ԴիջիԹեք-2015 տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու է նաեւ «Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերությունը։ Իր բազմաթիվ լուծումների հետ «Տրիադա Ստուդիոն» ներկայացնելու է նաեւ Shadowmatic խաղը, որը վերջերս արժանացել է Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին։ «Տրիադա Ստուդիոն» ավելի քան 20 տարվա պատմություն ունի։ Համակարգչային գրաֆիկայի տարբեր միջազգային մրցույթներում ընկերությանը շնորհվել են բազմաթիվ այլ մրցանակներ:
«Տրիադա Ստուդիոյի» տնօրեն Արա Աղամյանը նշեց, որ ԴիջիԹեքին ներկայացնելու են ընկերության ընթացիկ աշխատանքները՝ համակարգչային գրաֆիկան եւ անիմացիան: Արա Աղամյանը բարձր է գնահատում ԴիջիԹեքի դերը տեխնոլոգիական համայնքի կերտման եւ ՏՀՏ ոլորտի հանրայնացման գործում։
ԴիջիԹեք էքսպոն մեր երկրի ամենամեծ ցուցահանդեսն է՝ Հայաստանի համար այցելուների ռեկորդային թվով. 2-3 օրերի ընթացքում ավելի քան 30 հազար մարդ է հաճախում։ Ըստ Արա Աղամյանի՝ այցելուների թիվը պետք է է՚լ ավելին լինի։ Իսկ հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ շատ բնական է. մարդիկ ցանկանում են տեսնել, թե Հայաստանում տեխնոլոգիական ինչ նորարարություններ կան։
Անդրադառնալով Apple-ի կողմից ստացած մրցանակին՝ Արա Աղամյանը նշեց, որ մրցանակից հետո նոր կապեր առաջացան, ավելի համարձակություն՝ նոր նախագծերի համար։ Նա նաեւ հույս հայտնեց, որ իրենց օրինակը գուցե շատ երիտասարդների ոգեւորի Հայաստանում։
Խոսելով համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման ոլորտի մասին՝ Արա Աղամյանը նշեց, որ խաղային ինդուստրիան հեռանկարային ուղղություն է։ Իսկ ինչու Հայաստանում այս ոլորտն այնքան էլ զարգացած չէ, ինչպես տեխնոլոգիական այլ ճյուղերը. ըստ «Տրիադա Ստուդիոյի» տնօրենի՝ գուցե բուհերը չեն պատրաստում համապատասխան մասնագետներ։
Հիշեցնենք, որ ԴիջիԹեք-2015 ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։ Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
24.09..2015