Լրահոս
Օրվա լրահոսը

Կծել էր գիշերային ակումբի տնօրենի վիզը, երբ նա փորձել էր պաշտպանել պարուհիներին

Սեպտեմբեր 25,2015 14:30

Ռազմիկ Խաչատրյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 4 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման: Պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Դատարանը սահմանել է փորձաշրջան 3 տարի ժամկետով: Ռազմիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխվել է եւ դատավճռով նրան անհապաղ ազատ են արձակել դատական նիստերի դահլիճից:

Նա տվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործին կցված դեպքի վայրից՝ «Ցեզար» գիշերային ակումբից առգրավված մետաղական մոխրամանը վերադարձվեց գիշերային ակումբին, իսկ ապակյա մոխրամանի կտորտանքները եւ մեկ հատ կոշտ սկավառակը կոչնչացվի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Ռազմիկ Խաչատրյանի պաշտպանները դիմել էին վերաքննիչ քրեական դատարան, պահանջում են բեկանել եւ փոփոխել պատժաչափը եւ իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներում արդարացնել նրան՝ արարքում հանցակազմի բացակայության կամ մեղքը հիմնավորող ապացույցների բացակայության հիմքով:
Ռ. Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «խուլիգանություն կատարելու դիտավորությամբ», ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ Արմավիրի «Ցեզար» գիշերային ակումբի պարասրահում քաշքշելով պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից, չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների ու տնօրենի պահանջներին, վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ: Ըստ քրեական գործի նյութերի, «նա ակումբի աշխատակիցների հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ՝ շուրջ 20 րոպե շարունակ խախտել է ակումբի աշխատանքն ու հաճախորդների ժամանցը, բռնություն է գործադրել, մասնավորապես, կծել է տնօրեն Արման Գեւորգյանի վիզը` պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակից Արա Դավթյանի ծնոտին` պատճառելով ֆիզիկական ցավ»: Ռազմիկ Խաչատրյանը վկաների տված ցուցմունքներով կոտրել էր սրահում դրված մոխրամանն ու «որպես զենք օգտագործվող առարկաներով» փորձել է հարվածել` ապակյա, մետաղյա մոխրամաններոով, աշխատակիցներին:

Ռազմիկ Խաչատրյանին մեղադրել էին նաեւ սուտ մատնության համար՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գեւորգյանի կողմից «Ցեզար» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքին մասնակցելու, իրեն ծեծի ենթարկելու, այսինքն՝ հանցագործություն կատարելու մասին:

Ռազմիկ Խաչատրյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ Արմավիրում ընկերների հետ հաց է կերել, օղի խմել, հետո որոշել են գնալ գարեջուր խմելու: Գիշերվա այդ ժամին Արմավիրում միայն «Ցեզար» գիշերային ակումբն էր բաց: Նա միայնակ է գնացել ակումբ, գարեջուր է պատվիրել: Ըստ ամբաստանյալի, երբ իր պատվիրված գարեջրերը բաց է բերվել, նա մատուցողուհուն հարցրել է, թե ինչո՞ւ են բացել գարեջրերը: Մատուցողուհին, չանցած մի որոշ ժամանակ, չորս շիշ գարեջուր է բերել՝ բացված վիճակում, ասելով՝ «Արմանն է հյուրասիրում»: Արմանը այդ ակումբի տնօրենն էր, որին ճանաչել է:

Մատուցողուհուն նա խնդրել է գարեջրերը հետ տանել, սակայն գարեջրերը թողնվել են իր սեղանին ու հետ չի տարվել:

«Այդ պահին բեմի վրա պարել են երկու պարուհիներ: Պարուհիներից մեկին կանչեցի ու նրան տվեցի 1000 դրամանոց: Երբ պարն ավարտվեց, բեմ բարձրացան եւս երկու պարուհիներ: Որոշեցի մոտենալ եւ բեմի վրա գումար տալ պարուհիներին» ,-ասել էր ամբաստանյալը:

Մինչեւ գումար տալը նա ուրախացել է պարուհու հետ, ծափահարել է: Ամբաստանյալին է մոտեցել ակումբի անվտանգության աշխատակիցն ու զգուշացրել է, որ ինքը ոտքը իջեցնի բեմից, քանի որ չի կարելի: Ի դեպ, մի քանի անգամ է զգուշացվել, սակայն ոտքը «բնազդաբար» մնացել է բեմի վրա: «Դեռ չէր հասցրել գումար տալ, երբ իրեն է մոտեցել ակումբի տնօրեն Արման Գեւորգյանը եւ հեգնանքով ասել, թե քանի անգամ պետք է ասեն, որ ինքն իր ոտքը չդնի բեմի վրա, ավելացրել, որ այդ պարուհին իրենց ընկերուհին է ու պահանջել է նորմալ պահել: Ինքն Արմանին ասել է, որ եթե նրանց ընկերուհին է, թող տանեն եւ իրենց տանը պահեն: Այդ խոսքի վրա Արմանն ուժեղ հարվածել է իր ձախ ունքին եւ ինքն այդ հարվածից ուշագնաց է եղել եւ ընկել գետնին, երբ ուշքի է եկել, ընկած է եղել պարասրահի մուտքի մոտ գտնվող բարի մոտ, իսկ Արմանը հարվածներ է հասցրել իրեն»,- ասել էր ամբաստանյալը: Ըստ գործով ապացույցների, ակումբում է հայտնվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Գոռ Գեւորգյանը՝ տնօրենի եղբայրը, Արմանը դադարեցրել է իրեն հարվածներ հասցնելը եւ անվտանգության աշխատակիցներն իրեն ոտքի են կանգնեցրել:

