Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան ջուրը» հաշմանդամ կնոջը ստիպում է վճարել չօգտագործած ջրի համար

Սեպտեմբեր 25,2015 15:00

Սոցիալապես անապահով կնոջը սենյակ են նվիրատվել՝
կոմունալ պարտքերն էլ հետը

Վարդաշենի հանրակացարանի բնակիչներից մեկին՝ Ռուզաննա Սարգսյանին, գրեթե ամեն օր այցելում է «ջրի մարդն» ու ասում՝ «պարտքը պիտի մուծես, թե չէ՝ չենք թողնի ջրից օգտվես»: Պարտքն էլ, ոչ ավել ոչ պակաս, այս կնոջ նպաստի կեսից ավելին է՝ 25 հազար դրամ: Ընդ որում, այդ պարտքն էլ ոչ թե ինքն է կուտակել, այլ իրեն, այսպես ասած՝ նվիրել են:

Երբ տարիներ առաջ Խարբերդի տնակը հրդեհվել էր, իսկ Ռուզաննայի ընտանիքը հայտնվել է դրսում, ոչ ծանոթ, ոչ էլ բարեկամ ուներ, որպեսզի նրան ժամանակավոր ապաստան տրամադրեին, ստիպված մի որոշ ժամանակ վարձով են ապրել ու հետո տեղափոխվել Վարդաշենի հանրակացարանի մի փոքրիկ՝ մոտ 13 քմ-անոց սենյակ:
Ռուզաննայի պատմելով՝ այդ հանրակացարանում ընտանիքի հետ ապրում է 2011 թվականից, ապա իր դիմումի համաձան՝ Երեւանի քաղաքապետարանն այդ սենյակը նվիրատվել է Ռուզաննային:

Այս սենյակի նվիրատվության հետ «Երեւան ջուրն» էլ նախկին բնակիչ Գրետա Առաքելյանի ջրի պարտքն է «նվիրատվել» Ռուզաննա Սարգսյանին:

«2014 թվականի հոկտեմբերից դարձա «Երեւան ջրի» բաժանորդ, մի 5-6 ամիս առաջ էլ սեփականաշնորհեցի այս սենյակը, ու դրանից հետո «Երեւան ջրի» աշխատողներն անընդհատ գալիս են ու ասում, որ պիտի էդ 25 հազար պարտքը մուծեմ: Ասում եմ՝ բայց Գրետա Առաքելյանը ես չեմ, ինքը փախստական կին է եղել, տուն է ստացել ու գնացել, ես իրա պարտքն ինչի՞ պիտի մուծեմ: 25 հազար դրամ ունենամ, էրեխեքիս ուտելու մի լավ բան կառնեմ, ոչ թե ուրիշի փոխարեն մուծում կանեմ»,- պատմում է տիկին Ռուզաննան: Նրա ներկայացմամբ՝ երբ հաստատվել է հանրակացարանում, ամեն ամիս պարտաճանաչ 1000 դրամ ջրի գումար է վճարել, ասում է՝ վճարման դիմաց կտրոն չի ստացել, այդպես ամբողջ հանրակացարանի բնակիչներն են անում. «Դե, բոլորը գիտեն, որ էդ ջրի մարդն ա, սենյակում ծորակ չունեմ, հարկի ընդհանուր ծորակից եմ օգտվում, ու ինձ ասել էին՝ մեկ անձի հաշվով 250 դրամ է ջրի վարձը, ընտանիքս էլ 4 անձից է, բոլորս այս սենյակում ենք ապրում, էդ հաշվարկով էլ մուծումներ եմ անում»:

Ռուզաննան 3-րդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում, ասում է՝ ի վիճակի չէ աշխատել. էպիլեպսիայի նոպաները հաճախ են սկսվում, ուստի վախենում է տանից դուրս գալ. «Փոքր աղջիկս անչափահաս է, մեծն էլ հաշմանդամություն ունի, բայց կարգ չունի, չի ուզում գնանք ստուգվի կարգի համար. ամաչում է, մեկ էլ՝ թոռս է: Էս 4 հոգով հազիվ յոլա ենք գնում իմ նպաստով, ես ինչի տեր եմ՝ խալխի սպառած ջրի փողը մուծեմ»:
Տիկին Ռուզաննան ասում է՝ հանրակացարանի սենյակը սեփականաշնորհելուց հետո էլ «Երեւան ջուրը» նամակները նախկին բնակչուհի Գրետա Առաքելյանի անունով է ուղարկում:

Ռուզաննան դիմում է գրել «Երեւան ջրին», տեղեկացրել, որ ինքն իր հասանելիք գումարները պարտաճանաչ վճարել է ու վճարում է այնպես, ինչպես «ջրի մարդն է» պարտադրել, եւ խնդրել է ուրիշի սպառած ջրի գումարը զրոյացնել, ինչպես նաեւ նշել է, որ ինքը սոցիալապես անապահով է, 3-րդ կարգի հաշմանդամ եւ հնարավորություն էլ չունի 25 հազար դրամ վճարելու:

«Երեւան ջրից» Ռուզաննա Սարգսյանին պատասխանել են՝ հնարավոր չէ պարտքը զրոյացնել, քանի որ Ռուզաննա Սարգսյանն արդեն «Երեւան ջրի» բաժանորդ է:
«Առավոտը» խնդրի առնչությամբ պարզաբանում խնդրեց «Երեւան ջրից» եւ փորձեց պարզել՝ նմանատիպ հարցերն իրենք ինչպե՞ս են կարգավորում, արդյոք բաժանորդը պարտավո՞ր է վճարել նախկին բնակչի սպառած ջրի համար: Ընկերությունից մեզ ասացին, որ այն պատասխանը, որը գրավոր տրվել է Ռուզաննա Սարգսյանին, դրանից ավելին չեն կարող ասել. «Թող չմուծի, ստիպված դատարան է դիմելու «Երեւան ջուրը», բաժանորդն էլ թող դատարանում ապացուցի, փաստեր ներկայացնի, դատարանն էլ կորոշի՝ ինչ անել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930