Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Խեչանյան. «Ազգային հավաքականներում ոչ մի ծանրորդի տեղը նախապես ապահովագրված չէ»

Սեպտեմբեր 25,2015 13:00

Թեեւ 2015 թվականի գլխավոր մրցաշարը նոյեմբերին Հյուսթոնում կայանալիք մեծահասակների աշխարհի վարկանիշային առաջնությունն է, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, ինչպես ասում են, աչքը նաեւ հերթափոխի վրա է պահում:
Հայաստանի երիտասարդ ծանրորդները բավականին ուժեղ կազմով հոկտեմբերի 1-ից 10-ը Լիտվայի Կլայպեդա քաղաքում մասնակցելու են մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Թե տղաների, թե աղջիկների հավաքականում ընդգրկված են արդեն բավականաչափ փորձառություն ունեցող եւ միջազգային պաշտոնական առաջնություններում իրենց լավագույն կողմերով դրսեւորած մարզիկներ:

Ի՞նչ առաջադրանքներով են նրանք մեկնում Կլայպեդա: «Առավոտը» զրուցել է ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ:

– Պարոն Խեչանյան, Լիտվայի մրցահարթակ մտնելու նախապատրաստվող մեր տղաների եւ աղջիկների մեջ կան այնպիսիք, որոնք բոլորովին վերջերս գերազանց հանդես եկան Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հիմա է՞լ նրանց առջեւ նույնպիսի խնդիրներ են դրված:

– Մենք ոչ մի ծանրորդի տուրիստի կարգավիճակով մրցավայր չենք գործուղում: Իհարկե, եթե մարզիկն ընդգրկվում է հավաքական, մասնակցում ուսումնամարզական հավաքներում ու մարզվում է, բնականաբար, ցանկացած մրցման գործուղելիս մենք նրանից կոնկրետ սպասելիքներ ենք ունենում: Իհարկե, ըստ նրա կարողությունների: Այնպես որ, մեր երկու տարիքային խմբերի տղաների եւ աղջիկների առջեւ կոնկրետ խնդիրներ են դրվելու, քանի որ նրանց նախապատրաստությանը ֆեդերացիան բավականին լուրջ ջանքեր ու միջոցներ է հատկացրել: Պատանիների՝ Եվրոպայի եւ երիտասարդների՝ աշխարհի առաջնություններում հաղթած եւ մրցանակային տեղեր զբաղեցրած ծանրորդները եթե հիմա էլ կրկնեն իրենց լավագույն արդյունքները, Լիտվայից մեդալներով տուն կվերադառնան, իսկ թե ի՞նչ որակի, մրցահարթակը եւ ծավալվելիք պայքարը ցույց կտա:

– Եվրոպայի առաջնություն մեկնող թիմերի կազմը նայելով, իսկապես, մեկնում են լավագույնները: Բայց այդ տարիքի ավելի ուժեղ ծանրորդներ էլ ունենք:

– Նրանք մեծահասակների կազմում կմեկնեն աշխարհի առաջնություն, որտեղ ոչ միայն մեդալներ են խաղարկվում, այլեւ օլիմպիական վարկանիշեր: Հայաստանն աշխարհում բարձր հեղինակություն վայելող ծանրամարտի երկրներից մեկն է: Բայց մենք չունենք միջազգային մակարդակի այնքան շատ ծանրորդներ, որոնցով համալրենք մեր բոլոր հավաքականները: Երիտասարդների մեջ ուժեղագույնները մեծահասակների աշխարհի առաջնությունում շատ լուրջ անելիքներ ունեն: Դրա համար է, որ մենք նրանց չենք ուղարկում Եվրոպայի երիտասարդների առաջնություն: Թեեւ եթե նրանք էլ մեկնեին Կլայպեդա, մեր մեդալների թե որակը, թե քանակը անհամեմատ շատ կլիներ:

– Կարելի՞ է ասել, որ առաջիկա տարիներին ծանրամարտում հերթափոխի հետ կապված խնդիրներ չենք ունենա:

– Ֆեդերացիան դրա համար անում է ամեն բան: Մնացածը երիտասարդներից է կախված, թե որքան լուրջ ու պատասխանատու կվերաբերվեն իրենց ընտրած մարզաձեւին: Ի դեպ, ֆեդերացիան այդ ուղղությամբ էլ նրանց հետ աշխատում է:

– Անցած տարվա աշխարհի առաջնության արդյունքներով Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում տղաների նախնական հինգ տեղ ունի, աղջիկների՝ երկու: Հյուսթոնում նպատակ կա պահպանել տղաների այդ հինգ տեղը, իսկ աղջիկները, պիտի ծանր պայքար մղեն եւս մեկ վարկանիշ ավելացնելու համար: Ձեր կարծիքով ներկայիս կազմերով Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական մեդալ հնարավո՞ր է նվաճել:

– Այդ հարցին ոչ մի երկրի մասնագետ հիմա պատասխանել չի կարող: Դեռ մոտ մեկ տարի կա ու անցնելու երկար ճանապարհ: Բայց մի պարզաբանում անպայման պիտի անեմ: Մեր հավաքականներում ոչ մի ծանրորդի տեղը նախապես ապահովագրված չի, անգամ, եթե նա նոյեմբերին աշխարհի չեմպիոն դառնա ու վարկանիշ էլ բերի: Մեզ համար մարզիկների մեջ հեղինակություններ չկան: Բոլոր ծանրորդները հավասար են: Հավաքականների դռները բաց են բոլորի առջեւ: Իսկ օլիմպիական խաղեր կմեկնեն միայն ու միայն նրանք, ովքեր այդ ժամանակ կգտնվեն լավագույն մարզավիճակում եւ ավելի պատրաստ կլինեն Հայաստանի մարզական դրոշի պատիվն արժանիորեն պաշտպանել Ռիո դե Ժանեյրոյում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930