Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ն կօգնի՞ Հայաստանին

Սեպտեմբեր 25,2015 16:00

Մետաքսի նոր ճանապարհի ծրագիրը սկսում է միս ու արյուն ստանալ,
որտեղ Հայաստանն իր դերակատարումն է փորձում ամրագրել

«Պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ Չինաստանը բավական լուրջ սկսում է Մետաքսի ճանապարհի ենթակառուցվածքների ներդրումները, ծրագրերի իրականացումը»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Համլետ Թադեւոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Չինաստան կատարած այցին եւ Չինաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հնչած հայտարարություններին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը խոսել են հայ-չինական հարաբերությունների ամրապնդումից՝ վարչապետի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ վարչապետները կարեւորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում կարեւոր է համարվել Առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը: Պարզվում է` վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններն առաջընթաց են արձանագրել, մասնավորաբար աճել է ապրանքաշրջանառությունը՝ ավելի քան կես միլիարդ դոլար: Վարչապետների խոսակցության ամենաէական հատվածը վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերին: Դարձյալ պաշտոնական հաղորդագրությամբ` Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունն այս հարցում: Որքա՞ն է հավանականությունը, որ խոսքերը վերջապես գործի կվերածվեն, քանզի արդեն տեւական ժամանակ է, ինչ այս հարցերը քննարկվում են, նաեւ Հայաստանի եւ Չինաստանի առաջին դեմքերի մակարդակով, տնտեսագետը կարծում է, որ ժամանակը ցույց կտա: Բայց ՀՀ եւ ՉԺՀ վարչապետների հանդիպումը նա բավական արդյունավետ է համարում:

Մետաքսի ճանապարհի, որի վերագործարկման մասին Չինաստանը սկսեց ակտիվ խոսել եւ գործել 2013 թվականից, «ծովային» ճանապարհը նախատեսում է միացում Պարսից ծոցին եւ այն երկրներին, որտեղ նավթ եւ էներգակիրներ կան: Մետաքսի «ցամաքային» մի ճանապարհը սկսվելու է Չինաստանի արեւմուտքից, անցնելու է Ռուսաստանով, Կովկասի ու Մերձավոր Արեւելքի որոշ երկրներով ու հասնելու է Եվրոպա, մյուսը՝ Հնդկաստան-Պակիստան-Մերձավոր Արեւելք-Ռումինիա: Հայաստանը կարող է դառնալ նոր տնտեսական ճանապարհի մի մասը: Մասնագետների կարծիքով՝ «Մետաքսի ճանապարհ. տնտեսական գոտի» նախագծի իրականացումը բխում է Հայաստանի շահերից, որովհետեւ դա ամբողջ տարածաշրջանում (ինչպես Կենտրոնական Ասիա, այնպես էլ Հարավային Կովկաս) ենթադրում է Ռուսաստանի դիրքերի թուլացում: Ինչպե՞ս կօգտվի Հայաստանը դրանից՝ արդեն մեծ հարց է, քանի որ շատերը պնդում են, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանն իրեն զրկել է այլընտրանքային հնարավորություններից: Սակայն ՀՀ եւ Չինաստանի վարչապետները խոսել են հենց ԵՏՄ-ի շրջանակներում Եվրոպան եւ Ասիան տնտեսական միջանցքով կապելու հնարավորությունների մասին: Հովիկ Աբրահամյանը նշելով նախկինում Հայաստանի ներգրավվածությունը Մետաքսի ճանապարհում՝ նկատել է, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ԵՏՄ-ում կարեւորում են Չինաստանի եւ Իրանի նման հզոր տնտեսական տերությունների ընդլայնումը եւ մեծ հնարավորություններ են տեսնում եվրասիական տարածքում Մետաքսի տնտեսական գոտու ծրագրերի իրականացման համար:

