրան Աթանեսյանը՝ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մասին
«Իհարկե, արդարացված չէ, որովհետեւ պատգամավորը ազատ է արտահայտելու իր կարծիքը եւ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ չի կարող հետապնդվել իր արտահայտած կարծիքի համար, այն էլ՝ ԱԺ-ի ամբիոնից արտասանելիս, կան, իհարկե, բացառություններ, բայց բացառությունները պետք է լինեն ծայրահեղ: Նման ռեակցիան տեղին չէ եւ չի էլ սազում Ազգային անվտանգության ծառայությանը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում խոսելով ԱԱԾ-ի տարածած հայտարարության մասին՝ ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ ներկայացված էր, թե իբր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից հնչեցրած «տապալում», «շենքերի քանդում» արտահայտություններով սպառնում է ազգային անվտանգությանը: Պետական մարմինը նշել էր, որ նմանատիպ փորձերը «կկանխվեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»:
«Տիկինն ասում է՝ պետք է գրավել Բաստիլը. «գրավել Բաստիլը» մեր քաղաքակրթության հիմքում է դրված. եթե կա մի երեւույթ, որը Բաստիլ է, ապա պետք է գրավել եւ քանդել. ով որ դրան դեմ է, ուրեմն միջնադարից է,- ասում է պարոն Աթանեսյանը եւ շարունակում:- Բաստիլի գրավումը ժողովրդի իրավունքների համար պայքար է. եթե իրավունքների դեմ պայքարն այդ ծառայությունը համարում է հանցագործություն՝ ես ի՞նչ կարող եմ ասել»:
Փաստաբանը պնդում է, որ ԱԱԾ-ն այսպես խոչընդոտում է պատգամավորի գործունեությանը. «Կարծում եմ, որ սա Ազգային անվտանգության ծառայության գործունեությունից դուրս է»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ իրավաբանորեն ինչպե՞ս կարող է Զարուհի Փոստանջյանը պատասխանել ԱԱԾ-ի այս քայլին, Փաստաբանների պալատի անդամը պատասխանում է. «Եթե ինձ, որպես փաստաբանի, հարցնեին, խորհուրդ կտայի դիմել վարչական դատարան՝ վիճարկման կամ պարտավորեցման հայցով: Հայտարարություն տարածելով՝ ԱԱԾ-ն գործողություն է կատարել, դա կարելի է վարչական ակտ համարել եւ այդ վարչական ակտը վիճարկել: Սա իմ կարծիքն է, ես ոչ ոքի չեմ ուղղորդում, եւ ոչ ոք ինձանից խորհուրդ սրա վերաբերյալ չի հարցրել, ես պարզապես դատողություններ անելով եմ հիմա զբաղված»:
Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը իր խոսքում նշել էր, որ ԱԱԾ-ն անկախ մարմին է, եւ Զարուհի Փոստանջյանին ուղղված հայտարարությունը հիմնավորված է, պարոն Աթանեսյանը, որը անմիջական առնչություն ունի պետության արդարադատություն իրականացնող մարմինների հետ, պատասխանեց. «Ոչ մի պետական կառույց այս երկրում անկախ չէ եւ չի կարող լինել անկախ: Դա պարզից էլ պարզ է»:
Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ ԱԱԾ-ն պետք է իր գործողությունների մեջ ավելի նուրբ, ավելի նրբանկատ լիներ, հատկապես, որ հայտարարությունը կնոջն էր ուղղված. «Դա ավելի շատ կխոսեր ԱԱԾ-ի մասին, քան այն, ինչը որ իրենք տարածել են»,- ասում է նա:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.09..2015