Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված երաժիշտները դեմ են դասական գործերում նորարարություններին

Սեպտեմբեր 25,2015 13:30

Չնայած համոզված են, որ նույն ստեղծագործությունը հնարավոր չէ միակերպ կատարել
Համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները հաճախ ներկայացնում են ամենատարբեր մեկնաբանություններով, որոնք իրենց հերթին խոսակցությունների առիթ են տալիս: Ոմանք կտրականապես դեմ են, ասենք, Բախին, Բեթհովենին, Բարմսին եւ այլ հռչակավորներին ցանկացած միջամտություններով ներկայացնելուն, բայց մի ստվար զանգված էլ հաճույքով է ընդունում «հին» գործերի նոր մեկնաբանությունները:

Այս առիթով տարբեր կարծիքներ կիսելու ակնկալիքով «Առավոտը» հանդիպեց Հայաստան առաջին անգամ ոտք դրած ճանաչված երաժիշտներ՝ իռլանդացի Բարրի Դուգլասի եւ ավստրիացի կլարնետահար Վենցել Ֆուքսի հետ: Երաժիշտներին նախ խնդրեցինք հակիրճ իրենք իրենց ներկայացնեն: Դուգլասը նշեց, որ իր միջազգային ճանաչումը սկսվել է 1986թ., Չայկովսկու անվան միջազգային մրցույթում հաղթելուց հետո:

«Երկար ժամանակ կպահանջվի, որ հիշատակեմ այն ճանաչված նվագախմբերի եւ դիրիժորների անունները, որոնց հետ համագործակցել եմ: Իհարկե, բազմաթիվ երկրներում եմ բեմ բարձրացել, բայց կուզեի առանձնահատուկ նշել Camerata Ireland նվագախումբը, որը հիմնել եմ 1999-ին՝ ազգային համերաշխություն եւ խաղաղություն հաստատելու, լավագույն կատարողներին համախմբելու եւ, իհարկե, իմ ազգային՝ իռլանդական երաժշտությունը տարածելու նպատակով»,- հայտնեց Դուգլասը:

Vencel_Fux

Վենցել Ֆուքսն էլ կարեւորեց իր մանկավարժական գործունեությունը Berliner Philharmoniker-ի ակադեմիայում, «Hanns Eisler» Hochschule fur Musik-ում, Ճապոնիայի Kurashiki Sakuyo University-ում, Շանհայի կոնսերվատորիայում: Ապա նշեց մանկավարժական գործունեությանը զուգահեռ իր ծանրաբեռնված համագործակցությունը տարբեր նվագախմբերի ընկերակցությամբ: Մեր այս զրուցակիցը կարեւորեց նաեւ իր ելույթները հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Վիեննայի Musikverein-ում, Բեռլինի Philharmoniker-ում, Նյու Յորքի Carnegie Hall-ում, Ամստերդամի Concertgebouw-ում եւ այլն: Ավստրիացի մեր զրուցակիցն էլ, ինչպես իռլանդացի Դուգլասը, կարեւորեց ազգային երաժշտության ու համերկրացի կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումը աշխարհում:

Մեր երկու զրուցակիցներն էլ թեեւ առաջին անգամ էին Հայաստանում, այդուհանդերձ, հավաստիացրին, որ ծանոթ են հայկական մշակույթին, կոմպոզիտորներին, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանին, Էդվարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Տիգրան Մանսուրյանին եւ, իհարկե, աշխարհում հայ կատարողական արվեստը ներկայացնող երաժիշտներին: Նրանք առանձնացրին նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ 9-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կամերային կազմերով իրենց ելույթը Մեծ Բրիտանիայում ապրող եւ ստեղծագործող հայ ճանաչված երաժիշտներ՝ ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի ընկերակցությամբ:

Մեր դիտարկման առիթով, թե ոմանք կտրականապես դեմ են համաշխարհային մեծության կոմպոզիտորների գործերի ժամանակակից մեկնաբանություններին, մեր զրուցակիցները հայտնեցին, որ «կիսում» են այդ տեսակետը, միաժամանակ ընդգծելով, որ յուրաքանչյուր կատարող յուրովի է մատուցում հանրահայտ գործը՝ հարազատ մնալով բնագրին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930