Համլետ Թադեւոսյանը տնտեսական առումով խնդիր չի տեսնում Հայաստանի՝ այս ծրագրերում ակտիվ ներգրավվելու հարցում: Նա համաձայն չէ, որ ԵՏՄ մյուս անդամների խանդը կշարժենք. «Շահերի բախում չեմ տեսնում: Մետաքսի ճանապարհը Ասիայով-Ռուսաստանով է անցնելու Եվրոպա: Հակառակը՝ տեսնում եմ ԵՏՄ երկրներից մեկի՝ Հայաստանի հզորացում: Ես կարծում եմ՝ միության մեջ բոլորին էլ հարկավոր է տնտեսական առումով ուժեղ գործընկեր երկիր»:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Չինաստան կատարած այցից առանձնացնում է հատկապես Հայաստան-Իրան երկաթուղու ֆինանսավորմանը վերաբերող պայմանավորվածությունները: Այն, որ Չինաստանը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությամբ՝ նորություն չէ: Այդ մասին խոսվում է արդեն մի քանի տարի: «Չինական կողմը որոշակի շահագրգռվածություն դրսեւորում է այս հարցում՝ հաշվի առնելով նաեւ մինչ այս եղած բանակցային փուլը: Այս խնդրով զբաղվող Չինական պետական ընկերության ներկայացուցիչները, մինչ այս այցը, ժամանել էին Հայաստան ու այդ խնդիրը քննարկել հայկական կողմի հետ»,- փաստում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե ՀՀ-ն եւ ՉԺՀ-ն համաձայնության գան, Չինաստանը կարող է տրամադրել երկաթգծի շինարարության համար պահանջվող 3,2 միլիարդ դոլարը: «Մետաքսի նոր ուղի» ծրագրին Չինաստանը պատրաստվում է տրամադրել 40 միլիարդ դոլար:

Ի սկզբանե երկաթգծի ուղղության 3 տարբերակ էր քննարկվում. առաջինը ենթադրում է դրա կառուցումը Երասխից Մեղրի, երկրորդը` Վարդենիսից, երրորդը` Գագարինից. համապատասխանաբար դրանք ենթադրում են 443 կմ, 449 կմ եւ 397 կմ երկարություններ: Հայկական կողմի համար, ինչպես հայտարարվել է, ընդունելի տարբերակ է Գագարին-Գավառ-Մարտունի-Ջերմուկ ուղղությունը: Երկաթգծի իրանական հատվածում նախատեսվում է կառուցել շուրջ 60 կմ հեռավորությամբ երկաթուղի մինչեւ Մարանդ: Դեռեւս 2008 թվականին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չինական կողմի հետ քննարկել էր երկաթգծի կառուցման հարցը, եւ, ըստ պաշտոնական տեղեկատվության, նախագիծը հետաքրքրություն էր առաջացրել նրանց մոտ: Իսկ այս տարի Թեհրանի հետ նաեւ համաձայնագիր է նախաստորագրվել, ըստ որի՝ Հայաստանում երկաթգծի շինարարության առնվազն 30 տոկոսի ավարտից հետո Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատկացնել՝ մինչեւ Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար:

Այս երկաթուղին իրանագետը թե քաղաքական, թե աշխարհաքաղաքական տեսանկյուններից ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Իրանի համար կարեւորագույն ծրագիր է համարում: «Դատելով վերջին զարգացումներից, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում, հատկապես այդ երկրի արեւելյան շրջաններում քրդական բախումների հետեւանքով ստեղծված անկանխատեսելի իրավիճակով, ապա Հայաստանը դառնում է այն անվտանգ ուղին, որով Իրանը կարող է կապվել Սեւ ծովի, ապա Եվրոպայի հետ»,- ասաց մեր զրուցակիցը: Հաճախ նաեւ Ադրբեջանն է քննարկվում որպես Իրանի համար հյուսիսային ելքի ուղի: Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ մենք ունենք որոշակի առավելություններ, ու դրանցից մեկն էլ այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է ու միակ ԵՏՄ անդամը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Ապա՝ Իրան-Ադրբեջան քաղաքական հարաբերություններում կան անվստահության մթնոլորտ եւ բազմաթիվ չլուծված խնդիրներ: «Մինչդեռ Հայաստանի մակարդակում որեւէ խնդիր չկա՝ թե քաղաքական, թե աշխարհընկալումների առումով:

Ադրբեջանն ինքնին հակաիրանական քաղաքականություն վարող պետություն է՝ անկախ կոնկրետ ժամանակահատվածներում իր որդեգրած դիրքորոշումներից: Իսկ Հայաստանը նույնիսկ Իրանի համար ամենածանր պահերին ցույց է տվել, որ բարեկամ երկիր է եւ գնահատում է այդ բարեկամությունը: Իրանցիները, կարծում եմ, հաշվի են առնում սա: Հայաստանը եթե համապատասխան քայլեր ձեռնարկի եւ միջոցներ գտնի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար, ապա դա կլինի ոչ միայն Հայաստանի՝ տնտեսական շրջափակումից դուրս բերելու կարեւորագույն ծրագիր, այլեւ Հայաստանը տարածաշրջանային առումով կարեւորություն ձեռք կբերի՝ դառնալով Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ամենակարճ, ամենավստահելի եւ անվտանգ ուղին»,- կարծում է Վարդան Ոսկանյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930