Նախաքննության ժամանակ ամբաստանյալը հայտնել էր, թե Գոռ Գեւորգյանն իր ձեռքում եղած բանալիով կամ գրիչով հարվածել է իր դաստակին: Երբ բակ են դուրս եկել, դրսում Ռազմիկ Խաչատրյանն Արմանին ասել է. «Ծեծում եք ու նաեւ ոստիկանություն կանչում, թե հայհոյանք է տվել նրանց հասցեին»: Արմանի հարվածից իր ատամը կոտրվել է, շրթունքը՝ պատռվել:

Ի դեպ, ոստիկանության բաժնում հայտնվելուց հետո նրա համար շտապօգնություն է կանչվել:

Մեկ այլ ցուցմունքով, ամբաստանյալը հայտնել էր, թե շփոթել է Գոռ Գեւորգյանին. «համոզված չէ, որ նա այնտեղ է եղել, քանի որ խառնաշփոթ վիճակ է եղել, ինքը ծեծված է եղել, գլխի վնասվածք է ունեցել, հիշողության խնդիրներ է ունեցել եւ շփոթել: Միաժամանակ պնդել չի կարող, որ Գոռ Գեւորգյանը ծեծի է ենթարկել իրեն»: Այն, որ ինքը մոխրամանով հարվածել էր անվտանգության աշխատակիցներին, չէր ընդունել, հայտնել էր, որ որեւէ մեկի նկատմամբ ինքը բռնություն չի գործադրել, ընդհանրապես խուլիգանություն չի կատարել, հասարակական որեւէ կարգ չի խախտել, ոչ մեկին չի վիրավորել, չի հայհոյել, Արման Գեւորգյանի վիզը չի կծել, այլ ընկերաբար համբուրել է:
Դատարանում Ռազմիկ Խաչատրյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքների համար եւ դատարանից խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Տուժող տնօրենը ցուցմունք էր տվել, որ դեպքի օրը եղել է գիշերային ակումբում: Ակումբում այդ ժամին կար մոտ 10 հաճախորդ: Ժամը 03:00-ի սահմաններում իրենց ակումբ է եկել արմավիրցի Ռազմիկ Խաչատրյանը, եւ նա մենակ չէր, այլ երկու ընկերներով: Ըստ տնօրենի, ամբաստանյալը հարբած վիճակում էր: «Ռազմիկը գարեջուր է պատվիրել, ապա գարեջուրը խմելուց հետո օրորվելով բարձրացել է պարահարթակ եւ սկսել է պարել պարուհիներ Ռուզաննայի եւ Արմինեի հետ, անպարկեշտ ձեւով հպվել նրանց, քաշքշել ու խանգարել պարուհիներին: Քանի որ հաճախորդի նման պահվածքը թույլատրելի չէ, խանգարել է մյուս հաճախորդներին, ակումբի անվտանգության աշխատակից Մհեր Սարիբեկյանը մոտեցել է Ռազմիկին եւ պահանջել է իջնել պարահարթակից, սակայն նա իր գործողությունները չի դադարեցրել, շարունակել է խանգարել պարուհիներին»,- հայտնել էր Ա.Գեւորգյանը: Վերջինս նույնպես մոտեցել է Ռազմիկին, պահանջել է չխանգարել ակումբի աշխատանքը, սակայն Ռազմիկը «փաթաթվել է իրեն, կծել է իր վիզը, պատճառել ֆիզիկական ցավ ու լկտիաբար սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ»: Տնօրենն անվտանգության աշխատակից Մհեր Սարիբեկյանի հետ նրան իջեցրել են պարահարթակից, սակայն նա շարունակել է հայհոյանքներ տալ:

Անգամ վերցրել է հաճախորդների սեղանի վրա եղած ապակե մոխրամանը եւ այն նետել է իր գլխի ուղղությամբ, սակայն մոխրամանն անցել է իր կողքով, ընկել գետնին եւ ջարդվել: Անվտանգության աշխատակից Արա Դավթյանը Ռ. Խաչատրյանին հրելով՝ դուրս են հանել ակումբի պարասրահից: Այդ ընթացքում նա սեղանի վրայից վերցրել է մեկ հատ մետաղյա մոխրաման, ցանկացել դրանով հարվածել Մհերին, սակայն Մհերը, խույս տալով հարվածից, բռնել է Ռազմիկի ձեռքը եւ բռունցքով հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին: Ռազմիկը գլխով դիտավորյալ հարվածել է Արա Դավթյանի ծնոտին ու շարունակել է հայհոյանքները:

Վկաներից մեկի տեղեկացմամբ, Ռազմիկը բռունցքով հարվածել էր ակումբի միջանցքի պատին, վնասել դրա երեսպատվածքը: Ի դեպ, Ռազմիկ Խաչատրյանի հետ ակումբ եկած երիտասարդը նախքան դեպքը գնացել էր, իսկ նրա երկրորդ ընկերոջը չեն տեսել:
Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 1-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930